Գյումրիի վթարայինները հերթով փլուզվում են

14/12/2008

Շիրակի մարզպետարանի հարեւանությամբ գտնվող Իսահակյան 9 շենքը արդեն երրորդ տարին է` կարուսելի պես օրորվում է: Այդ պատճառով էլ մեկ առաջին հարկի բնակիչն է նստած տեղը նկուղում հայտնվում, մեկ էլ պատերն են բացվում ու երրորդ հարկիններն են ներքեւ գլորվում: Ինչպես կատակում են բնակիչները, եթե շտապօգնությունն ու Փրկարար ծառայությունը գործ չունենան, իրենք կան ու կան:

80 տարվա շենքը վթարային է դարձել երկրաշարժի պատճառով եւ, ի տարբերություն մյուսների, թեկուզեւ ձեւականորեն չի ընդգրկվել որեւէ փաստաթղթում: Բնակիչների բողոքները սկսվել են ուղիղ երեք տարի առաջ, երբ շենքում տեղի է ունեցել առաջին խոշոր փլուզումը: Ժամանելով դեպքի վայր` մարզպետարանի ներկայացուցիչները խորհուրդ են տվել մի քիչ էլ յոլա գնալ: «Պիտի անպայման մեկը մեռնի, որ հավատա՞ն»,- սրտնեղել են բնակիչները` հավաքվելով ու խմբով կառավարություն ներկայանալով: Իսկ անցած տարի դեկտեմբերի 7-ին բնակիչները փակել են վարչապետ Սերժ Սարգսյանի մուտքը մարզպետարան` պահանջելով անհապաղ վերջ դնել իրենց խայտառակ ապրելակերպին: Սակայն սա էլ նրանց չի օգնել: Նրանք այնքան հիասթափված են, որ մեր` վերոհիշյալ շենք կատարած այցի ժամանակ զայրացած հարցնում էին, թե` «Ձեզ ո՞վ ուղարկեց, Դուք ի՞նչ օգուտ պետք է տաք»:

Նրանցից մեկը` Լեյլի Միլիտոնյանը, իրենց դաժան առօրյան ներկայացրեց այսպես. «Չկա մի ամիս, որ չգան եւ չխաբեն ու չգնան, ո՞ւր պիտի հասնի, մենք էլ չգիտենք: Պադվալը` սաղ ջուր, խողովակները` խցանված, պատերը` ծակ, խոնավ, տախտակները` քանդված, կռիսները բավականին շատ են, հատկապես ամառը լիքը ճիճուներ են հավաքվում, անձրեւաջրերի ժամանակ էլ սեփական տներիս մեջ զոնտիկներով ենք ման գալիս: Ի միջի այլոց, նկատել ենք, որ հենց արտասահմանից հյուրեր են գալիս, մեկ էլ տեսար` մեր շենք են ուղեկցում, իհարկե, ուզում են ցույց տալ, որ սա թանգարանային բացառիկ նմուշ է: Վերջերս Ամերիկայից մեկը եկավ, ապշահար հետ դարձավ` մի քանի ֆոտոնկարներ անելով: Հենց գալիս են, մենք էլ տիկին Ռեբեկայի մոտ ենք տանում. հատակը կորացել` աղեղնաձեւ էր դարձել, ինքն էլ ընկել էր նկուղը` կորցնելով գիտակցությունը: Կանալիզացիայի ջրերը լցվել էին վրան ու մի կերպ էր գիտակցության եկել: Չեմ հասկանում` մեր կառավարությունը ի՞նչ է մտածում: Ամոթից գետինն ենք մտնում հյուրեր ընդունելիս: Մեր շենքը տեսնելով` աղջիկները նույնիսկ հարս չեն գալիս, վախից, չես էլ մեղադրում: Սանհանգույց նույնիսկ չունենք, հյուրեր եմ ունեցել, բայց ամոթ էլ է ասելը, չեմ կարողացել նրանց բնական կարիքները բավարարել: Կսպասեն, որ մահ լինի, նոր տեղերից շարժվե՞ն: Աշխատանք չկա հերիք չէ, հիմի էլ տեսեք` ինչ պայմաններում ենք ապրում: Վերջերս հարեւաններից մեկը եղավ մարզպետի մոտ ու որպես կին փորձեց բացատրել իր վիճակը, մարզպետին թվացել էր, թե հնդկական կինո է պատմում, բայց մի անգամ չի գալիս տեսնի, թե ինչ է կատարվում: Հիմա էլ մեզ մեկ խաբում են, թե վերանորոգելու են, մեկ էլ ասում են, թե քանդելու ենք: Մեր քաղաքը անտերության է մատնված, բացարձակապես ուշադրություն չեն դարձնում, շենքը չորրորդ կարգի վթարային է դարձել, ճռռում է: Մի անգամ լսելով, որ ուսիլիտ են անելու, շատ ուրախացանք, մտածեցինք` մարզպետարանի հարեւանությամբ է, հազար տեսակի հյուրեր են գնում ու գալիս, ու որպեսզի ամեն մի հյուրի հետեւից մարզպետարան չվազենք, չբողոքենք, երեւի թե որոշել են էս վիճակին վերջ տալ: Բայց հիմա էլ շշուկներ են հասնում, որ մեզ ուզում են հանել, որպեսզի վաճառեն ինչ-որ մեծահարուստի, դե կենտրոն տեղ է` աչքերը վրան: Եթե վթարային է, էդ ինչպե՞ս եք վաճառում, կամ մեզ ո՞ւր եք տանում, վերջը շենքում յոթ մուտք կա, էդքան ընտանիքի ի՞նչ պետք է անեք: Եթե մտքներով անցնում է մեզ Մուշ կամ Անի (ծայրամասային թաղամասեր Գյումրիում.-Ա.Դ.) տանել, մենք չենք գնա, մարդիկ կան` ութսուն տարի ստեղ են ապրել, թող բարի լինեն վերանորոգեն, ապրելու տարրական պայմաններ ստեղծեն, թե չէ` խաբելով բան դուրս չի գա»:

Այս շենքից շատ ավելի վատ վիճակում է քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Օզանյան Դոս 1 շենքը: Գյումրիում ինքնափլուզման ամենաթարմ դեպքը գրանցվել է հենց այստեղ. հուլիսին Սարգսյաններին պատկանող չորրորդ հարկի բնակարանի հյուրասենյակը ներքեւ էր իջել: Սակայն, ի տարբերություն մարզպետարանի, «հարեւանները»` քաղաքապետարանի պաշտոնյաները, դեպքի վայր չեն ժամանել, ընդհանրապես չեն հետաքրքրվել` հայտարարելով, որ սովորական բան է: Փրկարար ծառայության աշխատակիցներն էլ մեկ ժամ ուշացումով տեղ հասնելուց հետո հոխորտացել են, թե` ի՞նչ է եղել, որ կիրակի օրով անհանգստացնում եք: Մեզ հետ զրույցում ընտանիքի հայրը` Իշխան Սարգսյանը, բողոքեց. «Մի հատ չեկան տեսնեն` ո՞վ է մեռել, ինչի՞ է մեռել, ի՞նչն է պատճառը, միայն մի ամիս հետո սրբազանը` Աջապահյանը, եկավ մեր տուն: Եկել էր Դեկա, հետո հանդիպել էր մեզ: Մի բան էլ ես հսկա գումար ծախսեցի սրան-նրան տեղեկացնելու ու Երեւան նամակներ ճանապարհելու համար: Հեչ որ չէ` մարդու վիշտը կիսելու համար պետք է կողքը լինես, ոչ թե ասեն` հա, իմացել ենք: Մի հատ եկեք, հանդիպեք, ձեր աչքով տեսեք, սաղ կյանքներդ ստել եք, արեք մի հատ էլ ստեք, էլի, դժվա՞ր է: Մինչեւ դժբախտությունը չգա, ոչ մեկի պետքը չէ, վերջապես մարդ ենք: Երկրաշարժից հետո մեր շենքը պաժառ ընկավ ու վթարային դարձավ, պատկերացրեք, որ 470 տոննա ջուր է լցվել էս շենքի վրա: Ասելն է հեշտ: Երբ պաժառն ընկավ, պաժառնու մի քանի մեքենա եկավ` բացարձակապես անպատրաստ, մեկը եկավ` բենզին չունի, մյուսը` ջուր չունի, երրորդի շլանգներն են թողել, դրին շենքը վառին-պրծան, մեզ էլ անօթեւանին հավասար մարդ դարձրին: Ես մանկության տարիներից մինչեւ թոշակի անցնելս զինվորական եմ եղել, ո՞ւմ եմ պաշտպանել, ի՞նչ եմ պաշտպանել, ինձի պես քանի՞ հիմար են եղել: Երեկ ամբողջ օրը հեռուստացույց էի նայում, տեսա, որ մեր երկրի ղեկավարները իրենցից դուրս խոսում են, հնարավո՞ր է էդքան անօթեւանի տնով ապահովել: Իզուր խոսքեր են: Մեր ներքեւի հարեւանը եկել ինձ հարցնում էր, թե` պոլերը ինչի՞ ես քանդել, որովհետեւ իր տունը եւս սկսել է կաթկթել: Բերեցի ցույց տվեցի, որ անձրեւաջրերից հատակն արդեն նեխել է, ու ջրերը հասնում են մինչեւ առաջին հարկ»:

Տեղեկացնենք, որ այս շենքի փլուզումը համընկավ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի` Գյումրի կատարած այցին, ու չնայած բնակիչների «հրավերքին», թե` «մի հատ եկեք-շենքը տեսեք», նախարարը խոստացավ ու չգնաց: Նույն օրը նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Ուրեմն հիմա արդեն «Հայսեյսմիկշին» գիտահետազոտական ինստիտուտի կողմից արդեն ուսումնասիրություններ են կատարվում Գյումրիում, բազմաբնակարանային շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, եւ դրա արդյունքում արդեն կունենաք կոնկրետ տվյալներ, այդ տվյալների հիման վրա կկազմվի նոր ծրագիր, որպեսզի դա իսկապես Գյումրիում չլինի լուրջ խնդիր: Սա առանձին ծրագիր է, պետք է ուսումնասիրվի եւ նոր կոնկրետ հայտարարություններ արվեն այդ ուղղությամբ: Բայց որ խնդիրը հանրապետության կառավարության եւ նախագահի ուշադրության կենտրոնում է, փաստ է»:

Գրեթե նույն վերացական պատասխանը օրերս մեզ տվեց քաղաքաշինության փոխնախարար Կարլեն Գեւորգյանը, ով միայն հավելեց, որ Գյումրիի` երկրաշարժից տուժած վթարայիններին առանձնահատուկ մոտեցում չեն նախատեսում: «Վթարային չասենք, կան երրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքեր, այդ շենքերը դասակարգվում են նորից երեք խմբի` ավելի վատ վիճակի, միջինից լավ եւ այլն: Այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր բնագավառներում, մենք էդ խնդիրներին միատեսակ մոտեցում ենք ցուցաբերելու, սկսվել են արդեն վերլուծական աշխատանքները, դրա հետ մեկտեղ մինչեւ տարվա վերջ ներկայացնելու ենք քանդման ենթակա շենքերի այդ միջոցառումների ծրագիրը, եւ դրանով կպայմանավորվի ֆինանսավորումը այդ ուղղությամբ: Ինչո՞ւ եմ ասում, Գյումրիում այսօր կան անօթեւաններ, որոնք աղետի հետեւանքով չեն անօթեւան, էսօր մենք էդ ընտանիքների հարցը չենք քննարկում, քանի որ Երեւանում էլ կա, Սյունիքում էլ, բոլոր մարզերում էլ կան, մենք դեռ չենք մշակել, թե ո՞վ է աղետի հետեւանքով անօթեւանը, այդ սահմանումը, քաղաքականությունը պետք է մշակվի, որ իմանանք աջակցության ուղղությունները»,- ասաց փոխնախարարը:

Նախարարի ու փոխնախարարի պատասխաններից ստացվում է, որ փլուզվող շենքերի բնակիչները պետք է պայման կապեն Աստծո հետ` խնդրելով իրենց զերծ պահել փլուզումներից ու մահից այնքան ժամանակ, մինչեւ հայրենի կառավարությունը որոշակի քաղաքականություն կմշակի ու իրենց կյանքը կապահովագրի: Նկատենք, որ քսան տարի շարունակ կառավարությունը զբաղված է Գյումրիի վթարայինների համար հանձնաժողովներ կազմելով ու լուծարելով: Ընդամենը 2,5 տարի առաջ նմանատիպ հանձնաժողով Ռոբերտ Քոչարյանն էր Գյումրի ուղարկել, ովքեր, գյումրեցիների բնութագրելով, «մեկ-երկու շենք մտնելուց ու հյուրասիրվելուց հետո արժանացան Խաչատուր Աբովյանի բախտին»: Իսկ Գյումրիում երկրաշարժից վթարային դարձած 88 շենքեր կան, որոնց բնակիչներին, ըստ Սեյսմիկ ծառայության Հյուսիսային բաժանմունքի ղեկավար Սերգեյ Նազարեթյանի, ամեն վայրկյան մեռնելու կամ մարմնական վնասվածքներ ստանալու վտանգ է սպառնում: Ըստ Սեյսմիկ ծառայության հետազոտությունների` նոր երկրաշարժի դեպքում Գյումրիի վթարայինները մոտ վեց հայուր զոհ ու հազար վիրավոր կտան:

Արարատ ԴԱՎԹՅԱՆ
www.hetq.am