Բոնուս՝ ընտրակեղծիքներ իրականացնելու համար

14/12/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Ազգային ժողովը կազմակերպել էր լսումներ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի վերաբերյալ:

Կարճ ասած` քննարկում էին այդքան չարչրկված, բայց Սահմանադրության նախատեսած ժամկետում այդպես էլ չընդունված Երեւանի մասին օրենքը: Հրավիրվել էին բազմաթիվ կուսակցությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ 2005թ. ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում Երեւան քաղաքը ստացավ համայնքի կարգավիճակ, եւ Երեւանի քաղաքապետը ոչ թե պետք է նշանակվի, այլեւ ընտրվի: Այս պահանջն ընդգրկված էր Սահմանադրության անցումային դրույթներում եւ պետք է ընդունվեր մինչեւ 2007 թվականի նոյեմբեր: Սակայն կառավարությունը բավականին ուշացումով ԱԺ ներկայացրեց այս օրինագիծը: Ու թեեւ օրինագիծն ամիսներ առաջ է ներկայացվել ԱԺ-ին եւ անցել առաջին ընթերցման փուլը, սակայն բազմաթիվ հետաձգումներից հետո հաջորդ փուլի քննարկման արժանացավ միայն տարեվերջին: Եվ ինչպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր հայտարարել անցած քառօրյայի ընթացքում` Երեւանի մասին օրինագիծը քննարկելու համար դեկտեմբերի վերջին կհրավիրվի արտահերթ նիստ:

Եվ այսպես, այս օրինագծի ընդունումից հետո Երեւանում նախ պետք է կազմակերպվեն քաղաքի ավագանու ընտրություններ: Ընտրություններն անցկացվելու են համամասնական կարգով` կուսակցական ցուցակներով, ավագանու մանդատները կբաշխվեն կուսակցությունների կամ դաշինքների հավաքած ձայների համամասնությամբ: Երեւանի ավագանին բաղկացած է լինելու 65 անդամից եւ լինելու է տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինը: Ավագանին իր շարքերից պետք է ընտրի Երեւանի քաղաքապետ: Սահմանադրության փոփոխությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետը պետք է ընտրովի լինի, բուռն քննարկումների առարկա դարձավ այն հարցը, թե քաղաքապետը ընտրվելու է ժողովրդի՞, թե՞ ավագանու կողմից: Այս օրինագծի համաձայն՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունը լինելու է ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված` ավագանու կողմից:

Մայրաքաղաքում է կենտրոնացված Հայաստանի բնակչության մոտ կեսը, եւ համապետական ընտրությունների դեպքում մեր իշխանությունները ցանկալի ձայները ստանալու համար մեծ խնդիրներ են ունենում հատկապես Երեւանում: Եվ ահա այս պայմաններում իշխանությունների համար շատ մեծ ռիսկ կլիներ երկրի բնակչության կեսի համար ղեկավար մարմնի ուղղակի ընտրության կազմակերպումը: Բա որ դժգոհության, ճգնաժամի ու հատկապես վերջին խայտառակ նախագահական ընտրություններից հետո իշխանությունները չկարողանային անցկացնել իրենց ցանկալի թեկնածուին: Հավանաբար այս մտահոգության պատճառով էլ իշխանությունները կանգ առան ավագանու միջոցով քաղաքապետ ընտրելու տարբերակի վրա: Բացի այդ, ժողովրդի կողմից իսկապես ընտրված Երեւանի քաղաքապետը նույնիսկ հանրապետության մասշտաբով լինելու էր հզոր ուժ, եւ նրան դժվար կլիներ կառավարել: Ավագանու դեպքում, նախ՝ ցանկալի թեկնածուին անցկացնելու հավանականությունն է մեծանում, հետո էլ նրան կառավարելն է հեշտանում: Ավագանու 22 անդամներ կարող են քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնել: Չհնազանդվող քաղաքապետի դեպքում անվստահություն հայտնելու համար իշխանություններն իրենց ազդեցության տակ նվազագույնը 22 անդամներ կունենան: Երեկվա քննարկման ժամանակ հնչող հիմնական հարցը հենց Երեւանի քաղաքապետի ուղղակի ընտրության հարցն էր:

«Հայկական ժողովրդավարական պատկերացումների համար սա իսկապես նորամուծություն է: Եվ եթե նորամուծություն ես կատարում, դա միայն մի դեպքում արդարացում ունի, եթե դու ավելի ժողովրդավար մի բան ես ստեղծում: Ինչպե՞ս հասկանանք, ի՞նչ պատահեց, որ ունեցածից նահանջ ենք կատարում` համայնքապետի ուղղակի ընտրությունից անցնում ենք անուղղակի ընտրությանը, ու դա ներկայացնում ենք՝ որպես առաջադիմություն: Երբեք անուղղակին ուղղակիից լավը չի լինում»,- հայտարարեց ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Քաղաքապետն, այնուամենայնիվ, պետք է ուղիղ ընտրվի, որովհետեւ պետք է ունենա քաղաքացու անմիջական ձայնը: Եվ հենց դա էլ կլինի քաղաքապետի ուժեղ լինելու ու լավ աշխատելու ամենամեծ երաշխիքը: Ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած պաշտոնյա ծառայում է նրան, ով իրեն ձայն է տվել: Եթե ընտրված է կաշառքով, նշանակում է, որ ծառայելու է փողին: Եթե ընտրվել է ավագանու կողմից, նշանակում է, որ ծառայելու է ավագանուն, այլ բան է, որ ավագանին կարող է ընտրվել ժողովրդի կողմից: Եթե ժողովրդի կողմից է ընտրվել, կծառայի ժողովրդին: Դա աքսիոմա է: Այսօր մենք ԱԺ հեղինակությունն ենք ուզում բարձրացնել, բայց ԱԺ հեղինակությունը կբարձրանա, ես կարծում եմ, այն դեպքում, երբ ընտրությունները համապատասխան ձեւով են ընթանում, եւ որակյալ ցուցակներ են ձեւավորվում: Այսօր դա որեւէ կերպ չենք կարողանում իրականացնել, ես չեմ ուզում, որ Երեւանում էլ նմանատիպ իրավիճակ լինի»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը որեւէ հիմնավոր փաստարկ չկարողացավ ներկայացնել, թե ինչու է ընտրվել հատկապես ավագանիների միջոցով քաղաքապետի ընտրության տարբերակը: Նա անընդհատ կրկնում էր, թե աշխարհում այդ տարբերակի բազմաթիվ լավ փորձեր կան: Վ.Տերտերյանը նաեւ գտնում է, թե ուղղակի ընտրության պարագայում քաղաքացիները կդժվարանան կողմնորոշվել, թե որ թեկնածուին ընտրեն:

«Որպես փորձագետի՝ իմ անձնական հիմնավորումը հետեւյալն է. 1-1,2 միլիոնանոց համայնքի կողմից ուղղակի ընտրություն կատարելու պարագայում դժվար է գտնել այն չափորոշիչները, այն սկզբունքները` ինչին դուրս գալով` հանրությունը ընտրություն կկատարի: Ասում են, թե ուղղակին է ժողովրդավար: Հարցին հարցով պատասխանեմ, միգուցե ուղղակի եւ սպոնտա՞ն: Հիշեք, մենք ունենք ուղղակի թաղապետերի ընտրություններ: Այս դեպքում 1,2 միլիոնանոց քաղաքում վտանգներ կան ուղղակի ընտրության: Կաշխատի ճանաչվածությունը, կաշխատի սուբյեկտիվ գնահատականը, այլ ոլորտներում մարդու ունեցած հաջողությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ մի շատ հանրահայտ դերասան ընտրվի Երեւանի քաղաքապետ, դա լա՞վ է, թե՞ վատ: Նա կլինի առաքինի մարդ, հզոր բարոյականության կրող: Բայց մենք չենք ընտրում լիդեր, մենք ընտրում ենք գործադիր իշխանություն: Ես հակված եմ քաղաքապետի պաշտոնում տեսնել մենեջմենթի, կառավարման լուրջ փորձառություն ունեցող մարդու, քան կուսակցական լիդերի»,- ասում է պարոն Տերտերյանը:

Այս նախագիծն ունի նաեւ մեկ այլ հետաքրքիր կողմ: Եթե կուսակցություններից մեկը ընտրության արդյունքում ստանա բացարձակ մեծամասնություն, ապա նրա ցուցակի առաջին անդամը մեխանիկորեն կդառնա քաղաքապետ: Իսկ եթե ընտրության ու մանդատների բաշխման արդյունքում կուսակցություններից կամ դաշինքներից մեկը ստանա տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը կտրվի այդ կուսակցությանը: Բացարձակ մեծամասնություն ապահովելու համար չբավարարող տոկոսները կվերցվեն ավագանու անդամներ ապահոված մյուս կուսակցությունների ձայներից: Ահա այս կոմբինացիան էլ կառավարությունն անվանել է բոնուս: Այսինքն՝ բացարձակ մեծամասնության կամ ավագանու թեկնածուների 50%+1-ը բաժինը կհասնի նաեւ ընտրության արդյունքում 40 տոկոս ապահոված ուժին: Քննարկմանը մասնակցողների մեծ մասը դժգոհ էին նաեւ այս բոնուսից:

«Ուղիղ չենք ընտրում, գումարած դրան էլ՝ բոնուս ենք տալիս, լավ, բա քաղաքացու շահը, ձայնը որտե՞ղ մնաց: Եթե այս երեքը գումարում ենք իրար, տեսնում ենք, որ կունենանք մի քաղաքապետ, մի ավագանի, որոնք ըստ էության՝ քաղաքացու հետ ոչ մի կապ չունեն: Կարծում եմ, որ այս օրինագծի ընդունումը մեր իշխանություններին ձեռնտու է, որովհետեւ այդ բոնուսային համակարգն իրենց հնարավորություն է տալու քաղաքապետ ունենալ: Ունենալով որոշակի ընտրախավ, մանավանդ՝ նոմենկլատուրայի շրջանակներում, օգտագործելով վարչական ռեսուրսը, այն սեւ տեխնոլոգիաները, որ մինչեւ հիմա կիրառել են` ընտրակաշառք, ահաբեկում, արդյունքում կարող են ապահովել 40 տոկոսը: Բոնուսը ստանալով` կունենան քաղաքապետ: Արդյոք չե՞ք գտնում, որ բոնուսային այս սիստեմը հատուկ կատարված է նրա համար, որ իշխող կուսակցությունները տարբեր միջոցներով կարողանան շատ հանգիստ հավաքել 40 տոկոս եւ սկուտեղի վրա ունենան քաղաքապետ»,- հարց բարձրացրեց Ա.Մարտիրոսյանը:

Առայժմ զերծ մնալով մանրամասներից` ավելացնենք, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուն պետք է լինի 30 տարին լրացած անձ: Երեւանն ունենալու է իր բյուջեն: Երեւանի ավագանին ու քաղաքապետը պաշտոնավարելու են 4 տարի ժամկետով: Ավագանին տարին մեկ անգամ կարող է անվստահություն ներկայացնել քաղաքապետին: Սակայն անվստահություն ներկայացնելու հետ միասին՝ պետք է ներկայացնի իր նոր թեկնածուին: Ավագանուն կարող է արձակել կառավարությունը, եթե, օրինակ, այս մարմինն էլ 4 ամսվա ընթացքում նիստ չգումարի ու որոշումներ չկայացնի: Ավագանին ԱԺ-ի նման կարող է ունենալ խմբակցություններ, մշտական ու ժամանակավոր հանձնաժողովներ: Ավագանին աշխատելու է հասարակական հիմունքներով, սակայն աշխատանքի ընթացքում կատարած ծախսերի համար փոխհատուցում է ստանալու Երեւանի բյուջեից: Այդ փոխհատուցման չափը պետք է հավասար լինի պատգամավորին յուրաքանչյուր ամիս հատկացված գումարի 50 տոկոսին: Պատգամավորները գտան, որ քաղաքապետն ու ավագանու անդամները պետք է լավ վարձատրվեն, որ կոռուպցիայի ընձեռած գայթակղությանը դիմանան: «Մանավանդ, եթե հաշվի ենք առնում, թե Երեւանում ինչպիսի սեփականության վերաբաշխման խնդիրներ են առաջանում, եւ ինչպիսի լոբբինգ կարող է կատարել ավագանին: Կարծում եմ, որ ֆինանսական անկախությունը պետք է լինի: Շատ դրական եմ գնահատում, որ առաջարկվեց, որ քաղաքապետը պետք է պատգամավորի կրկնակիի չափ վարձատրվի, որովհետեւ մեծ հարստության տնօրինող է լինում, բավականին մեծ կոռուպցիոն ռիսկեր կարող են առաջանալ»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

Ազգային ժողովում Երեւանի մասին օրենքի նախագծի շուրջ լսումները կշարունակվեն նաեւ այսօր, իսկ քննարկման համար դեկտեմբերի 22-ին կհրավիրվի արտահերթ նիստ: