«Microsoft» ընկերությունն աջակցում է «Հայփոստին» էլեկտրոնային համակարգի ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներում: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Ըստ նրա, «Հայփոստի» հետ կնքված համաձայնագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերվում ընկերությանը՝ կիրառելու «Microsoft»-ի առաջատար տեխնոլոգիաները եւ բարձրացնելու սեփական ռեսուրսների արտադրողականությունը: Արդեն «Հայփոստը» ստացել է «Microsoft»-ի ծրագրային փաթեթներն օգտագործելու անհրաժեշտ լիցենզիաները: Գերմանիայից եւ Հոլանդիայից Հայաստան են ժամանել «Microsoft»-ի մասնագետներ, որոնք «Հայփոստում» ծանոթացել են նոր տեխնոլոգիաների գործարկմանը: Նախատեսվում է առաջիկայում ներդնել «CRM» հաճախորդների կապի կառավարման էլեկտրոնային համակարգ: Աշխատանքներն իրականացնում է «DOM-DENIEL» ընկերությունը: Կազմակերպվել է նաեւ «Հայփոստի» աշխատակիցների վերապատրաստում: