«Բջնի» հանքային ջրի գործարանի հետ կապված խնդիրները մոտենում են տարօրինակ հանգուցալուծման: ՀՀ նորօրյա պատմության մեջ այն աննախադեպ է: Առաջին անգամ հրապարակավ աճուրդի է դրվում աշխատող ձեռնարկություն: Ձեռնարկություն, որ վերջին տարիներին հաջողացրել էր երկու ապրանքանիշ մտցնել շուկա: «Բջնի» հանքային ջուրը հայտնի ապրանքանիշ էր նաեւ Խորհրդային Հայաստանում: Բայց հայտնի էր որպես երկրորդ կարգի հանքային ջուր, որ անգամ ներքին շուկայում մրցունակ չէր: Խորհրդային Հայաստանում ամանորյա սեղաններին «Բջնի» դնում էին սովորաբար ամենաանճարակները: Հաջողակների սեղանին «Ջերմուկ» էր: Իսկ առանձնահատուկ «շիկ» էր համարվում լատինատառ պիտակ ունեցող ու «էքսպորտային» համարվող «Ջերմուկը»: Անցած տարիների ընթացքում «Բջնի» ապրանքանիշը ջարդեց խորհրդային տարիների ստերեոտիպը: Ավելին: Գործարանին հաջողվեց ներքին շուկայում կայացնել երկրորդ` «Նոյ» խմելու ջրի ապրանքանիշը: Այս երկրորդ ձեռնարկը սկզբում բոլորին զարմացրեց: Ողջ Խորհրդային Միությունը գիտեր, որ Հայաստանում բացում ես խմելու ջրի ծորակն ու ըմբոշխնում աշխարհի ամենահամով ջուրը: Բայց արի ու տես, որ «Նոյն» իր որակով մեզ բոլորիս համոզեց: Համոզեց, որ լեռնային աղբյուրների ջուրը կարելի է շշալցնել առանց համային կորուստների: Համոզեց վճարել քաղաքում լեռնային աղբյուրի ջուր ըմբոշխնելու համար: Հետո հանքային ջրի այս գործարանի արտադրանքը սկսեց արտահանվել: Ու հանկարծ բարգավաճող այս ձեռնարկությունը հանվեց աճուրդի:
Որպես հիմնականում տնտեսական թեմաներով գրող լրագրող, ես կատարված գործընթացների քաղաքական ենթատեքստին չեմ անդրադառնա: Զուտ տնտեսական առումով ակնհայտ է, որ «Բջնիի» նկատմամբ կատարվածը դուրս է տրամաբանությունից: Նույն տնտեսական գործընթացների տրամաբանությունից: Սկզբում հայտարարվեց, որ ձեռնարկությունը պարտքեր ու տույժ-տուգանքներ է կուտակել: Կուտակել է հարազատ պետբյուջեի հանդեպ: Եթե ճիշտ եմ հիշում՝ պարտքը 1,3 մլրդ դրամ էր հայտարարված, տույժ-տուգանքը՝ մոտ 2 անգամ ավելի: Հայրենի իշխանությունները 4 մլրդ պարտքը ստանալու ամենաօրիգինալ ճանապարհն ընտրեցին: Ու` ամենատարօրինակ ճանապարհը: Գործող ձեռնարկությունը, որ 400-ից ավելի աշխատատեղեր ու բյուջետային մուտքեր էր ապահովում, որոշվեց փակել: Այս քայլի մեջ դժվար է տեսնել որեւէ պետական կամ սոցիալական շահ: Նման շահեր դավանող պետությունը, հարկավ, պիտի փորձեր հսկողության տակ առնել ձեռնարկության կառավարումը: Հետեւեր, որ այն անխափան աշխատի: Աշխատի եւ հարկ ու աշխատավարձ վճարի: Պետությունը պիտի ձգտեր սեփականատիրոջ ստանալիք շահույթից գանձել իր տույժ-տուգանքը: Բայց մերոնք փակեցին գործարանը: Գույքագրեցին պատրաստի արտադրանքն ու սարքավորումները: Հետո մի քանի մլն դրամով իրացրին պատրաստի արտադրանքը: Հիմա պատրաստվում են աճուրդով վաճառել գործարանը: Կհանդգնեմ ենթադրել, որ պետությունն իր ակնկալած 4 մլրդ դրամի կեսն էլ չի ստանալու: Պետբյուջեին նման քայլերով հասցրած վնասի համար ոչ ոք ոչինչ չի ասի: Ոչ էլ պատասխանատվության կենթարկվի:
Պարզապես մեր տնտեսական կյանքում նոր ավանդույթ կձեւավորվի: Մասնավոր սեփականությունը խոցելի դարձնելու ավանդույթ: Արդարացի լինելու համար ասենք, որ մասնավոր սեփականության հանդեպ ոտնձգության փաստով մենք առաջինը չենք: Անցած դարում բոլշեւիկյան Ռուսաստանն էլ իր 70-ամյա կայսերական կյանքը սկսեց «Ունեզրկենք ունեզրկողներին» լոզունգով: Տնտեսական կոլապսները, որի առջեւ բոլշեւիկները կանգնեցրին երկիրը` հայտնի են բոլորին: Հիմա Ուկրաինան ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում այդ տարիների քաղաքականությունը որակել՝ որպես եղեռն: Սեփականության նկատմամբ ցանկացած կասկածելի որոշում բացասական վերաբերմունք է ծնում: Բոլոր երկրներում սեփականության իրավունքը պաշտպանված է հիմնական անվանվող օրենքներով:
Բոլոր երկրները, որոնք իսկապես փորձում են զարգացնել իրենց տնտեսությունը, փորձում են նման նախադեպեր թույլ չտալ: Սեփականության անբավարար պաշտպանվածությունն օտարերկրյա ներդրողին կողմնորոշում է խուսափել ներդրումներից: Կապիտալն ընդհանրապես շրջահայաց երեւույթ է: Վախկոտ լինելու աստիճանի շրջահայաց: Դա վերաբերում է նաեւ ներքին կապիտալին: Մեր գործարարներն էլ հավանաբար նման հետեւություններ կանեն: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս օրերին զարգացող բոլոր երկրներից կապիտալի արտահոսք է արձանագրվում: Արտահոսք` դեպի ավելի կայուն ու հասկանալի տնտեսություն ունեցող երկրներ: Մեր իշխանությունները, կարծես, փորձում են խրախուսել այս գործընթացը: Թե ո՞րն է այստեղ մեր պետության շահը, ես չեմ հասկանում: Ճիշտ այնպես, ինչպես անհասկանալի է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության երեկվա տարածած հաղորդագրության այս հատվածը. «Ի դեպ, նշենք նաեւ, որ ընկերության տնօրենը վերջին շաբաթվա ընթացքում բացակայել է գործարանից, անհասանելի եղել բջջային հեռախոսով»: Զիլ հիմնավորում է: Ու նոր խոսք տնտեսական իրավունքի պատմության մեջ: