Երեւի թե յուրաքանչյուր մարդ հիշում է, որ փոքր հասակում իրեն ուղղված առաջին հարցերի շարքում, բացի անիմաստ` «պապայիդ ես շատ սիրո՞ւմ, թե՞ մամայիդ» հարցից, կար նաեւ «Որ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ» հարցը:
Այդ հարցի պատասխանը միաժամանակ նաեւ յուրաքանչյուր անհատի առաջին երազանքներից մեկն է: Իհարկե, այդ տարիքում երեխան ավելի շատ երազում է ունենալ գեղեցիկ տիկնիկ կամ խաղալիք ավտոմեքենա, հանդիպել Ձմեռ պապիկին եւ, ինչպես մանկական երգում է ասվում, որ` «լինի միշտ մայրիկը»: Տարիքի հետ երազանքները փոխվում են: Ի դեպ, երազները նույնպես: Հենց այդ երազանքներն են ժամանակին բերել նրան, որ մարդը ստեղծել է անիվ, նավ, գնացք, ինքնաթիռ: Հասել է տիեզերք: Կարողացել է էլեկտրականություն ստանալ եւ օգտվել դրանից, ճեղքել ատոմը եւ ստեղծել համակարգիչ: 21-րդ դարի մարդը եւս երազանք ունի: Սակայն ո՛չ 21-րդ դարի հայը: Գոնե այդպիսին է տպավորությունը: Ընդ որում` սա այն նույն հայն է, որը դեռ 20 տարի առաջ ապրում էր երազանքներով: Ունենալ անկախ պետություն, եւ արդի աշխարհի հետ խոսել հավասարը հավասարի պես: Այդ երազանքն իրականացավ: Ի դեպ, բոլոր երազանքներն էլ վաղ թե ուշ իրականանում են: Պետք է միայն ունենալ երազանք, այլ ոչ թե ապրել կենդանական բնազդով` միայն ուտելու եւ բազմանալու համար: Փորձենք հասկանալ 2008-90թթ. հայի երազանքը:
Հայ երեխաները երազում են մեծանալ եւ նմանվել «Որոգայթի» Հովոյին: Պատանիները երազում են «Ջիփ» ունենալ: Աղջիկները երազում են հարուստ փեսացու: Ուսանողները` «կայֆավատ ըլնեն», «աստղերը»` հարուստ «սպոնսըր կպցնեն»: Պատգամավորների երազանքներն ավելի քան տրիվիալ են` չկորցնեն իրենց ունեցած «գծերը» կամ գործարանները: Բայց այս ամենը անցողիկ կթվար, եթե… Եթե մեր գիտնականների, մտավորականների եւ արվեստագետների երազանքները լինեին այնպիսին, ինչպիսին են եղել եւ կան բոլոր ժամանակների եւ բոլոր ազգերի մտավորականների երազանքները: Քանզի հենց այդ խավն է միշտ եղել հասարակության շարժիչ ուժը: Հենց նրանց երազանքների իրականացումն է ընկած մարդկության պրոգրեսի հիմքում:
Այդ թվում նաեւ՝ հայ մտավորականների երազանքներն են մեր ազգին թույլ տվել հասնել 21-րդ դար: Բայց այսօր հայ մտավորականների միակ երազանքն է՝ հնարավորինս մոտ լինել ոչ ավել, ոչ պակաս… Սերժ Սարգսյանին: Օրինակ, գիտությունների դոկտոր Արթուր Բաղդասարյանի երազանքը ոչ այնքան Անվտանգության խորհրդի քարտուղար դառնալն էր, ինչքան նախագահական նստավայրում գտնվելը: Երգիչները երազում են «աստղ» դառնալ, որպեսզի «նեղ կռուգում» երգեն իշխանավորների պատվերով: Գրողները, նկարիչներն ու կոմպոզիտորները երազում են դառնալ իրենց միությունների նախագահներ ոչ այն պատճառով, որ զբաղվեն իրենց ոլորտով: Եվ անգամ՝ ոչ այնքան, որ «ուտեն» բյուջեով հատկացված գումարները, ինչքան այն բանի համար, որ Ամանորին իրենց հրավիրեն նախագահական նստավայր: Մեր մտավորականներն այդպես էլ չհասկացան, որ եթե իրենք երազանք ունենային, ապա ոչ թե իրենք կերազեին մոտ լինել նախագահին կամ որեւէ այլ պաշտոնյայի, այլ կլիներ ընդհակառակը: Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի երազանքների գագաթնակետը Երեւանի պետական համալսարանի դուռ-պատուհան փոխելն էր: Փառք Աստծո, այդպիսի օրինակ մեր իրականության մեջ դեռ կա: Մեր շախմատիստներից եւ ոչ մեկը, համոզված եմ, մյուսի «տակը չի փորում», նախագահին չի ասում, որ ինքն ավելի լավ շախմատիստ է, քան իր ընկերը (ռեժիսորների ականջը կանչի): Պարզապես նրանք բոլորն էլ ունեն երազանքներ: Եվ այդ երազանքներն իրար ետեւից իրականություն են դառնում:
Եվ անգամ այս ամենը չէր լինի ողբերգություն: Ինչպես կասեր Ջիվանին՝ «Ձախորդ օրեր են: Ձմռան նման կուգան ու կերթան»: Ողբերգությունը նա է, որ այս ամենը տեսնում են մեր երեխաները, որոնք դեռ ունակ են երազելու: Բայց մենք «մեր պուլտերով անջատում ենք» նրանց երազների հեռուստացույցը: Ինչպես դա եղավ 90-ականների կեսերին, երբ հաղթանակած ազգի երազող հատվածը կամ լքեց Հայաստանը, կամ «թարգեց» երազելը: Մի՛ սպանեք մեր երեխաների երազանքների բարի փերիներին: Որովհետեւ նրանք դեռ ունակ են սպասել եւ երազել, որ ինչ-որ մի օր երազանքների բարի փերին իրենց կուղարկի թագավորական պարահանդեսին: