Հելսինկիում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հռչակագիր չի ընդունվել Ռուսաստանի պատճառով: Երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Lեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան: Այդ հարցով նախարարների քաղաքական հռչակագիր չընդունվեց` հիմնականում Ռուսաստանի կողմից հակազդեցության եւ անհիմն պահանջների պատճառով»,- APA-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի դիվանագետը: Մեթյու Բրայզան հաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Կուշների այն հայտարարությունը, որ միջնորդների մասնակցությամբ Հելսինկիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ նրանց ներկայացվել են կոնկրետ առաջարկներ` «տեխնիկական փաստաթուղթ»: Ֆասիեն ասել էր նաեւ, որ դրա հետ մեկտեղ՝ արտգործնախարարներին է փոխանցվել ժամանակացույց, ըստ որի՝ մինչեւ 2009 թվականի կեսը կողմերը պետք է համաձայնության գան հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ: «Մինսկի խմբի համանախագահները մի շարք գաղափարներ ներկայացրեցին այն մասին, թե ինչպես կարելի է մադրիդյան սկզբունքները հարմարեցնել երկու կողմերի շահերին: Բայց ես առայժմ չեմ կարող այդ մասին ավելի մանրամասն խոսել»,- ասել է Բրայզան` ավելացնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կոնկրետ ժամկետ չի որոշվել: Նա, սակայն, հույս է հայտնել, որ այն տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում: