Դեռեւս փորձում են բացահայտել

14/12/2008

Հանրապետությունում այս տարվա 11 ամիսներին գրանցվել է 8192 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7624-ի դիմաց. աճը կազմել է 7.4 տոկոս:

Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը: Նրա հավաստմամբ` նույն ժամանակահատվածում 15.3 տոկոսով աճել են ծանր հանցագործությունները, այդ թվում` առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է՝ 11, իսկ քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործություններինը` 324-ով: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվում աճ է արձանագրվել սպանության, սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս պատճառելու, բռնաբարության եւ բռնաբարության փորձերի դեպքերով: Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 381 դեպքով կամ 11.8 տոկոսով, այդ թվում` բնակարանային գողություններն ավելացել են 93-ով, ավազակային հարձակման դեպքերը՝ 51-ով, կողոպուտները` 86-ով: Ըստ Հ. Թամամյանի, սակայն, 37 դեպքով նվազել է խարդախության, շուրջ 70-ով` տրանսպորտային միջոցների առեւանգման, 15-ով` հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը: Նրա խոսքով` վերջին հինգ ամիսներին զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ Ոստիկանությունը հետեւողական աշխատանք է տանում, ինչի արդյունքում առգրավվել է կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 665 միավոր հրազեն: Հ. Թամամյանի պարզաբանմամբ` հանցագործությունների թվի աճը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում Ոստիկանության ղեկավարության կողմից տարածքային ստորաբաժանումներին տրված են հստակ հրահանգներ, հաշվառումների նկատմամբ իրականացվող վերահսկողական աշխատանքներն ակտիվացվել են: «Բոլորիս համար շատ կարեւոր է, որ Հայաստանում արձանագրված բոլոր հանցագործությունները սահմանված կարգով գրանցվեն, եւ դրանց ընթացք տրվի»,- նշել է նա:

Գրանցված մեծ թվով հանցագործություններին զուգահեռ՝ այս տարի նկատվել է բացահայտման ցուցանիշների նվազում: Մասնավորապես` վարույթում գտնվող քրեական գործերով ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ 1.8, քրեական հետախուզության գծով` 3.8, ծանր հանցագործությունների գծով` 2, առանձնապես ծանր հանցագործությունների գծով`16.2 տոկոսով: Սակայն որոշ հանցատեսակներով ավելի շատ բացահայտումներ են եղել, քան 2007թ. նույն ժամանակահատվածում: Ըստ նրա` այս տարի բացահայտվել է ավազակային հարձակման դեպքերով հարուցված 56 քրեական գործ` նախորդ տարվա 47-ի դիմաց, կողոպուտի դեպքերով 88 քրեական գործ` նախորդ տարվա 73-ի դիմաց, բնակարանային գողության 357 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 34-ի դիմաց:

Հարցին, թե` բացահայտված հանցագործությունների մեջ կա՞ն գործեր, որոնք կատարված են եղել պետական պաշտոնյաների, իրավապահ մարմինների կամ նրանց մերձավորների կողմից, Հ. Թամամյանը պատասխանել է. «Կան գործեր, որոնք դեռ ընթացքի մեջ են, որոնց բացահայտման դեպքում էլ պարզ կդառնա` ովքեր են եղել կատարողները»:

Ի դեպ, Հովհաննես Թամամյանը երեկ հայտարարել է, թե իրենց վարչությունն այս տարվա ընթացքում ձերբակալել է 5 «օրենքով գող»: Նա վստահեցրել է, որ այդ «աշխատանքները» չեն դադարելու, եւ լուրջ պայքար է տարվելու, որպեսզի հասարակության մեջ «օրենքով գողեր» չլինեն եւ «կլաններ չստեղծվեն»: Հիշեցնենք, որ մինչ օրս գրեթե բոլոր պատկան մարմինները հայտարարում էին, թե Հայաստանում «օրենքով գող» չկա: