1991թ. օգոստոսին ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր ուժային եւ տնտեսաքաղաքական լծակներին տիրապետող «ԳԿՉՊ»-ի «հեղաշրջում» իրականացնելու` զարմանալիորեն չհաջողված ծրագիրը մինչ օրս էլ շարունակում է տարաբնույթ ենթադրությունների եւ առաջադրվող վարկածների թեմա մնալ: Բայց պետք է նկատել, որ գրեթե բոլոր լուրջ փորձագիտական եւ վերլուծական կենտրոնները շատ արագ եկան եզրակացության, որ այդ չհաջողված «պուտչն» իրականում ոչ թե իշխանության զավթման փորձ էր, այլ որոշակի սցենարով խաղարկված խոշորածավալ քաղաքական խարդավանք: Այդ «իմիտացիայի» շուրջ շրջանառվող հիմնական վարկածներից մեկն այն էր, որ «գկչպ»-իստներն այդ ակցիան իրականացնելիս իրենց գործողությունները նախօրոք համաձայնեցրել էին իրենց «հեղաշրջման»` իբր «թիրախ» հանդիսացող ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ: Ընդ որում, վերլուծաբանները չեն բացառում, որ վերջինիս հետ պայմանավորվածությունների մասին գիտեին «ԳԿՉՊ»-ի ոչ բոլոր անցումները, եւ դրանով են, ի դեպ, բացատրում նաեւ «հեղաշրջման» տապալումից հետո նրանցից մի քանիսի ինքնասպանությունները: Այս ընթացքում, իհարկե, հարց է առաջանում, թե այս ռիսկային գործարքին գնալով` ի՞նչ նպատակներ էր հետապնդում Մ. Գորբաչովը: Վերոհիշյալ վարկածի կողմնակիցների կարծիքով` «պերեստրոյկայի եւ խորհրդային ժողովրդավարության կնքահայրը» սրանով փորձում էր վերահսկողությունից դուրս եկած «դեմոկրատ» գործընկերներին, արմատականներին եւ ընդհանրապես հանրությանը «խելքի բերել»` վախեցնելով նրանց անցյալի հնարավոր «ռեստավրացիայով»: Ըստ սցենարի հեղինակների` իր առաքելությունը կատարելուց հետո «ԳԿՉՊ»-ն պետք է հեռանար քաղաքական թատերաբեմից: Սակայն, ինչպես հայտնի է, «պուտչիստների» հետ հեռացավ նաեւ Մ. Գորբաչովը, քանի որ, ըստ այս վարկածի կողմնակիցների` այս ծրագրի իրական նպատակների վերաբերյալ «պուտչի» ղեկավարներից մեկը տեղեկացրել է նաեւ Բորիս Ելցինին: Ոչ այնքան հեռու մեր անցյալին առնչվող այս պատմական էքսկուրսը թերեւս չկատարեինք, եթե այն որոշակի, ինչպես ասում են, «ասոցիացիաներ» չառաջացներ մեզանում այս տարվա նախագահական ընտրություններից հետո նկատվող զարգացումների որոշ «նյուանսների» հետ: Այդ ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական դաշտում բավականին արագորեն քաղաքական նպատակների եւ «թիրախների» յուրահատուկ տրանսֆորմացիա տեղի ունեցավ: Տարօրինակ կերպով, գրեթե միաժամանակ՝ թե՛ գործող իշխանության, թե՛ ընդդիմության մոտ «տեղական ԳԿՉՊ» ունենալու անհրաժեշտություն առաջացավ: Ե՛վ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ գործոններից ելնելով` այդ «բոբոյի» դերի համար ավելի հարմար ֆիգուր, քան Ռոբերտ Քոչարյանն է, դժվար էր գտնել: Ավելին, փաստենք, որ Ռ. Քոչարյանի հնարավոր կամ մոտալուտ «ռենեսանսի» վտանգի մասին թեման Սերժ Սարգսյանի ներքին քաղաքականության եւ քարոզչական ուղեգծում ամենաառաջնային տեղերից մեկն է զբաղեցնում: Պատահական չէ, որ «Քոչարյանի վերադարձի» վերաբերյալ «սարսափազդու» լուրերը սովորաբար հայտնվում են մամուլում եւ տարածում գտնում հասարակության շրջանում առանձնապես այն ժամանակ, երբ գործող իշխանությունը հայտնվում է ներքին կամ արտաքին քաղաքական ինչ-ինչ հերթական խնդիրները լուծելու անհրաժեշտության առջեւ: Այդպես էր մարտի 1-ի ողբերգությունից հետո, նույնն էր պատկերն ընդդիմության ամռան եւ աշնան հանրահավաքային ակտիվության շրջանում եւ վերջապես՝ հիմա, երբ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում կանգնած է բարձրագույն ընտրության առջեւ, որի պայմաններում գործող նախագահը ոչ միայն անհրաժեշտ լեգիտիմության պաշար ունենալու, այլեւ հասարակական աջակցման մեծ կարիք ունի: Միանգամից նկատենք, որ հեռու ենք այն մտքից, որ վերոնշյալ մարտավարության շուրջ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ նախօրոք ծրագրված համաձայնություն գոյություն ունի, եւ, որ հանրության առջեւ ընդամենը խաղարկվում է «բարի եւ չար քննիչների» մասին հայտնի բեմադրությունը: Տվյալ դեպքում ավելի շուտ գործ ունենք այս երկու վաղեմի գործընկերների՝ տվյալ պահի մարտավարական շահերի որոշակի համընկնման փաստի հետ: Երբ հստակ հասկանալով, թե ինչ դերակատարում է իր համար նախատեսել իր նախագահական ինքնակայացման սցենարում Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանը, բացառապես սեփական շահերից ելնելով, առնվազն առայժմ դեմ չէ պասիվ կամ ակտիվ կերպով ստանձնել իրեն վերապահված դերակատարությունը: Հանրապետության երկրորդ նախագահի նման վարքագիծը պայմանավորված է նրան բնորոշ զուտ պրագմատիկ հաշվարկներով եւ մոտեցումներով: Թեպետ Ռոբերտ Քոչարյանին ակնհայտորեն ամեն ինչ չէ, որ դուր է գալիս նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության մեջ` սկսած որոշ կադրային լուծումներից եւ վերջացրած, օրինակ, Թուրքիայի հետ մերձեցմանն ուղղված քայլերով, այնուհանդերձ, ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի դիրքերի որոշակի ամրապնդությամբ նաեւ Ռ. Քոչարյանի քաղաքական, ֆինանսատնտեսական եւ անգամ անձնական անվտանգության երաշխիքներ են հանդիսանում: Միեւնույն ժամանակ Ռ. Քոչարյանը հստակ հասկանում է, որ իշխանության փոխհատուցումը Ս. Սարգսյանին գործնականում իրականացվեց այնպիսի մեթոդներով եւ ընտրական գործընթացի միջոցով, որը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ս. Սարգսյանն իշխանության գլուխ է եկել իր համար չափազանց անբարենպաստ պահի: Ստեղծվել է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական այնպիսի մի «կոնյունկտուրա», որի պայմաններում ամեն ինչի համար պատասխանատվություն ստանձնած նոր նախագահը ստիպված է գործել բավականին կոշտ «ցայտնոտային» պայմաններում: Ընդ որում, այդ պայմաններն էլ ավելի «սաստկացան», երբ առանց այդ էլ չափազանց սուր հետընտրական ներքաղաքական խնդիրներին ավելացան ոչ միայն ղարաբաղյան հարցի շուրջ արագացված տեմպերով զարգացող գործընթացները եւ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նոր իրողությունը, այլ նաեւ ծայրահեղ սուր բնույթ կրող համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը: Տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանը, հստակ հասկանալով, որ այսօրվա` իր չափից դուրս ցածր վարկանիշը երկրի ներսում որեւէ հնարավորություն չի տալիս բացահայտ եւ ակտիվ կերպով մասնակից դառնալ ներքաղաքական գործընթացներում, փորձելու է վերադարձի համար հարմար պահ «որսալ»: Այդ պահը կարող է հասունանալ ինչպես սպասվող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ հանգուցալուծումներին մոտենալով, այնպես էլ կառավարության կողմից ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու անկարողության պատճառով: Ռ. Քոչարյանի հաշվարկներով` այդ դեպքում ներիշխանական էլիտաներն իրենք կստիպեն Սերժ Սարգսյանին՝ իշխանություն վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին:
Հետաքրքրական է, որ Ռ. Քոչարյանի «ռեստավրացիայի» սինդրոմն ամիսներ շարունակ իր քաղաքական գործելաոճում օգտագործում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմությունը: Վերջիններս, կարծես թե վերջնականապես համոզվելով, որ զանգվածային հեղափոխական գործողությունների շնորհիվ իշխանության գալու պահն այլեւս կորսված է, իրավացիորեն զբաղված են այս տարվա ընթացքում նվաճած դիրքերը եւ սեփական կառույցներն ամրացնելու գործողություններով: Բացի այդ, անցած ամիսների ընթացքում պարզորոշ երեւաց, որ Ս. Սարգսյանի վարչախմբի եւ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմության տեսակետները մի շարք հիմնարար եւ նույնիսկ կարեւորագույն արտաքին քաղաքական եւ ներքին քաղաքական հարցերի շուրջ պարզապես համընկնում են: Այս առումով վերջին 10 տարիների ընթացքում թերեւս առաջին անգամ արձանագրվում է մի իրողություն, երբ արմատական ընդդիմության ազդեցությունն իշխանությունների քաղաքական որոշումների վրա բավականին շոշափելի է: Այս պարագայում զարմանալի չէ, որ հաշվի առնելով գոյություն ունեցող իրողությունները` արմատական ընդդիմության հիմնական թիրախը դարձել է ոչ թե գործող նախագահ Ս. Սարգսյանը, այլ այժմ «հանգստացող», նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Պատահական չէ, որ Ռ. Քոչարյանի «մոտալուտ վերադարձի» մասին լուրերը, բավականին հաճախ, տարածվում են նաեւ հենց ընդդիմադիր ճամբարից:
Հետաքրքրական է, որ ընդդիմությունը Ս. Սարգսյանի հանդեպ կարծես նույնպես որդեգրել է «հարմար պահին» սպասելու մարտավարությունը՝ հույս ունենալով, որ քաղաքական եւ տնտեսական ճգնաժամային զարգացումները նոր հնարավորություններ եւ առիթներ կբացեն ընդդիմության համար: Այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մարտավարությունները որոշակիորեն համընկնում են` միայն այն տարբերությամբ, որ երկրորդ նախագահը հույս ունի իշխանություն վերադառնալ, ըստ էության, «պալատական հեղաշրջման» ճանապարհով, իսկ առաջին նախագահը` զանգվածային բողոքների ակցիաներով: