Ծովից ծով ինտերնետ

14/12/2008

«Հայաստանը Թուրքիայի տարածքով ինտերնետ-մալուխ անցկացնելու հարցը քննարկում է բարձր մակարդակով»,- երեկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Թուրքիայի տարածքով ինտերնետ-մալուխ անցկացնելու հարցը տարբեր հանդիպումներում քննարկվում է Հայաստանի բարձր ղեկավարության կողմից: Հայաստանի նախագահն այդ հարցը շոշափել է Եվրոպայում ունեցած յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այդ հարցը բարձրացրել է ԱՄՆ կատարած վերջին այցելության ժամանակ»,- ասել է Երիցյանը: «ՏՏ ձեռնարկությունների կողմից մեր առջեւ բարձրացված խնդիրը դրված է բարձր մակարդակի վրա: Դրա լուծումը հնարավոր է՝ մեկ տարի կամ երեք տարի տեւի, բայց մենք այն անպայման կլուծենք»,- ասել է նա` միաժամանակ կարեւորելով ներդրումների ներգրավման հարցը: «Քաղաքական մակարդակում խնդրի լուծումից հետո ներդրումների անհրաժեշտություն կլինի, հակառակ դեպքում՝ կրկին կսկսվեն դժգոհություններ, թե «ԱրմենՏելն» արդեն անցկացրել է այդ մալուխը»,- ասել է Երիցյանը: Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն արդեն հայտնել է, որ մտադիր է պայմանագիր կնքել թուրքական «Turkish TeleCom»-ի հետ` Թուրքիայից ինտերնետ-ներկրում իրականացնելու մասին: Երկու երկրներն էլ իրենց երկրներում համապատասխան թույլտվություններ ստացել են եւ ձեռնամուխ են եղել պայմանագրի կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուն: