Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Քազեմ Ջալալին քննադատել է Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Խավիեր Սոլանայի արած հայտարարությունները: Ջալալին, անդրադառնալով Սոլանայի խոսքերին, ասել է, որ «միջազգային դեմքերը պետք է արտահայտվեն միջազգային ու իրավական նորմերի շրջանակներում, եւ նրանց խոսքերը պետք է արտահայտիչը լինեն միջազգային սկզբունքների»: Ջալալին, ակնարկելով Իրանի կողմից վստահության մթնոլորտի ստեղծման վերաբերյալ Սոլանայի արած հայտարարությունը, ասել է. «Իրանը մինչ այժմ Ին Փի Թի-ի դաշինքի շրջանակում կատարել է իր բոլոր պարտավորությունները եւ թափանցիկ է եղել ՄԱԳԱՏէ -ի ու բանակցող Արեւմտյան երկրների համար»: Սոլանայի այն պնդման կապակցությամբ, թե Իրանն իբր կարիք չունի ուրանի հարստացման եւ միջուկային վառելիքի, ասել է. «Նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը, Արեւմուտքը խոստացել էր 14 հազար մեգավատտ հզորությամբ ատոմակայաններ կառուցել Իրանի տարածքում, սակայն հեղափոխության հաղթանակից 30 տարի հետո Իրանի նկատմամբ գերպետությունների զոռբայական վերաբերմունքի պատճառով` տակավին որեւէ ատոմակայան չի գործարկվել»: Շեշտելով, որ իրավական տեսակետից պետք է կասեցվեն միայն ոչ խաղաղ նպատակ հետապնդող միջուկային ծրագրերը, Ջալալին մերժել է այդ նորմից դուրս ամեն կարգի պահանջները: