Երեկ Լեռնային Ղարաբաղի մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց վրդովմունքն են հայտնում հայկական հեռուստաընկերությունների կողմից ԼՂԻՄ-ի քարտեզը ցույց տալու կապակցությամբ եւ պահանջում են այն փոխարինել ՀՀ-ի եւ ԼՂ-ի քարտեզներով: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Արցախի ազատագրության համար մղված ազգային-ազատագրական պատերազմը 14 տարի առաջ պսակվեց հայության հաղթանակով: Այս հաղթանակի շնորհիվ հայ զինվորը դուրս եկավ Հայոց Հայրենիքի հյուսիս-արեւելյան այժմյան սահմանները: Այս պատերազմը նախ եւ առաջ մղվել է Հայոց Հայրենիքի սրբազան հողի ազատագրության համար: Ջնջելով հայ ժողովրդին պարտադրված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի» ապօրինի, արհեստական եւ անկենսունակ նախկին սահմանները, 2006 թ. Հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունն ամրագրել է մեր ժողովրդի լավագույն զավակների արյան գնով ազատագրված Հայոց հողի ինքնիշխան սահմանները: Այս պատերազմը ոչ միայն պատերազմ էր հանուն հայրենի հողի ազատագրության, այլեւ արդարացի հատուցում` Արցախի հայության քաղաքական պահանջներին` ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծած Ցեղասպանության: Ամրագրելով հաղթանակի արդյունքները, հայ ժողովուրդը համայն աշխարհին վճռականորեն ցույց է տվել, որ նման նկրտումներն այսուհետ երբեւէ անպատիժ չեն մնալու: Գաղափարախոսության կամ գործնական քաղաքականության ոլորտներում հայ ժողովրդի տարած հաղթանակի արդյունքների անտեսումը ոչ միայն սրբապղծում է մարտում զոհված հերոսների հավերժ վաստակը, այլեւ ոտնահարում Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում) եւ Ադրբեջանի մյուս քաղաքներում ու գյուղերում ցեղասպանված հայության հիշատակը` խրախուսելով Հայոց պետականության դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան: Այսպիսի հարցերում չկան եւ չեն կարող լինել մանրուքներ: Հայաստանի հանրային, ինչպես նաեւ մյուս հեռուստատեսությունների եթերում ԼՂՀ հռչակման պահից գոյություն չունեցող ԼՂԻՄ քարտեզի ամենօրյա ցուցադրումն ամեն օր շարունակ խորապես անարգում է ոչ միայն ՀՀ եւ ԼՂՀ, այլեւ Սփյուռքի հեռուստադիտողներին: Քաղաքական առումով այն հատկապես բացասական ազդեցություն է ունենում այժմ, երբ ազգի համար հակամարտության կարգավորման բանակցությունների վճռորոշ փուլում, ինչպես բոլորս հույս ունենք, հայոց դիվանագիտությունը պայքարում է հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար: Պահանջում ենք բոլոր հեռուստատեսությունների ցուցադրած օդերեւութաբանական կանխատեսման քարտեզներից հանել ԼՂԻՄ-ի պատկերը եւ փոխարինել այն ՀՀ եւ ԼՂՀ քարտեզով: Համոզված ենք, որ ամենակարճ ժամկետներում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` ստեղծված իրավիճակը փոփոխելու ուղղությամբ»: Հայտարարությունը ստորագրել են թվով 9 հասարակական կազմակերպություններ: