Չարժե արյան ծով դարձնել

03/07/2005 Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հունիսի 10-13-ը Ստամբուլում կայացավ Երեւանի Մամուլի ակումբի եւ
Ադրբեջանի լրագրողների «Ենի նեսիլ» միավորման աշխատանքային հանդիպումը
«Լրագրողական նախաձեռնություն. շարունակություն» նախագծի շրջանակներում։
Հանդիպմանը քննարկվում էին հայկական, ադրբեջանական եւ թուրքական մամուլի
հրապարակումների մոնիտորինգի արդյունքները: Հանդիպումներ եղան նաեւ թուրք
մի քանի լրագրողների հետ, որոնց հետ քննարկվում էին Թուրքիայի
եվրոինտեգրման գործընթացի մասին հարցեր:

Ստամբուլը պարզապես ընտրված էր որպես հանդիպման վայր, այնպես որ,
թուրքական կողմից որեւէ մեկը շահագրգռված չէր մեզ իրենց երկիրը
պրոպագանդելու, եւ հայկական խումբն ինքնուրույն էր ծանոթանում երկրին:
Ստամբուլի մասին եմ ուզում պատմել: Մենք տեղավորվել էինք Ստամբուլի
եվրոպական հատվածի Տաքսիմ հյուրանոցային թաղամասում: Տաքսու թուրք մի
վարորդ, սովորության համաձայն, մեզ էլ հարցրեց, թե որ երկրից ենք:
Ասացինք՝ Արմենիա, բայց չպատկերացրեց: Ասացինք՝ Արմանիա, ինչպես Աթաթուրքի
անվան օդանավակայանի ցուցանակում էին նշել, նույնպես չհասկացավ: Վերջը
ասացինք՝ Էրմենիստան, ինչպես իրենք են անվանում. «Օ՜, Էրմենիստան»,-
բացականչեց ու հարցրեց, թե որքան մարդ է ապրում Հայաստանում: Ամեն դեպքում
ասացինք՝ 3 մլն: Տաքսիստի զարմանքը մեծ էր՝ «Միայն 3 մլն մարդ ապրում է
Տաքսիմ թաղամասում»: Մտքումս սկսեցի թվեր համեմատել՝ Թուրքիայի
ազգաբնակչությունը 70 մլն է, Ստամբուլինը՝ պաշտոնական տվյալներով՝ 20 մլն,
ամեն օր միայն Ստամբուլ 3 մլն զբոսաշրջիկ է մտնում… Ու հիշեցի Թուրքիայի
հնարավորությունների մասին մեր քաղաքական էլիտայի դատողությունները,
Քոչարյան-Էրդողան նամակագրությունը…
Մեր ժամանակի հիմնական մասն անցկացնում էինք Բոսֆորի ափին հանգրվանող
«ՍԵՍՏԱ» նավի վրա, որը պատկանում է ազգությամբ թուրք Սեյյար Բորանչիլիին:
Սեյյարի կինը՝ Ֆերիդան, ադրբեջանուհի է, որը մոտ 15 տարի է, ինչ ապրում է
Ստամբուլում: Մանկաբույժի կրթությունը ստացել է Ադրբեջանում, ապա սովորել
է նաեւ Թուրքիայում: Ֆերիդան առավոտից մինչեւ կեսօր աշխատում է
մասնագիտությամբ, երեկոյան օգնում է ամուսնուն: «ՍԵՍՏԱ»-ն ունի ռեստորան,
սրճարան, դիսկոտեկ, որից օգտվում են զբոսաշրջիկները, եւ նաեւ Բոսֆորի
շուրջ զբոսանք է կազմակերպում: «ՍԵՍՏԱ»-ն բավական ճանաչված նավ է, ու
ժամանակին, երբ 8 տարի շարունակ այն վարձակալում էր «Suissotel»-ը,
բազմաթիվ ճանաչված հյուրեր էր ունենում: 2003թ. մայիսին «ՍԵՍՏԱ»-ն ափում
կանգնած՝ հսկայական Տանկերը բախվեց, եւ վթարի արդյունքում այսօր նավն
ամբողջությամբ դեռ վերականգնված չէ: Մինչ այդ սարսափելի վթարը, «ՍԵՍՏԱ»-ի
հյուրերը տարբեր երկրների նախագահներ էին, բարձրաստիճան պաշտոնյաներ: Նավի
մաղթանքների գրքույկի մի էջում իր տպավորությունների մասին էր գրել Մ.
Գորբաչովը, որի ձեռագիրը դժվար ընթեռնելի էր. պարզվեց՝ Գորբաչովն այդ
տողերը գրել էր արդեն գինովցած տրամադրության ներքո: Տարբեր էջերում
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի եւ
շատերի մաղթանքներն էին, որոնց ավելացան նաեւ հայերեն լեզվով առաջին
բարեմաղթանքները: Զբոսանավի բիզնեսն այնքան էլ հեշտ չէ եւ մեծ ծախսերի հետ
է կապված, այդ պատճառով նավաստիներն այստեղ կատակում են, թե՝ «Նավ
ունեցողն իր կյանքում երկու անգամ է երջանիկ լինում, մեկ՝ երբ նավը գնում
է, եւ մեկ էլ՝ երբ այն վաճառում է»: Թուրք եւ ադրբեջանցի այս ընտանիքի
ջերմ ու հոգատար վերաբերմունքը բոլոր հյուրերին էր զարմացնում: Մեկ հոգու
ընթրիքը եւ երեք ու կես ժամանոց զբոսանքը Բոսֆորի վրա արժե 75 դոլար:
Բոսֆորի ափին հանգրվանած զբոսանավերի քանակից հասկանալի է դառնում, թե
ինչպիսի բիզնես է դա: Զբոսանավի՝ պետական եւ մասնավոր ափերին կայանելու
համար վարձակալության չափը տարեկան 3-5000 դոլար է: Ընդ որում, այստեղ
ամեն քայլափոխի այնպիսի շքեղ զբոսանավեր էինք տեսնում, որոնց գինը
Հայաստանի բյուջեից կրկնակի, եռակի թանկ էր: Բոսֆորի ափն օրուգիշեր
ողողված է ձկնորսներով: Հիմնականում ստավրիդա տեսակի ձուկ են որսում. մի
մասի համար դա օրվա կերակուր է, մյուս մասի համար՝ կայուն բիզնես: Եվ
նրանք գնահատում են իրենց ծովը՝ երբեք աղբ չեն նետում, խնամում են
լողափերը: Յուրաքանչյուր ձկնորս օրական մոտ 150 կգ ստավրիդա է որսում, այդ
պատճառով Թուրքիայի իշխանությունները որոշ վերլուծություններից հետո
որոշել են վերահսկել եւ հարկեր սահմանել:
Ստամբուլում մենք բոլորովին էլ չզգացինք ազգային վատ տրամադրվածություն:
Ընդ որում, այստեղ առավել, քան զգում ես, որ թուրք ազգը առեւտրական է
մինչեւ հոգու խորքը, եւ Ստամբուլի սովորական քաղաքացու համար ցանկացած
օտարերկրացի ընդունելի է, քանի որ իրենց երկրում հսկայական փողեր են
ծախսում: Նրանց շուկաներում նույնիսկ փոքրիկ վաճառականները նեղանում են,
երբ որեւէ բան գնելիս գին գցելու «բազար» չես անում: Նրանք հաճույք են
ստանում սակարկելուց: Երկիրը ճանաչելու համար, ասում են, պետք է նրա
շուկայում լինես: Մենք այցելեցինք նաեւ Ստամբուլի արեւելյան «Մեծ շուկան»:
Եթե քաղաքի եվրոպական հատվածը շատ մաքուր է, կառուցապատվում է ու
համալրվում եվրոպական ոճի նորակառույցներով, լի է ռեստորան-սրճարաններով,
եվրոպական հայտնի ֆիրմաների խանութներով, ապա «Մեծ շուկայի» հատվածի մասին
նույնը չես կարող ասել: Այն փնթի ու կեղտոտ է, սնունդն ու հագուստը,
կահույքն ու քաղցրավենիքը կողք կողքի են վաճառվում: Առավել նկատելի է
դառնում սոցիալական ծայրահեղ բեւեռայնությունը՝ աղքատի ու հարուստի միջեւ:
Եվ շուկայից դեպի քաղաքի եվրոպական հատված վերադառնալիս անգամ մարդկանց
դեմքերն են փոխվում. դիմագծերը դառնում են ավելի գեղեցիկ, սպիտակամաշկ ու
եվրոպական:
Տաքսիների քանակն անմիջապես աչքի է զարնում: Այստեղ էլ, եթե որեւէ տաքսու
վարորդ իր հերթից առաջ ընկնելով հաճախորդ է վերցնում, բոլոր վարորդները
հարձակվում են վրան: Տաքսու վարորդներն, ի դեպ, շատ քիչ, սակայն
տիրապետում են մի քանի լեզուների եւ պատրաստակամ սովորում էին նաեւ
հայերեն որոշ արտահայտություններ:
Ստամբուլում կյանքը հատկապես երեկոյան ժամերին ավելի է աշխուժանում, բոլոր
հանգստի վայրերը մինչեւ ուշ գիշեր աշխատում են: Ստամբուլի երկու ամենամեծ
դիսկոտեկները երիտասարդության ամենամեծ հավաքատեղին են: Շաբաթ եւ կիրակի
օրերին այդ դիսկոտեկների մոտ, որոնցում ամեն շաբաթ մրցույթներ են
անցկացվում եւ խաղարկվում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, երեկոյան
ժամերին միշտ ավտոխցանումներ են լինում: Ստամբուլն իսկապես առաջ է
ընթանում խոշոր քայլերով եւ ամեն քայլափոխի դա զգում ես, եւ պետք չէ, որ
դրա մասին պատմեն: Եվ ամեն ինչը, ցավոք, անկախ քեզանից սկսում ես
համեմատել Հայաստանի հետ: Իսկ համեմատության արդյունքը տխուր է լինում:
Հարցեր են առաջանում՝ մեր իսկ շահերից ելնելով արդյոք ճի՞շտ է, որ մենք
նման տոնով հարաբերություններ հաստատենք Թուրքիայի պես հսկա պետության
հետ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Թուրքիայի հետ մեր սահմանը
բացվի, տնտեսական եւ քաղաքական համագործակցություն սկսվի, ինչը բխում է
առաջին հերթին՝ Հայաստանի եւ հետո նոր՝ Թուրքիայի շահերից:

Ստամբուլ-Երեւան