«Թամայա Ռիսորսիզը» կլքի Հայաստանը

14/12/2008

Ավստրալիական «Թամայա Ռիսորսիզ» (Tamaya Resources) ընկերությունը այս տարվա սեպտեմբերին հայտարարեց Մեղրիում ոսկու արդյունահանման նախագծի սառեցման մասին: Ընկերության առաջին կիսամյակի հաշվետվության մեջ դա բացատրվում էր ամորտիզացիոն ծախսերը սպասվածից բարձր, իսկ ոսկու պաշարները ցածր լինելու հանգամանքով: Իրականում, սակայն, «Թամայան» ոչ թե ժամանակավորապես սառեցրել, այլ առհասարակ դադարեցրել է Մեղրիում իր գործունեությունը, ավելին` ձգտում է օր առաջ լքել Հայաստանը:

Մեղրու Լիճվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու լիցենզիան 1999 թ. տրվել է «Սիփան-1» հայկական ընկերությանը: Վերջինս կառուցել է ոսկու կորզման ֆաբրիկա եւ շուրջ 4 տարի շահագործել հիշյալ հանքերը: 2005 թ. «Սիփան-1» ՍՊԸ-ն գնեց ավստրալիական «Այբիրիան Ռիսորսիզ» (Iberian Resoueces) ընկերությունը, որի բաժնետոմսերի 86,21 տոկոսն ավելի ուշ ձեռք բերեց ավստրալիական մեկ այլ ընկերություն` «Թամայա Ռիսորսիզը»:

Կարճ ժամանակում ընկերությունը Հայաստանում ներդրեց միլիոնավոր դոլարներ` խոստանալով ներդրումների ծավալը հասցնել մինչեւ 65 մլն ԱՄՆ դոլարի: Հանքերում աշխատողների քանակն ավելի քան հինգ անգամ ավելացավ` անցնելով 400-ը: Ակնկալվում էր, որ այս թիվն առնվազն կկրկնապատկվեր: Եթե նախկին սեփականատիրոջ ժամանակ արտադրվում էր միայն խտանյութ, ապա ավստրալիացիները սկսեցին արտադրել ոսկի` ամսական մոտ 10 կգ: «Թամայայի» ղեկավարները խոստանում էին նաեւ 2009 թ. աշնանն այս ցուցանիշն ապահովել օրական: Բայց խոստումներն այդպես էլ չիրականացան: Գնելով «Այբիրիան Ռիսորսիզի» բաժնետոմսերի մեծ մասը` «Թամայան» հանքեր ձեռք բերեց նաեւ Պորտուգալիայում եւ Մարոկկոյում: Իսկ մինչ այդ արդեն շահագործում էր Չիլիի պղնձի հանքավայրը: Մեր տեղեկություններով` հենց այստեղից էլ սկսվել են ընկերության դժվարությունները: Ավստրալացիները ծրագրել էին Չիլիից ստացած եկամուտները ներդնել Հայաստանում: Սակայն 2007 թ. ավարտին Չիլիի հանքավայրերն ինչ-ինչ պատճառներով այլեւս շահույթ չեն ապահովել: Միջազգային խոշոր բանկերից մեկը համաձայնել է տրամադրել անհրաժեշտ գումարները, բայց Մեղրու հանքավայրերի պաշարների վերաբերյալ պահանջել է շատ ավելի ռեալ ու խորը հետախուզման տվյալներ: Մինչդեռ «Թամայա Ռիսորսիզը» չի կարողացել հայթայթել նաեւ լրացուցիչ հետախուզման միջոցներ:

Պաշտոնական տվյալներով` Լիճվազ-Թեյի հանքավայրում ոսկու պաշարը 17 տ է, Տերտերասարում` 3 տ: Բայց օտարերկրացի ներդրողներն իրենց հաշվարկները կառուցել էին այն սպասելիքով, որ հաստատված պաշարներն առնվազն կրկնակի շատ կլինեն: Հիշյալ հանքերից հարավ` Ագարակի, իսկ հյուսիս` Քաջարանի հանքավայրերն են: Ընդհանուր տարածաշրջանը հանքայնացված է եւ միանգամայն տրամաբանական է, որ նշյալ պաշարները եղածի ընդամենը մի մասն են կազմում: Սակայն ֆինանսական ճգնաժամում հայտնված ավստրալիացիները սկսեցին հայտարարել սպասվածից ցածր պաշարների մասին եւ որոշեցին «Հայաստանում այլեւս լրացուցիչ ռեսուրսներ չներդնել»:

Անցյալ տարվա հուլիսին, ըստ «Թամայա Ռիսորսիզի» պաշտոնական կայքէջի, Էնտոնի Էհլերսը նշանակվել է ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր գործադիր տնօրեն: Նա այժմ Հայաստանում է: Հեռախոսազրույցի ժամանակ վերջինս պատրաստակամություն հայտնեց պատասխանել «Հետքի» հարցերին եւ նշանակեց հանդիպման վայրը: Սակայն հրաժարվեց մեկնաբանություններ տալուց. «Ոչինչ ասել չեմ կարող, ես նման լիազորություն չունեմ, դիմեք ուրիշին` տեղացի ղեկավարներին»,- ասաց Է. Էհլերսը:

«Թամայա Ռիսորսիզի» հայաստանյան գրասենյակն այլեւս չի գործում, աշխատանքից ազատվել է ավելի քան 400 մարդ, այդ թվում` տեղացի ղեկավարները: Էնտոնի Էհլերսը մեր հանդիպման ժամանակ իր խոսքում նշեց նաեւ, թե «Հայաստանում կատարվողն իրենց համար երրորդական, չորրորդական նշանակություն ունի»: Այս խոսքերի կարիքն ամենեւին չկար: Այդ մասին փաստում է նաեւ «Թամայայի» գործելակերպը: Ընկերությունը Հայաստանում արդեն իսկ վաճառել է այն ամենը, ինչը հնարավոր է արագ իրացնել` սկսած մարդատար եւ բեռնատար մեքենաներից: Սակայն գումարը Հայաստանից հանվել է, չնայած նրան, որ «Թամայա Ռիսորսիզի»` բյուջեին, մատակարար ընկերություններին եւ իր նախկին աշխատակիցներին չվճարած աշխատավարձերի պարտքը կազմում է 300-400 հազար ԱՄՆ դոլար:

«Հետքի» աղբյուրի փոխանցմամբ` ընկերության Հայաստանի ակտիվները վաճառելու համար Էնտոնի Էհլերսն այժմ ակտիվ բանակցություններ է վարում տեղացի գնորդների հետ:

Արարատ ԴԱՎԹՅԱՆ
www.hetq.am