Մեզանում քիչ չեն շինարարական այնպիսի կազմակերպություններ, որոնք
տղամարդկանց առաջարկում են ՌԴ-ում աշխատելու իդեալական պայմաններ ունեցող
հնարավորություն: Նմանատիպ մի կազմակերպություն էլ «Գլավմոսսպեցստրոյ»
ֆիրման է, որն ամեն օր եթերից գովազդներով թմբկահարում է Մոսկվայում
աշխատելու հրավերները:
«Տաշիր» առեւտրի կենտրոնի 6-րդ հարկում տեղակայված կազմակերպությանն օրերս
կենտրոնի տնօրինությունը դուրս է արել տարածքից՝ պատճառաբանությամբ, թե
«Գլավմոսսպեցստրոյ» կազմակերպությունն իր գործունեությամբ ստվեր էր գցում
«Տաշիր» առեւտրի կենտրոնի իմիջի վրա: «Տաշիրի» աշխատակիցը, որը չցանկացավ
ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ շատ քաղաքացիներ դժգոհում են, թե
կազմակերպությունն առաջարկած աշխատանքային պայմաններին չի բավարարում, եւ
նույնիսկ դեպքեր են եղել, երբ Հայաստանից ուղարկած բանվորը Մոսկվայում
ինչ-որ ժամանակ աշխատելուց հետո փող չի ունեցել վերադառնալու Հայաստան:
Այս դեպքում, բնականաբար, շրջանառվում ու վարկաբեկվում է «Տաշիրի»
հեղինակությունը, որը «Գլավմոսսպեցստրոյ» ֆիրմայի հետ որեւէ առնչություն
չունի, բացի նրանից, որ վարձակալության հիմունքներով գրասենյակ էր
տրամադրել: «Գլավմոսսպեցստրոյ» շինարարական կազմակերպության գլխավոր
գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Նախագահը գործարար Ռազմիկ Արամյանն է,
իսկ հայաստանյան ներկայացուցչության տնօրենը՝ Վարդան Աղաբաբյանը:
Կազմակերպությունը ներկայումս գործում է Ե. Քոչարի 22 հասցեում: Նշենք, որ
Մոսկվայում գտնվող «Գլավմոսսպեցստրոյ» շինարարական կազմակերպությունը
Մոսկվայում իրականացնում է ճանապարհաշինություն, շենքերի, շինությունների,
2-3 հարկանի քոթեջների շինարարություն: Աշխատողների 90%-ը ազգությամբ
հայեր են: Վ. Աղաբաբյանից փորձեցինք ճշտել, թե որքանով են հավաստի այն
լուրերը, որ հայ տղամարդիկ կազմակերպության միջոցով Մոսկվա մեկնելու
դեպքում խաբվում են, եւ թե ինչո՞ւ են հատկապես հայերի տանում նման
աշխատանքի: «Որովհետեւ հայը հենց ինքը շինարար է եւ ազգերի մեջ ամենալավ
աշխատողը հայն է: Հայաստանում ներկայացուցչություն բացելու նպատակը եղել է
հիմնականում այստեղի գործազուրկներին աշխատանքով ապահովելը: Ֆիրման
պատշարների, բանվորների, ծեփագործների, ներկարարների եւ այլ արհեստների
տիրապետող մարդկանց պահանջարկ ունի: Այսօր կան մարդիկ, ովքեր
մասնագիտությանը լիարժեք չտիրապետելով՝ համարում են իրենց վարպետներ»: Ըստ
«Գլավմոսսպեցստրոյ» ֆիրմայի՝ բանվորներին առաջարկած պայմանների մեջ մտնում
են 12-ժամյա աշխատանք, կիրակնօրյա հանգիստ, ամենօրյա բարձրակարգ սնունդ,
որպես կացարան տրամադրվում են հանրակացարային սենյակներ կամ հենց ֆիրմայի
կառուցած տնակները եւ այլն: Ինչ վերաբերում է ճանապարհածախսին, ապա
նախկինում ֆիրման էր հոգում այդ ծախսը, իսկ հիմա այդ գումարն իր գրպանից
պետք է ծախսի դիմորդը: «Եթե տվյալ շինարարին հարմար է լինում մեր
առաջարկած պայմաններն, ապա նա միայն գնում է ինքնաթիռի տոմսը եւ մենք նրան
տեղափոխում ենք Մոսկվա ու այնտեղ դիմավորում ենք»,- ասում է Վ. Աղաբաբյանը:
«Աշխատանքային ժամկետը 6 ամիս է, բայց մենք նաեւ ավտոկատ, արխիկատ
համակարգչային ծրագրերին տիրապետող մասնագետների կարիք ունենք, որոնք
ֆիրմայի հետ պայմանագիր են կնքում 3-5 տարի աշխատանքային ժամկետով»:
Մինչդեռ, մեր ունեցած տվյալներով, նախկինում ֆիրման էր հոգում շինարարների
ճանապարհածախսը. այս առիթով նա նշեց. «Նախկինում այդպես էր, բայց դա չի
արդարացնում, որովհետեւ մենք ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն
չունենք: Մարդը գալիս խոսում է, եւ մենք հավատում ենք, որ նա մասնագետ է,
բայց ավելի ուշ պարզվում է, որ արհեստին չի տիրապետում: Չկա այնպիսի
մեխանիզմ, որ գործնականում համոզվես նրա արհեստավարժ լինելու մեջ: Ամեն
ինչ արվում է հավատալ-չհավատալու սկզբունքով: Գոյություն ունի մեկամսյա
փորձաշրջան, որի ընթացքում որոշվում է նրա մասնագիտական ունակություններն
ու աշխատասիրությունը: Եթե անգամ նրա աշխատանքը չի հաջողվում, ապա
փորձաշրջանում աշխատելու համար վարձատրվում է, որպեսզի կարողանա
վերադառնալ Հայաստան: Ընդ որում, եթե նա համարվում է բարձրակարգ մասնագետ
եւ աչքի է ընկնում աշխատասիրությամբ, ապա անպայման գումարով խրախուսվում
է»: Վ. Աղաբաբյանի խոսքերով՝ եթե ճանապարհածախսը ֆիրման է հոգում, մարդիկ
չարաշահում են. ըստ նրա, եղել են դեպքեր, երբ ֆիրմայի միջոցներով Մոսկվա
մեկնած շինարարն այնտեղ հասնելուն պես այլեւս չի աշխատել: Այսինքն՝ նրան
անհրաժեշտ է եղել միայն հասնել Մոսկվա: Հարցիս, թե օրինակ հայ պատշարը
Մոսկվայում աշխատելու պայմաններում որքա՞ն գումար կարող է վաստակել,
վերջինս պատասխանեց. «Դա կախված է իր աշխատանքից: Կոնկրետ արձանագրվում է
աշխատանքային պայմանագիր, ըստ որի՝ նշվում է, ասենք՝ 17 դոլար 1 խմ-ի
համար կամ միջնորմների դեպքում՝ 7 դոլար՝ 1 քմ-ի համար: Հայաստանյան գների
համեմատ այնքան էլ բարձր գին չէ, բայց մեր քաղաքացիները հակված են
Մոսկվայում աշխատել, որովհետեւ սեզոնային 6-ամսյա ստաբիլ աշխատանք է
առաջարկվում: Այսինքն՝ մտահոգություն չկա, թե այսքան մետր արեցիր ու
աշխատանքդ վերջացավ, այլեւս գործազուրկ ես»: Ինչ վերաբերում է շրջանառվող
այն լուրերին, թե կազմակերպությունը խաբում է աշխատողներին, ֆիրմայի
տնօրենին այնքան էլ չզարմացրեց, որովհետեւ անձամբ ինքը նույն
խոսակցությունները լսել է: Այս առիթով նա նշեց. «Ես շատ վատ եմ
վերաբերվում նման խոսակցություններին, որովհետեւ դրանք ճշմարտությանը չեն
համապատասխանում: Ցանկացած անձ, սկսած բանվորից մինչեւ արհեստավոր, որեւէ
մեկը չի ասի, թե ինքն այնտեղ վատ է աշխատել եւ կամ ֆիրմային խաբել է,
վստահեցնելով, որ տվյալ արհեստին տիրապետում է: Դրանք բամբասանքներ են:
Երբ մեր ներկայացուցչությունը սկսեց իր գործունեությունը, ֆայլա բազարի
մեծ մասը եկավ մեզ մոտ, որ մեկնեն Մոսկվա աշխատելու, բայց ավելի ուշ
պարզվեց, որ ոչ մի արհեստի չեն տիրապետում, մարդիկ են, որոնք պարապ են,
գործազուրկ են: Ասում են, որ ստրուկի պես աշխատացնում ենք, բայց
Հայաստանում նույնպես 12 ժամ աշխատում են ու կարծում են՝ Մոսկվայում
աշխատանքը 5-6-ժամյա է: Ոչ պետական հիմարկություններում միշտ էլ
12-13-ժամյա աշխատանքային ռեժիմ է կիրառվում: Կամ, ասենք, լուրեր են
տարածել, թե մենք աշխատողներից անձնագրերը վերցրել ենք, մինչդեռ դա
բացառվում է, նման բան գոյություն չունի: Հայկական բնավորություն է. գնում
են, աշխատում են, գալիս են՝ ֆիրմային վարկաբեկում են, բայց նորից դիմում
են, որ մեկնեն աշխատելու: Շինարարական սեզոնը բացվելուն պես շուրջ
500.000-ից ավելի հայ մարդ է մեկնում աշխատելու»:
Ինչեւէ, այս ամենի հետ մեկտեղ՝ Վ. Աղաբաբյանը հաստատեց այն փաստը, որ
«Տաշիրում» գործող «Գլավմոսսպեցստրոյ» ֆիրմայի գրասենյակի
գործունեությունը կասեցվել է այն պատճառով, որ հասարակության մեջ համառ
լուրեր են շրջանառվում, թե հայ շինարարներին խաբողն իրականում «Տաշիր»
առեւտրի կենտրոնի սեփականատերերն են: Իսկ սեփականատերն ԱԺ «Ժողպատգամավոր»
խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի որդին է: