– ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Հրայր Կարապետյանն «անլուրջ քաղաքական գործիչ» համարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, որը Հելսինկիում ընդունված հայտարարությունից հետո հայտարարել էր, թե ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ փաստաթուղթը պետք է կազմվի առաջին հերթին տարածքային ամբողջականության սկզբունքը հաշվի առնելով: Ավելի ուշ դա կրկնեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Ինչպե՞ս եք մեկնաբանում Բրայզայի հայտարարությունը, թե՞ Դուք էլ եք նրան «անլուրջ» համարում:
– Ես գտնում եմ, որ համանախագահողներին անձնավորված գնահատականներ տալը ճիշտ չէ, որովհետեւ իրենք իրենց պետությունների ներկայացուցիչներն են: Այնպես որ` նրանց գործունեությանը պետք է գնահատական տա այն պետությունը, որին իրենք ներկայացնում են: Ի վերջո, նրանք կոչված են արտահայտելու իրենց պետությունների տեսակետները, եւ եթե դա ճշգրիտ ձեւով չեն անում, թերանում են, ապա նրանց գնահատական պետք է տա այն պետությունը, որին իրենք ներկայացնում են: Իսկ ինչ վերաբերում է համանախագահողների հայտարարությանը, ապա, իմ կարծիքով, դրա իմաստը շատ պարզունակ է. նրանք փորձեցին ընդգծել, որ իրենք լիովին կիսում են մոսկովյան հռչակագրի մեջ ամրագրված այն թեզը, որ ԼՂՀ հիմնահարցը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով` առանց ուժի գործադրման: Նաեւ ամրագրեցին, որպեսզի կողմերը հրաժարվեն շփման գծում դիպուկահարների ներկայությունից:
– Իսկ տարածքային ամբողջականության սկզբունքի այդքան ընդգծված արտահայտությունն ինչպե՞ս եք գնահատում:
– Ես չեմ կարծում, որ Մ. Բրայզան պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր է թույլ տալիս իր անձնական խառնվածքի թելադրանքով, այնպես, ինչպես մտածում են որոշ դաշնակցականներ կամ կոնկրետ Հրայր Կարապետյանը: Դա այն մարտավարությունն է, որը Բրայզան համաձայնեցրել է ԱՄՆ Պետքարտուղարության հետ, եւ այդ մարտավարության նպատակն է` հայկական կողմին հետզհետե դրդել` համակերպվելու այն մտքի հետ, որ հայկական կողմը պետք է գնա այդ կարգի զիջումների: Ի՞նչ է նշանակում` տարածքային ամբողջականություն Ադրբեջանի մեկնաբանությամբ, չէ՞ որ Բրայզան հղում է անում ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությանը, այլեւ հղում է անում Ադրբեջանի կողմից առաջ քաշվող սեփական տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտության մասին մեկնաբանությանը: Իսկ Ադրբեջանը տարածքային ամբողջականությունը մեկնաբանում է ոչ թե համաձայն իր Անկախության հռչակագրում ամրագրված տրամաբանության, ըստ որի` Ադրբեջանն իր անկախությունը վերականգնել է` հանդիսանալով Ադրբեջանի Առաջին անկախ Հանրապետության իրավահաջորդը, այլ` այն «տրամաբանությամբ», որ ԼՂՀ-ն նախկինում հանդիսացել է Ադրբեջանի անքակտելի մասը: Մինչդեռ մենք գիտենք, որ 1918-20թթ. ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս չէր կազմում:
– Տարբեր տեսակետներ են հնչել Մայնդորֆյան հռչակագրի եւ Հելսինկիում ընդունված հայտարարության վերաբերյալ. ոմանք այն համարում են առաջընթաց, ոմանք էլ` ձախողում: Ըստ Ձեզ` Հայաստանն այդ երկու փաստաթղթերից ի՞նչ է ձեռք բերել կամ կորցրել:
– Մայնդորֆյան հռչակագիրը հայկական կողմի համար որեւէ վտանգ չի պարունակում: Ռուսական շատ լավ ասացվածք կա` «գլխատված մարդը մազերի մասին չի մտածում»: Այսինքն` ճիշտ չի արվում, երբ փորձ է արվում հետեւանքը ներկայացնել որպես պատճառ կամ վտանգ: Հետեւանքը վտանգ չի, վտանգը պատճառն է: Այսինքն` այն սխալ բանակցային գործընթացը Հայաստանի կողմից, որը որդեգրվել է տարիներ շարունակ: Շան գլուխը թաղված է 1997 թվականին: Այսօր ի՞նչ առարկություններ են հնչում այն մարդկանց կողմից, ովքեր փորձում են Մայնդորֆյան հռչակագրին տալ ավելի մեծ նշանակություն, քան արժանի է:
– Արդարացի չէ՞ մտահոգությունը, որ 1994թ. հետո առաջին անգամ ստորագրվել է մի փաստաթուղթ, որին ԼՂՀ-ն մասնակից չէ:
– Իհարկե ոչ, որովհետեւ 1994թ. ստորագրությունը` դրված ԼՂՀ-ի կողմից, ինչպես նաեւ ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովի այն չափազանց էական կետը, ըստ որի` ԼՂՀ-ն պետք է հանդիսանա բանակցային կողմ, արժեզրկվեցին 1997թ., երբ ԼՂՀ ազգընտիր առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության ոչ լեգիտիմ նախագահը նշանակեց ՀՀ վարչապետ: Կասկածելի լեգիտիմությամբ ՀՀ նախագահը ինքնորոշված, իր պետականությունը սահմանած ԼՂՀ նախագահին հրամանագրով նշանակեց ՀՀ վարչապետ: Այ, դրանից պետք է մենք սկսենք գնահատել այն, ինչ մենք այսօր ունենք սեղանին: Եվ այսօր դա ասում են այնպիսի մարդիկ, որոնք կարծես տեղյակ չեն, թե ինչո՞ւ դա այդպես եղավ: Ասում են` բա ո՞նց եղավ, որ 1994թ. զինադադարի մասին համաձայնագիրը ԼՂՀ-ն ստորագրեց, չէ՞ որ զինադադարի մասին փաստաթղթի տակ դրված է նաեւ ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը: Չքմեղանում են: Այդ մարդիկ այսօր ինչ-որ կոկորդիլոսի արցունք են թափում` ինչո՞ւ ԼՂՀ-ն չի մասնակցում եւ այլն: Իսկ ինչո՞ւ պետք է ԼՂՀ-ն մասնակցի, եթե միջազգային հանրությունն այն ժամանակ իր աչքերը փակեց այն բանի վրա, որ Ռ. Քոչարյանը 1998թ. Սահմանադրությամբ չէր կարող մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին, քանի որ չուներ բնակության ցենզ: Այսինքն` այս բոլոր հարցերն անիմաստ է այսօր արծարծելը, գնացքը գնացել է, 1997թ., երբ Հմայակ Հովհաննիսյանն աղաղակում էր, որ չի կարելի Ռ. Քոչարյանին նշանակել ՀՀ վարչապետ, քանի որ դա նշանակում է՝ անարգել ԼՂՀ ժողովրդին` նրա ազգընտիր նախագահին բերելով ՀՀ վարչապետ: Դա ոտնձգություն էր ԼՂՀ ժողովրդի կամարտահայտության դեմ, եւ այդ ոտնձգությունը նրանք կատարեցին միասին` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիմա ինչո՞ւ ենք մենք զարմանում, մենք ունենք այն, ինչ պետք է ունենայինք: Եվ այն ժամանակ որեւէ լուրջ վերլուծաբան չէր կարող կասկած ունենալ, որ, եթե 1997թ. Ռ. Քոչարյանը նշանակվում է ՀՀ վարչապետ, հետո անխուսափելիորեն դառնալու է ՀՀ նախագահ:
– Ուզում եք ասել` այն, ինչ այսօր ունենք, միայն Լ. Տեր-Պետրոսյանից մնացած ժառանգությո՞ւն է:
– Ոչ, ես ասում եմ այն, ինչ ասում եմ: Այն, որ Լ. Տեր-Պետրոսյանը լրջագույն սխալ է կատարել, երբ ԼՂՀ ազգընտիր նախագահին նշանակել է ՀՀ վարչապետ, ինքը` Տեր-Պետրոսյանն, ընդունել է եւ ներողություն է խնդրել ժողովրդից:
– Նա դրա համար ներողություն չի խնդրել:
– Այդ կոնտեքստում չէր, այո, բայց նախընտրական պայքարը թելադրում էր, թե ինչ կոնտեքստում պետք է նա ասեր: Կարեւորը նրբերանգները չեն, բուն էությունն է: Սա թերություն չէ, որը պետք է գնահատել Լ. Տեր-Պետրոսյանի բավականին խոցելի կադրային քաղաքականության շրջանակներում: Այսինքն` դա Սեպուհ Թաշճյանի կամ Ժիրայր Լիպարիտյանի նշանակում չէր, որը կարող է դիտվել ընդամենը սխալ կադրային լուծում, բայց սա այնպիսի լուծում էր, որը պետք է գնահատվի ոչ թե կադրային քաղաքականության տեսանկյունից, այլ` մեկ այլ տեսանկյունից, քանի որ դա փոխում էր ԼՂՀ ինքնորոշման համար պայքարի ամբողջ իմաստը:
– Ճի՞շտ են լուրերը, որ Դուք ընդգրկվելու եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում:
– Իմ անձի վերաբերյալ տարբեր կեղտոտ հերյուրանքներ են տարածվում այն դեմքերի կողմից, ովքեր չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Հմայակ Հովհաննիսյանը Հայաստանի Քաղաքագետների միության նախագահն է, որ քաղաքագետ է, որն իրենց նկատմամբ որոշակի առավելություններ ունի: Նաեւ, որ այդ առավելություններից ելնելով՝ ունի նաեւ անկախ լինելու առավելություն: Փորձելով աղավաղված ներկայացնել իմ կերպարը, նրանք ցանկանում են ստվեր գցել իմ անվան վրա, բայց դա նրանց չի հաջողվում, քանի որ մարդիկ բոլորին լավ ճանաչում են: Դա ապատեղեկատվություն է: Նաեւ ստելով գրել են, թե իբր ես եղել եմ «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ, այն դեպքում, երբ ես նույնիսկ այդ կուսակցության անդամ չեմ եղել: Իմ քաղաքական կենսագրության մեջ ես անդամակցել եմ ընդամենը երկու կուսակցության` ՀՅԴ-ին եւ ՀԺԿ-ին: Եվ որպեսզի վերջ տրվի այդ հերյուրանքներին, ասեմ, որ Հմայակ Հովհաննիսյանը երբեք չի եղել Կոմկուսի անդամ: 1990թ., երբ ՀՅԴ-ն պատրաստվում էր վերադառնալ Հայաստան, որոշել էի ամեն կերպ նպաստել ՀՅԴ վերադարձին, քանզի հայաստանյան քաղաքական դաշտում միակողմանի աջակողմյան շեղում էր նկատվում, եւ անհրաժեշտություն կար, որպեսզի քաղաքական դաշտում ընդգրկվի նաեւ ձախակողմյան կուսակցություն: Քանի որ ՀՅԴ-ն սոցիալիստական, ընկերվարական կուսակցություն է, ես որոշեցի նպաստել ՀՅԴ վերականգնմանը ՀՀ-ում: 1992-98թթ. ես եղել եմ անկուսակցական, եւ իմ կենսագրությունն ուզում են խեղաթյուրել եւ ինձ ներկայացնել թեթեւսոլիկ մեկին, ով անընդհատ կուսակցություն է փոխում: Բայց դա այդպես չէ: Այնուհետեւ 1998թ. Կարեն Դեմիրճյանի հետ ստեղծեցինք ՀԺԿ-ն, իսկ դրանից հետո ես այլեւս որեւէ կուսակցության չեմ անդամակցել: ՀԺԿ-ից էլ, գիտեք, 2001թ. դուրս եկա, որը կապված էր Արմեն Խաչատրյանի գործունեության եւ կուսակցությունն այլասերելու նրա, գիտեք, խալաթ, բյուջեի հաշվին գնված 90.000 դոլարանոց մեքենա, քայլերի հետ: Ես առաջարկեցի Ա. Խաչատրյանին վտարել կուսակցությունից, բայց քանի որ իմ առաջարկը չընդունվեց, ես կասեցրեցի իմ անդամակցությունը ՀԺԿ-ին: Այդ ժամանակվանից առ այսօր ես անկուսակցական եմ եւ իմ կարգավիճակի փոփոխման մասին ես այսօր չեմ մտածում, բայց եթե նույնիսկ մտածեմ, ապա կմտածեմ միայն նոր կուսակցության ստեղծման մասին: Մտադիր չեմ դաշտում եղած որեւէ կուսակցության անդամ դառնալու: