Երեկ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր բարձրության վրա էր: Նախ՝ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հայտարարեց, որ Ամանորի նախաշեմին ՀՀ-ում սննդի շուկայում արձանագրվել են գնանկման դեպքեր: Ըստ նրա` առաջին անգամ եվրոպական երկրների նման, ՀՀ-ում, մասնավորապես՝ սուպերմարկետներում, սննդի գնի նվազում է նկատվել, կիրառվում են զեղչեր նախատոնական առեւտրի համար: Միայն նկատվել է ձվի գնի աճ. այն 55 դրամից դարձել է 60: «Սա դրական երեւույթ է, որը, թերեւս, բոլորի աշխատանքի արդյունքն է: Տնտեսվարող սուբյեկտներն էլ հասկացել են, որ այս պարագայում ավելի ձեռնտու է աշխատել»,- նշեց Ա. Շահնազարյանը: Նա, թերեւս, մոռանում է, որ վերջին 20 տարում առաջին անգամ է, որ աշխարհում նման տնտեսական ճգնաժամ է եւ շատ արագ տեմպերով ընկնում են ապրանքների գները: Հետո հանդիսավորությամբ ընդունվեցին տուգանքների ու նախազգուշացումների վերաբերյալ որոշումները: Նախազգուշացվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը, 500.000 դրամի չափով տուգանք նշանակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նկատմամբ (սահմանված ժամկետում նախատեսված տեղեկատվությունը չներկայացնելու համար) եւ «Գեղարդ մսամթերքի կոմբինատի» նկատմամբ: Որոշվեց նաեւ, որ «Թամարա Ֆրութի» բաժնետեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից իր 33,34 % բաժնեմասի վաճառքն ընկերության մյուս բաժնետերերին չի համարվում համակենտրոնացում, քանի որ տեղի է ունենում սեփականատիրոջ փոփոխություն, որը տվյալ ոլորտում մրցակցությունը չի սահմանափակում: