Ծիրան ենք ուտելու

03/07/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունն այս պայմաններում նույնիսկ 14% աճ
արձանագրեց ու ավելացրեց, որ ՀՆԱ-ի 22,5%-ը գյուղատնտեսության մասնաբաժինն
է, ավելին՝ գյուղմթերքի վերամշակումն արդյունաբերության մեջ առաջին տեղը
զբաղեցրեց: Փաստորեն, իրավունք ունենք մտածելու, որ Հայաստանը բարձր
տեխնոլոգիաները գերակա ճյուղ հայտարարած ագրարային երկիր է: Բայց սա
քննարկման այլ թեմա է: Մանավանդ, որ աղքատությունը գյուղական
համայնքներում չի նվազում:
Իսկ այս տարի մենք ախորժակներս սրել ու բարձր բերքատվության ենք սպասում.
ցրտահարություն ու կարկուտ չի եղել, տեղումներն էլ նորմայի մեջ են:
Քաղաքային շուկաներում բերքի առատությունն արդեն զգացվում է, բայց գները
նորից բարձր են: Թանկ են վաճառում նաեւ գյուղացիները:
«Հեկտարին 65.000 դրամ ջրի վարձ ու 15.000 դրամ հողի հարկ տուր,
տրանսպորտի, պարարտանյութի, ցելոֆանի ու թունաքիմիկատների փողն էլ հանի ու
տես՝ թա՞նկ ենք վաճառում,- բացատրում էր աշտարակցի մի երիտասարդ: -Բա
դժվար աշխատանք է, արեւի ու անձրեւի տակ»:
– Մի քանի տեսակի բանջարեղեն ենք ցանում, մի տեսակն է նորմալ բերք տալիս.
տարին գիտի,- Համոյի խոսքը կտրում է Էջմիածինցի Մարիամը: -Մեկի օգուտով
մյուսի վնասն ենք փակում: Սերմը փուչ է լինում, ժամանակին քաղաք հասցնելու
հնարավորություն չի լինում՝ փչանում է` մակարոն չի, որ դնենք ու սպասենք,
թե երբ ծախվեց՝ ծախվեց: Տո ես շա՞տ գիտեմ, հազար ու մի դժվարություն կա:
Պետությունն այս հարցում գյուղացուն չի օգնում, շուկան ազատականացրել է ու
մի կողմ քաշվել: Հարկերն ու վարձերը վերցնում են ու գյուղացուն իր հոգսերի
հետ թողնում միայնակ:
– 2003-2004թթ. շուրջ 500.000 տոննա ազոտական ու ֆոսֆորական պարարտանյութ
տրվեց ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին,
անհատույց` նաեւ 1 մլն խաղողի արմատակալ եւ 256.000 պտղատու տնկանյութ:
Ծիրանի ու խաղողի տնկարկները տարեցտարի ավելանում են,- ասում է
գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Հավանաբար տվել են, սակայն գյուղացին դժգոհ է նաեւ անհավասարաչափ
բաշխումից: Շուկաներում պտուղ-բանջարեղեն վաճառող էջմիածինցի, արարատցի ու
աշտարակցի մոտ երկու տասնյակ գյուղացիներ այդ մասին միայն լսել են:
– Հա տելեվիզրով լսել ենք, աղջիկ ջան,- ասեց կեռաս վաճառող պապիկը: -Ասում
են՝ վնասների փոխհատուցում կա, բայց ո՞ւր ա: Կարող ա եւ կա, ի՞նչ իմանանք,
երեւի իրենց բարեկամներին են տալիս, մեծ ֆերմերներին են տալիս: Հիմա
գյուղացու մեջ էլ հատուկ ու հասարակ կա: Բա՞: Լավ ա, հույսներս ասածների
վրա չենք դնում, մենք մեր գլխի ճարը մի կերպ տեսնում ենք»:
Գյուղնախարարության տվյալներով՝ այս տարի սպասվում է մոտ 200.000 տոննա
կորիզավոր մրգատեսակի բերք, որից մոտ 70.000-ը՝ ծիրան, եւս 180-200.000
տոննա խաղող:
– Մի մասը կարտահանվի, մի մասը կմթերվի, մյուս մասն էլ կսպառվի ներքին
մանրածախ շուկայում,- հաշվարկում է պարոն Գալստյանը: -Անցած տարի խաղողը
միջինը 150 դրամով մթերվեց: Արդեն մթերող գործարարների եւ գյուղացու
հարաբերությունների կուլտուրան բարձրացել է՝ պայմանագրերը կնքում են,
մթերում են եւ վճարում:
– Չէ, ես գործարանին չեմ տալիս,- ասում է կեռաս վաճառող աշտարակցին:- Տամ՝
փողն ո՞ւմից ուզեմ: Ավելի լավ է մի քիչ էլ տանջվեմ, բերեմ շուկա վաճառեմ,
քան թե տամ դրանց ու սպասեմ, թե երբ պիտի փող տան:
– Տվել ենք մեկ-մեկ,- ավելացնում է Գայանեն: -Բայց մինչեւ գումարը ստացել
ենք, քթներիցս է դուրս եկել: Վերցնելուց հեշտ վերցնում են, բայց վճարելուց
դժվարանում են: Այ, արտահանողներից ենք գոհ, գալիս են դռնից բիրիքով
տանում են ու միանգամից վճարում են: Բայց էդպես էլ շատ քիչ է լինում:
– Մենք գնում ենք գյուղ, միրգն առնում ենք ու անմիջապես վճարում,
պայմանագիր էլ չենք կնքում,- ասում է «Նոյան» գործարանի տնօրեն
Վ.Ղազարյանը:
Քաղաքում մտածում են, որ գյուղացին միշտ բողոքավոր է, գյուղացին էլ
համոզված է, որ քաղաքացին իր աշխատանքը չի գնահատում: Իսկ վերջին
տարիներին նոր թափ ստացավ Հայաստանից պտուղ-բանջարեղենի, մանավանդ` ծիրանի
արտահանումը, եւ, շատերի կարծիքով, հենց դա էլ նպաստեց գյուղմթերքի
թանկացմանը: Պարոն Գալստյանն այս հարցում համաձայն չէր:
– Նրանք գնում են մեծ քանակությամբ, արտահանում են եւ շատ դեպքերում ավելի
էժան են վաճառում, քան թե ներքին շուկայի մանրածախ գինն է,- ասում է
փոխնախարարը:
– Այդ դեպքում գյուղմթերքի գինը վերջին երեք տարիներին ինչո՞ւ է այդքան բարձր։
– Նախ՝ եղանակը բարենպաստ չէր, հետո էլ շուկայական հարաբերություններ են,- բացատրեց նա:
Ու դժվար է պարզել, թե շուկայական հարաբերությունների արդյունքում
գյուղացի՞ն է իր բերքը թանկ գնահատում, թե՞ քաղաք գալու ճանապարհին է
թանկանում: «Նոյանի» տնօրենի կարծիքով՝ մթերքը թանկանում է բարձր հարկերի
ու վճարների պատճառով: Բայց արդեն զգացվում է, որ այս տարի էլ հայերն էժան
ծիրան չեն ուտի: Երեւանի շուկաներում 1 կիլոգրամի գինն այսօր 1000-3500
դրամի սահմաններում է: Մեծածախի գինն էլ էժան չէ՝ ընդամենը 300-500 դրամ
ցածր: «Կէժանանա մի տասը օրից»,- սպասում են վաճառողն ու գնորդը: Մինչդեռ
ծիրանն ինքն է իրեն թանկացրել:
«Ազգային վալյուտա է,- մի առիթով ասաց «Մաքս գրուպ» ընկերության տնօրեն
Խաչիկ Մանուկյանը: -Դրա համար էլ ցրտահարությանն ու անբարենպաստ
եղանակների պայմաններում էլ ծիրանի տնկարկներն ամեն տարի ավելանում են»:
Արտահանողներն ու վերամշակողներն արդեն պլանավորել են իրենց մթերման չափը:
– «Նոյանը» մթերելու է 3000 տոննա ծիրան. մի մասը՝ մշակելու, մյուս մասն
էլ՝ Ռուսաստան արտահանելու համար,- տեղեկացնում է պարոն Ղազարյանը:
Շուկայական հարաբերությունները ներքին շուկային մի հարցում վնասեցին՝
բարձր բերքատվության պատճառով արտասահմանյան սորտերը մշակումից դուրս
մղեցին տեղական սորտերին:
– Տեսանք, որ բերքը շատ է լինում, ժողովուրդն էլ գնում է, մեզ էլ հարմար է, փոխեցինք,- բացատրում է արտաշատցի Գայանեն:
Արդյունքում՝ տեղական սորտերի գոյությունը վտանգվեց: Սա, իհարկե, ծիրանին
չի վերաբերում: Տեղական շուկան ողողվեց արտասահմանյան կարտոֆիլի, պոմիդորի
ու ելակի սորտերով: Սպառողները վտանգը զգում են, գյուղացու համար դա
միեւնույն է, իսկ Գյուղնախարարությունն ունի իր պատասխանը՝ «Շուկայական
հարաբերություններ են»: