«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ում նախորդ տարվա համեմատ մարդկանց մասնակցության թիվն աճել է 23 տոկոսով: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում ասել է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը: Տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ դրամահավաքներ, այդ թվում՝ ճաշկերույթը Երեւանում, հեռախոսա-ռադիոմարաթոնները Եվրոպայում, Լիբանանում, եւ վերջում` Լոս Անջելեսի հեռուստամարաթոնը: «Նոյեմբերի 27-ին իրական դրամահավաք անցկացվեց ԱՄՆ-ի արեւմտյան եւ արեւելյան ափերում, Հայաստանում: Ընդհանուր առմամբ, գրանցվեց աննախադեպ փայլուն արդյունք՝ մոտ 35 մլն դոլար, որից 30 մլն-ը հավաքագրվել էր Երեւանում տեղի ունեցած ճաշկերույթի ընթացքում»,- ասել է Ա. Վարդանյանը` փաստորեն հաստատելով, որ որպես այդպիսին՝ «համահայկական մարաթոնի» արդյունքում հավաքվել է ընդամենը 5 մլն դոլար: Հեռուստամարաթոնի ընթացքում ամենամեծ նվիրատուն ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն էր, որը նվիրաբերել է 15 մլն դոլար, որով արդեն Ստեփանակերտում սկսվել է շրջանային հիվանդանոցի կառուցումը: Հիմնադրամը մոտ 4 տարի առաջ ԼՂՀ մայրաքաղաքում ավարտել էր պոլիկլինիկայի շինարարությունը: Այս տարի Հայաստանում դրամահավաքի նոր ձեւ է կիրառվել՝ «Հայփոստի» հետ կնքած հուշագրի համաձայն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող էին իրենց նվիրատվությունները կատարել ընկերության ցանկացած բաժանմունքում: Նոյեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել է մոտ 9 հազար 500 նվիրատու, ընդհանուր գումարը կազմել է մոտ 10 մլն դրամ: Մինչեւ դեկտեմբերի 31-ը «Հայփոստը» շարունակելու է ընդունել նվիրատվություններ: Այս տարի «Վիվա Սելն» ամբողջությամբ հոգացել է հեռուստամարաթոնի անցկացման բոլոր ծախսերը՝ տրամադրելով 1 մլն ԱՄՆ դոլար: Եվրոպայում տեղի ունեցած հեռախոսամարաթոնի ընթացքում գրանցվել է 1,5 մլն դոլարի նվիրատվություն, Հայաստանում, բացի ճաշկերույթի ընթացքում ստացված գումարից, եւս 300 հազար դոլար: ԼՂՀ-ում նույնպես հանգանակվել է 300 հազար դոլար: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը հավաքագրել է 250 հազար դոլար, Մոնրեալինը՝ 130 հազար, Լիբանանինը՝ 200 հազար, Մեծ Բրիտանիայի հայ համայնքը՝ 200 հազար: Ա. Վարդանյանի խոսքով, կան բարերարներ, որոնք ցանկանում են իրականացնել ծրագրեր իրենց իսկ ուժերով, այսինքն՝ տրամադրել հիմնադրամին ոչ թե գումարը, այլ նվիրաբերել իրենց կառուցած շենքը: «Սա նոր պրակտիկա է: Դրանք այն բարերարներն են, որոնք ունեն հզոր շինարարական կազմակերպություններ: Մեր վերահսկողությունն ամբողջ ծրագրի ընթացքում լինելու է»,- ասել է Ա. Վարդանյանը: Բարերարները պարտավորվելու են իրենց հայտարարած գումարի սահմաններում կատարել ներդրումներ, եւ եթե այդ գումարից պակաս լինի իրական ծրագիրը, ապա պարտավորվելու են իրականացնել մնացած գումարի չափով այլ ծրագիր՝ քննարկելով այն հիմնադրամի հետ: