Մեր նախորդ համարում տպագրած «Կենտրոնում միայն փողատերերն են ապրելու»
հոդվածի շուրջ բուռն կրքեր են բորբոքվել: Հիշեցնենք, որ հացադուլ
հայտարարած հաշմանդամների ընտանիքը պահանջում է Պուշկին 2 հասցեում
կառուցվող շենքում իրենց բնակարան հատկացնել, քանի որ այդ տարածքում
գտնվող իրենց նախկին բնակարանը 2002թ. գնել է «Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ն՝
խոստանալով կառուցվող շենքում բնակարան հատկացնել: Հացադուլավոր Ռ.
Ղարիբյանը պնդում է, որ «Եվրոստրոյսերվիս» ֆիրմայի ղեկավարությունը
խաբեությունը կոծկելու համար ֆիրման վաճառել է Միխայիլ Բաղդասարովին:
Մինչդեռ հրապարակման հաջորդ օրը խմբագրություն եկած Ֆրունզիկ Գրիգորյանը
փաստաթղթերով ապացուցում է այլ բան, այն է` «Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ի
սեփականատերը իր տիկինն է` Սիլվա Սրապիոնյանը, որին սեփականության
իրավունքով պատկանում է ընկերության կանոնադրական կապիտալի 100%-ը: Հարկ է
նշել, որ ներկայացված փաստաթղթերում առկա է նաեւ ՀՀ կառավարությանն
առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման
ղեկավար Ա. Պետրոսյանի ստորագրած վկայականը, ըստ որի՝ «Եվրոստրոյսերվիս»
ՍՊԸ-ի սեփականության իրավունքը պատկանում է Ս. Սրապիոնյանին: Վերջինիս
ամուսին Ֆ. Հովհաննիսյանը վրդովված է այն պատճառով, որ ֆիրման օրինական
գործունեություն է կազմակերպել, բայց, չգիտես ինչու, իրական սեփականատիրոջ
անունը շոշափելու փոխարեն՝ շահարկում են Մ. Բաղդասարովի անունը, բացի դա,
մեղադրում են ապօրինի գործարքներ կատարելու մեջ, այն դեպքում, երբ
անհրաժեշտ նոտարական փաստաթղթերով իրենք «Եվրոստրոյսերվիսը» գնել են:
«Մենք ի՞նչ կապ ունենք այդ բնակիչների հետ, կամ ի՞նչ է կատարվել նրանց ու
նախկին «Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ի ղեկավարության միջեւ, ախր դա մեր հետ
բոլորովին չի առնչվում,- ասում է Ֆ Հովհաննիսյանը: -Մենք մեծ գումար ենք
ծախսել եւ օրենքի համաձայն բոլոր փաստաթղթերի առկայությամբ ձեռք ենք բերել
ֆիրմայի սեփականության իրավունքը»: Այսպիսով, ինչո՞ւ է հացադուլավորը
վստահ, որ շենքի իրական սեփականատերը Մ. Բաղդասարովն է. «Որովհետեւ այդ
ընտանիքի անդամները շատ խորամանկ են եւ փորձում են ամեն գնով կառուցվող
շենքում բնակարան ձեռք բերել, այն դեպքում, երբ մենք նրանց բնակարանով
ապահովել ենք,- ասում է «Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ի նախկին տնօրեն
Ն.Սահակյանը, որն ի դեպ շատ վիրավորված է մեր տպագրած հոդվածից եւ Ռ.
Ղարիբյանի խոսքերը համարում է հերյուրանք: -Հասկանո՞ւմ եք, այս ընտանիքը
պատեհ-անպատեհ ամեն առիթով օգտագործում է հաշմանդամության կարգավիճակը,
բայց սովորական խաբեբաներ են: Բաղդասարովի անունն են շահարկում, որպեսզի
խղճի վրա ազդեն, նա էլ ինչ-որ բանով օգնի: Բայց մենք Բաղդասարովի հետ կապ
չունենք, որովհետեւ իրականում ֆիրման վաճառել ենք Ս. Սրապիոնյանին: Դուք
նրանց ամեն ասածին հավատացել եք, բայց գնացեք նոտար ու ճշտեք, թե
Բագրատունյաց 26 բնակարանի սեփականատերն ով է: Այդ բնակարանն իրենց
նախընտրած բնակարանն է, որն ընտրել են մեզ բրոքերների հետ երեք ամիս քարշ
տալուց հետո: Պահանջեցին եվրովերանորոգում, կատարեցինք՝ ծախսելով 3000
դոլար, դրան գումարած՝ նրանց տվեցինք եւս 3000 դոլար»: Ն. Սահակյանը
ներկայացրեց մի թուղթ, ստացական, որում Ռ. Ղարիբյանը մասնավորապես
հաստատում է 3000 դոլար գումար ստանալու հանգամանքը: Նման մեկ այլ
փաստաթուղթ էլ Ռ. Ղարիբյանի տիկնոջ հայտարարությունն է, որում նա նշում է,
թե այլեւս «Եվրոստրոյսերվիս» ՍՊԸ-ի հանդեպ պարտք ու պահանջ չունեն.
հավելենք, որ այս թղթերի տակ բացակայում է կնիքը, բայցեւայնպես, Ղարիբյանն
ու կինը վկայում են, որ իրենք են ստորագրել ստացականը: Հարկ է նշել, որ
վերջիններս միայն հիմա խոստովանում են, որ «Եվրոստրոյսերվիսը» բնակարանով
ապահովել է իրենց, միեւնույն ժամանակ պնդելով, որ բնակարանը կոմունալ
հարմարություն չունի, իսկ հաշմանդամների ընտանիքի համար դա կարեւոր է:
Փաստորեն Ռ. Ղարիբյանն անտուն չէ, քանի որ «Եվրոստրոյսերվիսն» իրականում
նրանց 2 սենյականոց բնակարան է հատկացրել եւ հավելյալ վճարել 3000 դոլար,
իսկ բնակարանն ունի նոտարական փաստաթուղթ, ըստ որի՝ Ղարիբյանն այդ
բնակարանի սեփականատերն է: Ռ. Ղարիբյանն ասում է, որ իրեն խաբելով
ստորագրել են տվել փաստաթղթերը, մինչդեռ զայրացած Ն. Սահակյանն ասում է,
որ 3 ամիս շարունակ իրենք նոտարական գրասենյակներում զբաղվել են բնակարանը
Ռ. Ղարիբյանին հանձնելու փաստաթղթերով: Ն. Սահակյանը վկայում է, որ
Ղարիբյանը հայտարարում է, թե փողոցում է ապրում, բայց 2 սենյականոց
եվրովերանորոգված բնակարանի բանալիները գրպանում է: «Ինչպե՞ս կարելի է
խաբեությամբ վարկաբեկել ուրիշներին, նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն
հնարավոր միջոցներն օգտագործում են, որ մի բան պոկեն: Այդ հացադուլի
իմաստը ո՞րն է, իբր տուն չունե՞ն, բայց ինքներդ գնացեք ու տեսեք, թե ինչ
բնակարան ենք նրանց հատկացրել: ԳՈՒՄ-ի մոտ բնակարան ընտրեցին, կինն ասաց՝
պատշգամբ չկա, որ լվացք փռեմ, պատշգամբ կառուցեք, հետաքրքրվեցինք` անհնար
էր այնտեղ պատշգամբ ավելացնել, ասացինք՝ լավ, դրա փոխարեն լվացքի մեքենա
կգնենք, համաձայնեցին, անցավ որոշ ժամանակ, նորից, թե` չէ՛, չենք ուզում:
Ամբողջ 3 ամիս շարունակ բան ու գործ թողած նրանց հետ բնակարան էինք
փնտրում, ու ընտրեցին իրենց ուզածը: Ասում են, թե խոստացված վարձավճարը
չենք վճարել, բայց ինչպե՞ս կարելի է այդքան երախտամոռ լինել, մինչեւ
բնակարան գնելը պարտադիր ամսական 100 դոլար վճարել ենք, որից միայն
30-40-ը վճարում էին տան վարձ, իսկ մյուս մասն իրենց կարիքների համար էին
ծախսում: Ռ. Ղազարյանի տիկինն անընդհատ սպառնում էր, թե՝ սա եմ պոկելու,
նա եմ պոկելու, թերթի եմ տալու, բայց այս աստիճան խաբեբայությա՞մբ»:
Ինչեւէ, այն, որ Բագրատունյաց փողոցում այս ընտանիքի համար բնակարան է
գնվել, փաստ է, փաստ է նաեւ, որ բանալին գտնվում է հացադուլավորների մոտ,
փաստ է նաեւ, որ անհրաժեշտ փաստաթղթերում արձանագրված է հացադուլավորի
ստորագրությունը: Այս դեպքում բնականաբար գործարքն իրականում կատարվել է
օրենքի շրջանակներում եւ միանգամայն համաձայնեցված: «Եվրոստրոյսերվիս»
ՍՊԸ-ի տնօրեն Ն. Սահակյանի փաստաթղթերը երբ ներկայացրի հացադուլ
հայտարարած ընտանիքին՝ վերջիններս թե՛ զարմացան, թե՛ հաստատեցին, որ
գործարքը կատարվել է երկու կողմերի միջեւ` իրենց եւ ֆիրմայի
ներկայացուցիչների, սակայն այս անգամ էլ պնդում էին, որ դա արել են
չմտածված, ինչի արդյունքում խաբվել են: Իսկ երբ փաստաթղթերը ներկայացնելով
ասացի, որ իրականում «Եվրոստրոյսերվիսից» որեւէ բան պահանջելու իրավունք
չունեն, Ռ. Ղազարյանի տիկինը հետաքրքիր պատասխան տվեց. «Դե որ էդպես է,
թող էլիտար շենքում չտան, կողքի շենքերից մեկում տուն առնեն, իսկ Երրորդ
մասի տունն էլ կծախեմ՝ պարտքերս կտամ, ես դատարաններում մեծ փողեր եմ
ծախսել»: Փաստորեն. Ն. Սահակյանին դատավորներին կաշառելու մեջ մեղադրող
տիկինը, ինչպես հասկացանք, այս տրամաբանությամբ դեռ նպատակ ունի իր տված
կաշառքների պարտքերը փակել: