Ողբալի պատկեր

14/12/2008

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-րդ հոբելյանի կապակցությամբ երեկ Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանում այս առումով ողբալի պատկեր է, որ ամբողջությամբ ու նողկալի մանրամասներով բացահայտվեց հատկապես վերջին նախագահական ընտրություններով. ա) Իսպառ ոտնահարված են ազատ խոսքի, տեղեկատվություն ստանալու, ազատ տեղաշարժի, նամակագրության գաղտնիության եւ այլ հիմնարար իրավունքներ, ընդհուպ կյանքի իրավունքը: բ) Ոտնահարված է ազատ ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրավունքը. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններում Համաժողովրդական շարժման թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկեց ընտրողների ջախջախիչ մեծամասնությունը, մինչդեռ գլխիվայր շրջվեցին ընտրությունների արդյունքները, եւ հաղթող հռչակվեց իշխանական թեկնածուն: գ) Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ խաղաղ ցուցարարների գազանային ջարդ, իսկ նույն օրը երեկոյան խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեց նաեւ հատուկ միջոցներ ու հրազեն, զոհվեց առնվազն 10 մարդ: դ) Քաղաքական համոզմունքների համար հետապնդվել ու հալածանքների են ենթարկվել շուրջ 10.000 քաղաքացիներ: Մոտ 150 մարդ քաղաքական դրդապատճառներով հայտնվեցին անազատության մեջ, նրանցից 67 հոգի առ այսօր էլ դեռ քաղաքական բանտարկյալներ են: ե) Մերժել են քաղաքական ընդդիմության` խաղաղ հավաքներ անցկացնելու 91 հայտ, տասնյակ անգամներ հրաժարվել են դահլիճներ տրամադրել ժողովներ անցկացնելու համար»: