Ինժեներ Աշոտ Սիմոնյանը մանրամասնորեն պատմում է, թե ինչպես 2004թ.
մարտի 8-ին Հասարակածային Գվինեայի Մալաբո քաղաքում իրենց հատկացված
կացարանից` հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, զինված մարդիկ
ձերբակալեցին իրենց, ու նաեւ այն մասին, թե ինչ զրկանքներ են կրել` 1,5
տարի անցկացնելով Մալաբոյի բերդում:
Հիշեցնենք, որ «Անտոնով-12» օդանավը պատկանում էր հայաստանյան «Տիգա Էյր»
ավիաընկերությանը, որը ստեղծվել է 2000-ին եւ կազմում է «Դվին» կոնցեռնի
ավիացիոն մասնաճյուղը: 2003-ին ավիաընկերությունը պայմանագիր էր կնքել
գերմանական «Central Asian Logistics(CAL)» ավիաընկերության հետ, համաձայն
որի՝ գերմանական կողմը վարձակալել է օդանավը՝ դեպի Հասարակածային Գվինեա
առեւտրային թռիչքներ իրականացնելու համար:
Մինչ ձերբակալվելը
Հունվարի 8-ին օդաչուները Հայաստանից մեկնել են Մալաբո, որտեղ նրանց,
պայմանավորվածության համաձայն, պետք է դիմավորեին գերմանական «Central
Asian Logistics(CAL)» ավիաընկերության ներկայացուցիչները: «Մեզ
դիմավորեցին շատ մեծ դժվարությամբ. չէին իմանում, թե ով պետք է դիմավորի:
Հունվարի 12-ին հանդիպեցինք գերմանական կողմի ներկայացուցչին` Գերհարդին.
նա մեզ պետք է դիմավորեր ամսի 9-ի, այսինքն` Մալաբո հասնելուն պես, բայց
հանդիպեց միայն հունվարի 12-ին: Մեզ Հայաստանում ասել էին, որ պետք է
ապահովեն նորմալ հյուրանոցով եւ այլ կենցաղային պայմաններով, սակայն դա
այդպես չէր: Մեր աշխատանքն անընդհատ ձգձգվում էր, ու դա պատճառաբանում էին
նրանով, թե այս երկիրն այն երկիրը չէ, աշխատանքի վիզան չեն տալիս, եւ
այլն: Աշխատանքային հիմնական վիզան մենք ստացանք փետրվարի 12-ին»,- ասում
է Ա. Սիմոնյանը:
Պայմանագրի համաձայն, հայ օդաչուները պետք է տարբեր երկրներից Գվինեայի
նավթարդյունաբերության համար ապրանքներ տեղափոխեին: «Պայմանագրի մեջ նշված
է, որ մենք զենք, զինամթերք, թմրանյութեր, այսինքն` այն, ինչն օրենքով
արգելված է, չենք տեղափոխելու: Երբ Մալաբոյում հանդիպեցինք գերմանական
կողմի ներկայացուցչին, նրա հետ եւս մեկ անգամ հստակեցրինք, որ պայմանագրի
բոլոր այդ կետերը պետք է պահպանվեն,- պատմում է Ա. Սիմոնյանը։ -Մենք
առաջին թռիչքն արել ենք փետրվարի 17-ին` դեպի Նդոլա: Դա եղավ առաջինն ու
վերջինը: Նդոլայում մեզ ասացին, թե իրենք արդեն իրենց գործերն արել են, ու
մենք ուշացել ենք: Նաեւ ասացին, թե իրենք մեր հետ կնքած պայմանագիրը
կփոխեն ուրիշ ժամկետի համար, եւ նորից միասին կաշխատենք: Նդոլայից մենք
Մալաբո վերադարձանք փետրվարի 21-ին: Իսկ այդ երեք օրերին մենք սպասում
էինք, որ Նդոլայում մեզ դեպի Մալաբո թռիչքի իրավունք տան: Մեր ինքնաթիռը
ստուգվել է եւ Նդոլայում, եւ Մալաբոյում ու այն ամբողջովին դատարկ է եղել:
Իրենց ներկայացուցիչները դա տեսել են: Մենք ընդհանրապես ոչ մի բան չենք
տեղափոխել: Մենք այնտեղից որեւէ բան չէինք կարող տեղափոխել, որովհետեւ
իրենց մաքսակետը թույլ չէր տա: Բացի այդ` մեր հրամանատարը չէր թողնի, որ
մեր ինքնաթիռով անթույլատրելի` պայմանագրով չնախատեսված, բեռ տեղափոխեին:
Հնարավոր չէ նման բան, հասկանո՞ւմ եք: Մենք բոլորս էլ ընտանիք ունենք,
գիտենք, թե ինչ պայմանագիր ենք կնքել»: Մալաբո վերադառնալուց հետո հայ
օդաչուներն այլեւս որեւէ թռիչք չեն ունեցել: Ինքնաթիռը միշտ պատրաստ է
եղել թռիչքի, սակայն «Central Asian Logistics(CAL)» ավիաընկերության
ներկայացուցիչներն անընդհատ ձգձգել են աշխատանքը` ասելով` այսօր, վաղը…
Ինչպես ձերբակալեցին
«Մարտի 8-ի երեկոյան մենք նստած էինք տանը, պատրաստվում էինք ընթրիքի:
Եկան զինված մարդիկ ու սկզբում ձերբակալեցին մեզ հետ նույն տանն ապրող
հարավաֆրիկացիներին: Սեփական մեծ տուն էր, վարձակալել էին, ու մենք այնտեղ
էինք ապրում: Մեզ հետ կային նաեւ ղազախ օդաչուներ,- պատմում է Ա.
Սիմոնյանը։- Զինված մարդկանց մեջ էր նաեւ Մալաբոյի անվտանգության նախկին
նախարարը, որը Գվինեայի նախագահի բարեկամն է, ու գործող նախարարը: Նրանք
երկուսով դուրս եկան զրուցելու, որից հետո վերադարձան ու մեզ էլ
ձերբակալեցին: Մեր ձեռքերն անմիջապես շղթայեցին, զենքը պահեցին մեզ վրա,
պառկեցրին գետնին: Բոլորիս հավաքեցին իրար վրա, լցրեցին մի մեքենայի մեջ
ու տարան: Ձեռք չտվեցին միայն ղազախներին, մյուսներիս տարան բերդ: Մենք
շոկային վիճակում էինք, ու սկզբում չհասկացանք, որ մեզ բերդ են տանում:
Մտածում էինք` կտանեն ոստիկանական բաժանմունք, կպարզեն ու ազատ կարձակեն:
Բայց այդպես չեղավ: Այդ զինված մարդիկ նման էին կատաղած գազանների: Մեզ
լցրեցին մի տեղ, որը նման էր սպորտային դահլիճի, ուր կարող էին տեղավորվել
35-37 հոգի: Այդ օրը մենք ձեռքներս ետեւում շղթայված մնացինք այնտեղ:
Առավոտյան մեզ տարան բերդի բակ, լրագրողներ եկան, այդ ժամանակ միայն
հասկացանք, թե իրականում ինչ է կատարվում, բայց դարձյալ մտածում էինք, որ
սխալմունք է, որն անպայման կպարզվի»: Ձերբակալվել էին 8 հարավաֆրիկացիներ,
գերմանական կողմի ներկայացուցիչը, որը հայ օդաչուների մենեջերն էր, եւ 6
հայ օդաչուները։ «Հաջորդ օրը մեզ տարան հարցաքննելու, որի ժամանակ ծեծում
էին: Ամենաշատն ինձ էին ծեծում, տարիքով ամենամեծը ես էի, երեւի մտածում
էին, թե ես եմ օդանավի հրամանատարը»,- պատմում է ինժեներ Ա. Սիմոնյանը:
Ձերբակալությունից 15-20 օր հետո, ինչպես նշեց Ա. Սիմոնյանը, Մալաբոյի
անվտանգության հարցերով նախարարն ասել է, թե հայերն այդ հարցում պրոբլեմ
չունեն, բայց այդպես չեղավ: Նույն բանն ասել էին նաեւ ՀՀ ԱԳՆ
ներկայացուցիչ Սերգեյ Մանասարյանին, որն առաջին անգամ այցելել էր
օդաչուներին: Ա. Սիմոնյանի խոսքերով, իրենց բախտը բերել է այնքանով, որ
ձերբակալելուց հետո իրենց անմիջապես չեն գնդակահարել, քանի որ այդ երկրում
նման դեպքեր էլ են եղել: «Իրենք կարող էին մեզ վերացնել, իրենք նման փորձ
ունեն: Մեզ բերդում պատմեցին, որ երեք տարի առաջ նույն պատճառաբանությամբ
դարձյալ մի խումբ մարդկանց ձերբակալել, պատի մոտ գնդակահարել են ու այդպես
հարցը փակել են, իսկ այդ մարդկանց ոչ ոք այլեւս չի կարողացել գտնել: Մեզ
փրկեց Կարմիր խաչի ներկայացուցիչների բերդ կատարած այցը, որոնք մեզ
նկարեցին, հեռուստատեսությամբ ցույց տվեցին: Կարմիր խաչի ներկայացուցիչը
մեզ բոլորիս գրանցեց` ասելով, թե դա անում է, որպեսզի մեզ չկորցնեն»:
Մինչեւ դատավարություն հայ օդաչուներն անտեղյակ են եղել, թե իրենց ինչում
են մեղադրում եւ ինչի համար: «Մենք ոչինչ չէինք հասկանում, որովհետեւ ամեն
ինչ իսպաներեն լեզվով էր, նույնիսկ մեղադրական եզրակացությունը»,- ասում է
նա: Սիմոնյանի հավաստմամբ, իրենց մոտ պրոբլեմները ծագել են նախնական
ցուցմունքները փոխելուց հետո: «Մեզ երկրորդ անգամ տարան հարցաքննելու ու
իրենք գրեցին այն: Մեզանից ոչ ոք իսպաներեն չգիտի, իրենք էլ անգլերեն
չգրեցին` ասելով, թե իրենք էլ անգլերեն չգիտեն: Ու մեզ ծեծելով ստիպեցին,
որ մենք ստորագրենք այդ ցուցմունքների տակ` սպառնալով, որ եթե
չստորագրենք՝ շատ ավելի վատ կլինի մեր վիճակը: Բոլորս ստորագրեցինք»:
Գերմանացուն սպանել են
Ա. Սիմոնյանը պատմում է, որ գերմանացու մահը փոքր-ինչ հուսադրել է, որ
իրենց հետ նույնկերպ չեն վարվի. «Մեր վիճակը հարաբերականորեն լավացավ այն
բանից հետո, երբ գերմանացուն, կարելի է ասել, սպանեցին. երբ մարդուն չեն
կերակրում, տանջում են, երբ ինֆարկտ ապրած մարդու վրա չի կարելի սառը ջուր
լցնել, իրենք լցնում էին, պարզ է, որ պետք է մահանա: Բայց հայտարարեցին,
թե մահացել է սերեբրեն մալարիայից: Նրա մահից հետո մենք մտածում էինք, որ
մեր վիճակը կլավանա, որովհետեւ եթե մենք բոլորս նման ձեւով մահանայինք,
իրենք մեծ պրոբլեմներ կունենային: Իրենք դրանից սթափվեցին»,- ասում է մեր
զրուցակիցը: Մայիսի 13-ին առաջին անգամ հայ օդաչուներին Հայաստանից
այցելել են դեսպան Սերգեյ Մանասարյանն ու Գեւորգ Պետրոսյանը: «Այդ ժամանակ
մեզ մոտ մի փոքր հույս առաջացավ, եւ հասկացանք, որ մեզանով հետաքրքրվում
են, ու մենք «զրո» չենք, Հայաստանի քաղաքացի ենք»:
Բերդում
Մինչ օդաչուների վերադարձը տարբեր աղբյուրներից կցկտուր ինֆորմացիա լինում
էր, թե ինչ վիճակում են նրանք, սնունդ ստանո՞ւմ են ընդհանրապես, թե՞ ոչ,
որովհետեւ Հասարակածային Գվինեայի մասին այնպիսի պատմություններ էին
պատմում, որ տպավորություն էր լինում, թե այդ երկրում դեռ չեն
պատկերացնում, թե մարդու համար ջուր խմելը որքան կարեւոր է: «Սնունդը շատ
վատ էր: Սկզբի 10-15 օրերին մի կտոր հաց էին տալիս ու մեկ բաժակ ջուր, եւ
մենք ստիպված հացը փոխում էինք ջրի հետ, որովհետեւ չէինք կարողանում ծարավ
մնալ: Հետո` օրվա մեջ երկու կտոր հաց էին տալիս, ու մեկ-մեկ էլ` հավի, մսի
կտոր` մի բուռ բրնձի հետ: Դատավարության ընթացքում մեզ կերակրում էին,
բայց երբ դատը վերջացավ, մեզ կերակրելը մոռացան: Լավագույն դեպքում կես
բուռ բրինձ էին տալիս՝ մի կտոր հացի հետ: Լինում էր, որ այդ հացն էլ չէին
տալիս: Եթե իրենց մոտ տոն էր լինում, մեզ ընդհանրապես մոռանում էին: Իսկ
իրենց մոտ ամեն օր էլ, ինչպես իրենք էին ասում` ֆեշտա էր»,- ասում է Ա.
Սիմոնյանը: Դեսպան Ս. Մանասարյանը Գվինեա այցելելու ժամանակ գումար էր
տվել բանտապետին, որպեսզի փոխանցի օդաչուներին, բայց բանտապետն այդ
գումարի ընդամենը 20%-ն էր տվել նրանց: «Դրանով մեզ ուտելիք բերեցին, որը
մի կերպ ձգեցինք մի քանի օր: Դեսպանը վիտամիններ ու այլ դեղորայք էլ էր
բերել մեզ համար, բայց մեզ դրանից ոչինչ չհասավ: Եթե ձեռքները ճար լիներ,
մեր վրայի չեղած շորերն էլ կհանեին, այդ տեսակ ժողովուրդ են նրանք»,-
պատմում է նա: Ձերբակալելու օրվանից բանտախցում` փակ դռների տակ,
օդաչուների ոտուձեռքը մշտապես շղթայված են եղել: «Հաց ուտելու ժամանակ
արձակում էին ձեռքներս, մեկը կապում էին մահճակալին, որ կարողանանք հաց
ուտել»: Պարզվում է` քայլել ընդհանրապես չեն կարողացել. «Ի՞նչ քայլելու
մասին է խոսքը: Մեզ թողել են քայլել 6-րդ ամսից հետո միայն: Խնդրում էինք,
որ թողնեն գոնե զուգարան գնանք: Դա էլ չէին թողնում: 6 ամսից հետո ենք
կարողացել նորմալ զուգարան գնալ: Շղթայված էինք գնում զուգարան, տղաներով
էինք իրար օգնում` մեկը մյուսի կոճակներն արձակելով ու կոճկելով: Մեր
վիճակն ահավոր էր: Ճիշտ է, ես երբեք չեմ նստել բերդում, չգիտեմ` դա ինչպես
է լինում, բայց որքան ծանոթ եմ ֆիլմերից, նման բան չկա: Իսկ 9 ամիս մենք
ընդհանրապես խցից դուրս չենք եկել` ձերբակալվելու օրվանից մինչեւ
նոյեմբերի վերջերը: Վերջին երկու ամիսներին ենք նորմալ դուրս եկել բակ:
Շղթան այնքան ամուր էին կապում, որ հիմա ոտքներիս ու ձեռքներիս վրա
սպիները կան: Մետաղը ժանգոտում էր, ու սկսում էր ահավոր քոր գալ, բայց
չէինք կարողանում քորել»: Այնտեղ տարածված էին մալարիան ու տիֆը: Մալարիան
նրանց համար գրիպ է: Բոլոր օդաչուներն էլ հիվանդացել են մալարիայով,
ամենաշատը հիվանդացել է Ա. Սիմոնյանը եւ ամիսը երկու անգամ հիվանդանոց էր
պառկում: Այնտեղ էլ չեն արձակել նրա վրայի շղթաները: «Զուգարան էի գնում
զենքը մեջքիս պահած, էլ ի՞նչ կարող եմ ասել նրանց մասին, վայրի ցեղ են:
Իսկ զենք պահողները երեխաներ են, որոնք շատ ժամանակ ալկոհոլի կամ
թմրանյութի ազդեցության տակ էին լինում: Դա իրենց մոտ նորմալ երեւույթ է»:
Հիվանդանոցում երկու անգամ (դեկտեմբերի 24-ին եւ մայիսի 10-ին) Ա.
Սիմոնյանի դեմ մահափորձ է կատարվել: «Առաջին անգամ 4 հոգի` երկու տղամարդ,
երկու կին, բժշկական համազգեստով, փորձում էին անորոշ հեղուկ ներարկել:
Բժիշկն ինձ ասել էր, որ իմ բուժման կուրսն արդեն ավարտվել է, ու ես պետք է
դուրս գրվեի հիվանդանոցից: Իմ բղավոցներից փախան: Իսկ երկրորդ անգամ
դարձյալ բժշկի համազգեստով մեկն էր, որն աչքերիս ինչ-որ հեղուկ լցրեց ու
սկսեց գոռալ` ձեզ սպանել է հարկավոր: Դարձյալ իմ բղավոցներն ինձ փրկեցին»:
Ի՞նչ են անելու
«Ես ինժեներ եմ ու դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու: Մյուսներն էլ են նույն
վիճակում: Նման աշխատանքի մեզանից ոչ ոք էլ չի գնա, ես հաստատ չեմ գնա,
այն, ինչ տեսել եմ, մինչեւ կյանքիս վերջ բավական է: Բայց ընտանիքին պետք է
կերակրել, չէ՞: Երեխաներս մեծ են արդեն, ու ես առողջ տղամարդ եմ ու չեմ
կարող երեխաներիս հույսին մնալ: Ես դա ինձ թույլ չեմ տա, իմ խիղճն ինձ
թույլ չի տա նստել տանը: Տղաներից տարիքով ամենամեծը ես եմ, մնացածները
երիտասարդ են, նրանք դեռ պիտի աշխատեն ու աշխատեն»,- ասում է Ա.
Սիմոնյանը:
«Տիգա Էյր»-ի մասին
Օդաչուներին օդանավակայանում դիմավորելու էին եկել նաեւ «Տիգա Էյր»-ի
ներկայացուցիչները, դրանից հետո օդաչուները դեռ չեն հանդիպել նրանց: Ա.
Սիմոնյանի խոսքերով, իրենց անվտանգությունը պետք է ապահովեր գերմանական
«Central Asian Logistics(CAL)» ընկերությունը: «Մեր կյանքն ապահովագրված
էր «Տիգա Էյր»-ի կողմից, իսկ պայմանագրով անվտանգությունը պետք է նրանք
ապահովեին: Մինչեւ ձերբակալվելը մշտապես կապի մեջ ենք եղել «Տիգա Էյր»-ի
հետ, դրանից հետո որեւէ մեկի հետ չենք կարողացել կապի մեջ լինել: Մեր
խցերից նույնիսկ ռադիոներն էին տարել, եւ ով համարձակվում էր մեզ որեւէ
ինֆորմացիա տալ, դաժանաբար ծեծում էին: Այդ երկրում Կարմիր խաչը
փաստաթղթով գոյություն ունի միայն: Նրանք վախեցած են, մեզ հետ չէին
կարողանում նորմալ զրուցել: Ասում էին՝ եթե որեւէ բան ասենք, մեզ էլ
կնստացնեն ձեր կողքին, սա այն երկիրը չէ»: Նկարագրելու համար, թե դա
ինչպիսի երկիր է, Ա. Սիմոնյանը նշեց, որ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի այցը
Գվինեա, որը պայմանավորված է եղել բացառապես իրենց խնդրով, լուսաբանվել է
որպես մշակութային հարցեր քննարկելու այց: