Ավտոկայանը Գյումրիի ամենամեծ տնակային թաղամասն է` քաղաքի աղմուկ-աղաղակից կտրված խուլ մի անկյուն: Այստեղ գրեթե ամեն տարի դժբախտ պատահարներ են տեղի ունենում` մեկ թաղամասով հոսող «Կեղտոտ չայում» երեխա է խեղդվում, մեկ էլ տնակներն են գետում հայտնվում: Նման մի ընտանիքի հազիվ կարողացան փրկել անցած տարի. գետակը տարիների ընթացքում թուլացրել էր տնակի հիմքը, ու ընտանիքի երեք անդամները գիշերով` քնած վիճակում, գետն էին ընկել` ստանալով մարմնական ծանր վնասվածքներ:
Թաղամասը սանիտարահիգիենիկ պայմաններից այնքան զուրկ է, որ մարդիկ մկների ու առնետների հետ անընդհատ կռիվ են մղում: Նրանց ասելով` քաղաքի պաշտոնյաները իրենց անասունները բերում ու հենց գետի ափին են արածեցնում, անցնող-դարձողն էլ աղբը վտակն է թափում` փոխելով վերջինիս հունը: Անցյալ տարի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ցնցված արձանագրեց. «Տխուր է ու մտահոգիչ, որ տասնինը տարի անց ՀՀ կառավարությունը չի լուծել մարդկանց նորմալ ապրելու տարրական պայմանները: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի կտուր ունենալ իր գլխի վերեւում ու պաշտպանված լինել անձրեւներից ու առնետներից»: Ու թեեւ մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարը խոստացավ խիստ զեկույց գրել ու հարկադրել ՀՀ կառավարությանը անօթեւանների խնդրի լուծման ուղիներ փնտրել, թաղամասի բնակիչները այլեւս ոչ մեկին չեն հավատում:
Արաքսյա Հարությունյանի վեց հոգուց բաղկացած ընտանիքը արդեն քսան տարի բնակվում է ավտոկայանում` մի խարխուլ, փտած տնակում, որտեղ նույնիսկ հնարավոր չէ ազատ տեղաշարժվել: Մեր` Ավտոկայան կատարած այցի ժամանակ տանտիրուհին կատակով նկատեց. «Լրագրողները որ մեզ չհիշեն, ուրիշ ոչ մեկը չի հիշի»: Հարությունյանների ընտանիքը այն եզակիներից է, որը թեեւ երկրաշարժում չորս զոհ է ունեցել, սակայն այդպես էլ բնակարան չի ստացել ու ոչ մի արտոնությունից չի օգտվել: «Հետքի» հետ զրույցում տիկին Արաքսյան իր կյանքի պատմությունն այսպես ներկայացրեց. «Երկրաշարժից հետո ամուսինս կորցրել էր իր ընտանիքը` կնոջը եւ երկու երեխաներին ու եղբորը: Ես էլ կորցրել էի իմ մորը: Մեր նորաստեղծ ընտանիքը, փաստորեն, տնակում ձեւավորվեց, երեք տղաներս հենց այստեղ ծնվեցին ու մեծացան: Սկզբում անօթեւանների հերթացուցակում 29-րդ կետում էինք, այնուհետ` զոռով-շառով հասանք 15-ին: Պատկերացրեք քանի անգամ ենք դիմել քաղաքապետարան` ասելով, որ էս ընտանիքը չորս զոհ ունի, բայց պատասխանել են` սպասեք, էլի, օրերից մի օր դուք էլ տուն կստանաք: Դա մի երազանք է մեր համար, մեծ որդիս օրումեջ գծագրեր է գծում` ասելով` մեր տան պրոյեկտն է: Սա ապրելու տեղ չէ, ամենամեծ ու ամենավատ տնակային թաղամասն է, կեղտոտ գետից եկող կոյուղաջրերի հոտից մարդ է մեռնում, ամառը ահավոր հոտ ունի, ձռանն էլ ահավոր խոնավություն ու սառնություն է տարածում: Վեց հոգանոց ընտանիքով էս նեղլիկ տնակում ապրել հնարավո՞ր է, բայց ինչքա՞ն, հոգնել ենք: Պատկերացրեք, կռիսները մեր ընկերներն են, հիմա գնանք բաղնիք` տեսեք, ինչ անցքեր են բացել (տես լուսանկարը), տղաս կենսաբանության հետ շատ սեր ունի, ինչ տեսակի ճիճու ասես չի հավաքում մեր դոմիկից ու շշի մեջ փորձարկումներ անում, մեր համար արդեն սովորական է կենդանական աշխարհը: էլ չեմ խոսում անձրեւաջրերի մասին: Իբրեւ թե անցած տարի դոմիկը վերանորոգեցինք, ասինք` մի քիչ ույուտնի ապրենք, մի օրում ռեմոնտը փչացավ: Էս թաղամասից ահագին դոմիկներ հանել են, մնացել են մեզի պես մարդիկ` արտոնություն քիչ ունեցող, թեեւ որ վերցնեք` ամենամեծ արտոնությունը մենք ունենք, կամ աղքատ` թշվառության մեջ մեռնող: Էս թաղում երեխեքը ոչ խաղալու տեղ ունեն, ոչ էլ մաքուր օդ շնչելու հնարավորություն: Գարնանը ապրելը շատ վտանգավոր է, «Կեղտոտ չայը» հունից դուրս է գալիս ու լցվում է տներս, քաղաքի սաղ կոյուղագծերը ստեղ են թափվում: Դրա համար էլ մեր երեխեքը հիվանդ են, փոքր տղաս ահավոր ցավի տեր է` տառապում է ռեւմատիզմով, ու պատկերացրեք` տղաներիս մի քանի տարի հետո բանակ պիտի ճամփեմ էդ թույլ ոտքերով, բայց ո՞ր մի լավ ապրելակերպի համար: Թող բարի լինեին պայման ստեղծեին, մենք էլ բանակին առողջ զինվոր ապահովեինք: Էս տնակում խոնավությունից մահացավ նաեւ սկեսուրս: Հիվանդացավ նաեւ սկեսրայրս, ով քաղաքի ամենահայտնի արհեստավորներից է` ոսկե ձեռքեր ունի, բայց այլեւս չի կարող տեղից շարժվել, թոքերը շատ վատ վիճակում են: Բայց ասեմ, որ եթե մտադրված են անօթեւանների համար Մուշ թաղամասում տուն կառուցել, ես երբեք չեմ գնա այնտեղ ապրելու: Ես միշտ քաղաքի կենտրոնում եմ ապրել, հիմա անունն ի՞նչ դնեմ, որ գնամ չոլերը բնակվեմ: Եթե ստեղ շներն են մարդկանց վրա տալիս, Մուշում գայլերը վրա կտան: Եթե լավ տեղ լիներ, Մուշում տուն ստացած մարդիկ իրենց բնակարանները կքաշվեին եւ ոչ թե տնակներում կփտեին: Էսքան ժամանակ միակ պաշտոնյան, որը մեկ-մեկ մեզ հիշում է, Գյումրու քաղաքապետն է, ընդ որում` գիտեք, որ էստեղ մեր հարեւաններից երեք հոգի ջուրն էին ընկել, քաղաքապետը ստիպված էր գալ: Ես երկրի նախագահին ու վարչապետին սրտանց իմ տնակ եմ հրավիրում: Թող առնեն իրենց կանանց ու երեխաներին էս ձմեռվա ցուրտ օրերին եւ մի շաբաթ, ոչ ավել, իմ դոմիկ հյուրընկալվեն: Թող իրանց շքեղ կյանքը թողնեն, էդ դղյակները, կնոպկեքով արիստոնները ու գան տեսնեն, թե ժողովրդին ինչ վիճակում են պահում: Թող մի օր սալյարկա վառեն, սառը ջրի մեջ շոր թրջեն, որ հասկանան «անօթեւան» բառի իմաստը: էդպես էլ նրանց փոխանցեք: Մենք ամբողջ կյանքում բնակարան երազելով ապրեցինք, բայց մենք չտեսանք, գոնե մեր երեխաները մի տանիք գլխներին ունենան: Ավել բան Աստծուց չեմ խնդրում»:
Արաքսյա Հարությունյանի ընտանիքից ոչ պակաս վատ պայմաններում ապրում են նաեւ քաղաքի կենտրոնում` Կոշտոյան, Մանուշյան, Տեքստիլագործների փողոցում տեղակայված տնակների բնակիչները: Ի տարբերություն ավտոկայանի, քաղաքապետարանն այստեղի անօթեւաններին հարկադրում է անհապաղ գլխների ճարը տեսնել ու տարածքն ազատել: Իսկ պատճառը, ըստ բնակիչների, մեծահարուստներից շատերի` կենտրոնում ռեստորան ու հյուրանոց կառուցելու ցանկությունն է: Որպես լուծում` քաղաքային ու մարզային իշխանությունները բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր են հրամցնում, սակայն ոչ միշտ է նրանց հաջողվում պետության առաջարկած սահմանափակ գումարով բնակարան ձեռք բերել:
Սոնյա Թադեւոսյանի հինգ հոգուց բաղկացած ընտանիքը արդեն երեք անգամ վերադարձրել է բնակարանների գնման վկայագիրը, քանի որ պետության տրամադրած գումարը չի համապատասխանել բնակարանների շուկայական արժեքին, իսկ ընտանիքը այդքան ֆինանսական հնարավորություն չի ունեցել ավելացնելու պետական գումարը ու գոնե երկու սենյականոց ձեռք բերելու: Սոնյա Թադեւոսյանը խոնավ տնակում ապրելու պատճառով արդեն անկողնային հիվանդ է դարձել, նրա ասելով` աղիքները քայքայվել են: «Ես միշտ քաղաքի կենտրոնում եմ ապրել, լուսավոր, սիրուն մի բնակարանում, մեր տունը այստեղից մի քիչ վերեւ էր: Երբ երկրաշարժը եղավ, ես Էլեկտրատեխնիկական գործարանում էի, ամբողջ գործարանը փլվեց, շատերը աչքերիս առաջ մեռան, ու ես չէի պատկերացնում, թե ինչպես է էս դժբախտ քաղաքում կյանքը շարունակվելու: Էնքան էի սիրում քաղաքս, որ մի օրով, մի ժամով անգամ չեմ լքել: Սկզբում պալատկա խփեցինք ու խարույկ վառելով էինք տաքանում, հետո էլ տնակ տեղադրեցինք: Ու մինչեւ օրս չենք կարող ազատվել էս տնակից: Ամուսինս մահացավ` տուն երազելով, իսկ թոռներս ծնվեցին` չիմանալով, թե ինչ է տունը: Ցավն էն է, որ մեր բազմացող ընտանիքին որեւէ բարելավում չկա, կառավարության 431 որոշմամբ` մեզ բնակարան է հասնում կորցրած սենյակների քանակով, այսինքն` եթե քո ընտանիքը երկրաշարժից հետո անգամ տասը հոգի է դարձել, միեւնույն է, քեզ երկու սենյականոց է հասնում, որովհետեւ դու երկու սենյականոց ես կորցրել: Չգիտենք` ինչպես է մեր հարցը լուծվելու: Երեք անգամ սերտիֆիկատ վերցրեցինք, բայց հինգ-տասը հազար դոլար պակասում էր, որ լրացնեինք ու մի նորմալ տուն գնեինք, սերտիֆիկատի ժամկետն էլ վեց ամիս էր, էս ընթացքում քաղաքում էլ դուռ չմնաց, որ չծեծեինք, բայց բնակարան գտնելու հնար չեղավ, սերտիֆիկատի ժամկետն անցավ, ու մենք այսպես անտուն մնացինք»: Ի դեպ, Սոնյա Թադեւոսյանը եւս ասաց, որ իրենց ընտանիքին Գյումրիի հեռավոր Մուշ թաղամասից տուն հատկացնելու դեպքում կհրաժարվեն բնակարանից: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը Գյումրիի Մուշ եւ Անի թաղամասերում բնակարաններ կառուցելու համար արդեն իսկ պայմանագիր է կնքել «Գլենդել Հիլզ» կազմակերպության հետ, որը պարտավորվում է մինչեւ 2010 թվականը գյումրեցի 2300 անօթեւանների բնակարանային խնդիրները լուծել: Գյումրիի Անի թաղամասում կառուցվելու է առնվազն 400 բնակարան, Մուշ 2 թաղամասում` 1900: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ հունիսի 12-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի, մինչեւ 2013թ.-ը կառավարությունը պարտավորվում է լուծել 6985 ընտանիքների բնակարանային խնդիրները, որից 4420-ը` Շիրակի մարզում, 2403-ը` Լոռու մարզում, 149-ը` Արագածոտնում եւ 13-ը` Տավուշում: Սակայն, զարմանալիորեն, կառավարության այս ծրագիրը ոչ թե ուրախացրել, այլ տխրեցրել է գյումրեցի անօթեւաններին, քանի որ բնակարանաշինության համար թաղամասեր ընտրելիս բացարձակապես հաշվի չեն առել նրանց կարծիքը:
Մենք Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են մարզպետարանի մասնագետները բնակարանաշինության համար հենց քաղաքի ծայրամասերն առաջարկել: Ի միջի այլոց, սա Գյումրիի քաղաքապետի սրտով չէ, վարչապետ Տիգրան Սարգսյանի` օգոստոս ամսին Գյումրի կատարած այցի ժամանակ Վարդան Ղուկասյանը նրան առաջարկում էր բնակարաններ կառուցել կենտրոնում, սակայն վարչապետը մերժեց` ասելով, թե կենտրոնը էլիտար շենքերի համար է: Վարչապետի այցը մի նոր վեճ առաջացրեց քաղաքում, բազմաթիվ անօթեւաններ, հ/կ-ների ներկայացուցիչներ, շինարար-մասնագետներ սկսեցին մեղադրել մարզպետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցներին առ այն, որ նրանք կառավարությանը սխալ տեղ են մատնացույց արել` սոսկ քաղաքապետին հակադրվելու համար: Սակայն մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը արդարացավ` ասելով, որ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի մասնագետների հետ իրենք ոչ մի տարաձայնություն չեն ունեցել, պարզապես նրանք քաղաքի տարբեր հատվածներում բնակարաններ կառուցելու առաջարկ են ներկայացրել, կառավարությունն էլ առանձնացրել է Անին ու Մուշը, քանի որ դրանք կառուցապատման առումով ավելի ձեռնտու էին: «Քաղաքաշինության նախարարը անձամբ է եկել եւ ուսումնասիրել բոլոր տարածքները, բայց ավելի հեշտ շինարարություն անելու նկատառումով այդ երկու թաղամասերն էին ձեռնտու, ընտրությունն առայժմ կատարվել է այդ երկու թաղամասերի համար, իհարկե, 2300 բնակարանով չի ավարտվում բնակարանաշինական ծրագիրը, հաջորդ փուլը, իմ կարծիքով, կծավալվի քաղաքի ներսում: 2300 ընտանիք բնակարան կստանա, էդքան տնակ դուրս կգա քաղաքից, քաղաքը կմաքրվի, ու ավելի հեշտ կլինի քաղաքի ներսում շինարարություն անել»,- ասաց Ա. Մարգարյանը: Պաշտոնյան նաեւ տեղեկացրեց, որ Գյումրիում 6800 տնակ է մնացել, ընդ որում` միայն 2500-ն են անօթեւան, մյուսները «անօթեւան ընտանիքներ են ոչ երկրաշարժից», այսինքն` այս պահին պետությունը չի պարտավորվում նրանց ապահովել բնակարաններով: Ալբերտ Մարգարյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս Գյումրիի 4008 անօթեւանների թիվը կարող է ավելանալ, քանի որ կառավարության նոր որոշմամբ քաղաքապետարանում նորից վերահաշվառում է կատարվում: Այս անգամ անօթեւանների ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ անհարկի պատճառներով նախորդ տարիներին հերթացուցակից դուրս մնացածները: Նկատենք, որ Գյումրիի անօթեւանների իրական թիվը հասնում է 8000-ի. անհայտ պատճառներով կառավարությունն ամեն տարի անտեսում է 88 վթարային շենքերի բնակիչներին, որոնք թեեւ մահվան հետ կռիվ են մղում (շենքերը թեթեւ քամուց անգամ փլուզվում են), սակայն նրանց անօթեւանների ցանկում համառորեն չեն ընդգրկում:
Արարատ ԴԱՎԹՅԱՆ
www.hetq.am