Մարդու իրավունքների օրը

14/12/2008

Երեւանի քրեական դատարանի երեկ կայացրած որոշմամբ, «Մարտի 1-ի գործով ձերբակալված
7 քաղաքական գործիչների դատաքննությունը նշանակվել է դեկտեմբերի 19-ին, ժամը 12-ին, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը լինելու է դռնբաց: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրվում են ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Աբովյանի նախկին քաղաքապետ Հակոբ Հակոբյանը, ՀՀՇ անդամ Սուրեն Սիրունյանը եւ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը: Այսպիսով, դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկ ամսից էլ պակաս ժամկետում «կարողացել» է ծանոթանալ 12.000 էջ ծավալով 41 հատորանոց «7-ի գործի» նյութերին եւ նշանակել է դատավարության օրը: Հասկանալի է սակայն, որ սրա մեջ իրավական որեւէ նրբերանգ փնտրելն անհեթեթություն է. պարզապես իշխանությունները որոշել են ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ ինչ-որ ձեւով լուծել քաղբանտարկյալների հարցը: Եվ քանի որ վերը նշված քաղբանտարկյալներից ոչ մեկը հաստատ «խնդրագիր» գրող չէ, ստիպված պետք է դատական նիստեր անցկացնեն` ԵԽ ԽՎ-ի առաջ արդարանալով, թե` «ձեր ասած քաղաքական հայացքների համար ձերբակալվածների գործը գտնվում է դատարանում, որի վրա ճնշում գործադրել չեն կարող»: Իսկ այդ ընթացքում այս գործով յուրաքանչյուր դատական նիստ ամենայն հավանականությամբ վերածվելու է ինքնաբուխ հանրահավաքի: Բացառված չէ, որ այդ նիստերը դառնան նաեւ Համաժողովրդական շարժման ընդմիջված հանրահավաքները վերսկսելու առիթ:

Ի դեպ, երեկ ամբողջ աշխարհում նշվում էր Մարդու իրավունքների պաշտպանության օրը: