Անսկզբունքայինները

14/12/2008

Երեկ «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակությանը» հրապարակել է իր կազմակերպած մոնիտորինգի արդյունքները, որոնք վերաբերում էին ԱԺ 4-րդ գումարման նստաշրջանին:

Փորձագետներն ուսումնասիրել են տարբեր ոլորտներին վերաբերող 10 օրենք, եւ եկել են այն եզրահանգման, որ ԱԺ ամենաանսկզբունքային խմբակցությունն «Օրինաց երկիրն» է, քանի որ նրանց քվեարկությունները մեծամասամբ չեն համընկնում ՕԵԿ նախընտրական ծրագրում ամրագրված դրույթների հետ: Օրինակ, ԱԺ-ում տեղեկատվական դաշտին վերաբերող օրենքների վերաբերյալ խմբակցությունների դիրքորոշման մոնիտորինգ իրականացնելիս Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը խիստ զարմացել է ՕԵԿ պահվածքի զգալի փոփոխությունից: «2007թ. հուլիսին, երբ քվեարկության էր դրվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ՕԵԿ-ը «Ժառանգության» հետ միասին չմասնակցեց քվեարկությանը եւ տապալեց այն: Դրանով «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը սահմանափակվում էր: Սակայն այս տարվա սեպտեմբերի 10-ին նույն օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որով 2 տարի դադարեցվում է հաճախականությունների մրցույթ անցկացնելը` ՕԵԿ-ը կողմ է քվեարկել»,- հայտարարեց Մ. Հարությունյանը:

Նա նաեւ իր զարմանքն արտահայտեց այն մասին, որ պատգամավորներն այնքան անուշադիր են օրենքներ կարդում կամ «չեն կարդում», որ օրինագծում եղած սխալները չեն տեսնում: «Երբ այդ օրինագիծը պաշտոնապես ընդունվեց, ես թերթում հանդես եկա հոդվածով, որտեղ ցույց տվեցի օրենսդիրներին, որ օրենքում կոպիտ սխալ կա»,- նշեց նա: Քննարկմանը ներկա ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ի պատասխան ասաց. «Այո, վրիպակ է եղել, չենք նկատել, ի՞նչ անենք, միգուցե մանրամասն չենք ուսումնասիրել»:

Ի դեպ, ՕԵԿ-ը նույն «անսկզբունքայնությամբ» է մոտեցել նաեւ «Պարզեցված հարկի մասին» օրինագծի քվեարկությանը: «Ես ուղղակի նշեմ, որ քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի հետագա վերլուծությունը ցույց տվեց, որ իրենք կամ մնում են հստակ իրենց տեսակետներին, կամ 180 աստիճանով փոխում են իրենց տեսակետները»,- նշեց տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Անդրադառնալով «Պարզեցված հարկի մասին» օրենքին՝ նա նշեց, թե ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նույնպես կողմ է քվեարկել դրան, սակայն իր նախընտրական ծրագրում գրել է. «Էապես պարզեցնել հարկային համակարգը, խմբավորել հարկատեսակները` կրճատելով հարկերի քանակը»: «Պարզեցված հարկի մասին» օրենքով կրճատվում էր պարզեցված հարկից օգտվողների քանակը, եւ այդ մարդիկ տեղափոխվում էին ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի դաշտ: «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» խմբակցությունները դեմ են քվեարկել այդ օրինագծին, իսկ մյուս խմբակցությունները՝ կողմ: Սակայն այժմ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրիվ հակառակ տեսակետն է ներկայացնում»,- ասաց Ա. Թեւանյանը` հավելելով, թե «Օրինաց երկիր» կուսակցությունն ԱԺ-ում շեղվել է իր ծրագրային դրույթներից: