ՀՀ Վերահսկիչ պալատը Գեղարքունիքի մարզում մարզպետարանի, Սեւան, Վարդենիս, Կամո, Գավառ քաղաքների քաղաքապետարանների, Սարուխան, Ծովակ, Նորադուս, Լճաշեն, Ներքին Գետաշեն եւ մի շարք այլ գյուղերի համայնքապետարանների դիտարկման արդյունքում հայտնաբերել է 597 միլիոն դրամի խախտում: Ըստ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` 150 միլիոնի խախտումները կապված են գնումների գործընթացի հետ, որն, ըստ նրա` չի գործում սահմանված կարգի համաձայն: Ի.Զաքարյանի հավաստմամբ` երեք դեպք համարվել է արտառոց, որոնց առնչությամբ խորհուրդը որոշել է գործերն ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն: Սեւանի քաղաքապետարանի գործունեության արդյունքում քաղաքում վաճառվել է երկու դպրոց եւ մանկապարտեզ: «Սեւան» ազգային պարկում գտնվող հողերից 47 հեկտար` տարեկան 14 դրամ վարձավճարով (ամսական` 1,2 դրամ), տրվել է Արայիկ Հայրապետյանին` կառուցելու «Լավանդա սիթի» հանգստյան գոտի` 1908 մետր նիշից ցածր: Սակայն խախտվել է ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի` 1908 մետր նիշից ցածր կարող է լինել միայն ոչ կապիտալ շինությունը: Սեւանի քաղաքապետը տվել է շինարարության իրականացման թույլտվություն, ՀՀ Կադաստրի պետական կոմիտեն տվել է սեփականության վկայական: Տրվել է 50-60 տարով վարձակալության այն պարագայում, երբ ՀՀ կառավարության որոշումը սահմանում է վարձակալության ժամկետ 3-5 տարով: Ձեւակերպումներում գներն արհեստականորեն իջեցված են` հարկային դաշտից խուսափելու համար: Տնակների շուկայական արժեքը 40-60.000 դոլարի սահմաններում է, իսկ ձեւակերպումներում ցույց է տրվել 1,5 միլիոն, 2, իսկ ամենաբարձրը` 8 միլիոն դրամ: Ի.Զաքարյանի խոսքերով` խորհրդի հաջորդ նիստի քննարկման առարկան է լինելու «Սեւան» ազգային պարկի հողերի օգտագործման տրամադրման օրինականությունն ընդհանրապես. խնդիրը ներկայումս ուսումնասիրվում է: Դատախազություն կուղարկվեն նաեւ Վարդենիսի քաղաքապետարանում կատարված ստուգումների արդյունքները: Բոլոր համայնքներին տրվել է հնարավորություն ներկայացնելու ժամանակացույց` խախտումների վերացման համար: Ժամանակացույցը չի ներկայացվել: Խոսքը 42-45 միլիոն դրամի մասին է: Գեղամասար գյուղում իրականացված շինարարության համար պատասխանատու է մարզպետարանը. ծախսվել են բավական լուրջ գումարներ, որպեսզի գյուղը, հետագայում՝ նաեւ շրջակա տարածքներն, ապահովվեն ջրով, երեք ճյուղերով ջրագիծ է կառուցվել, եւ այն պահին, երբ պետք է այն միացվեր մայր ջրագծին, պարզվել է, որ մայր ջրագիծ չկա: Ողջ ծախսը ՀՀ Վերահսկիչ պալատը գնահատել է՝ որպես անարդյունավետ, լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 200 մմ խողովակներով մայր ջրագծից 5800 մետրը դատարանի որոշմամբ բռնագանձվել է ի օգուտ ՀՀ Սոցիալական ապահովության հիմնադրամի, որին գյուղապետարանը 1,6 միլիոն դրամ պարտք է եղել: Նշանակում է, որ 1 գծամետր խողովակը տրվել է 276 դրամով, այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքն 8-11 հազար դրամ է: «Ինչպե՞ս է կատարվել հաշվարկը, ինչպե՞ս է դատավորը որոշում կայացրել` պետք է ուսումնասիրվի. այդ մասին որոշում եւս կայացվել է այսօրվա նիստում: Դատավորի դեպքի հետ կապված` դիմելու ենք Արդարադատության խորհրդին, որովհետեւ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ մենք մեր ուսումնասիրությունների ընթացքում գործ ենք ունենում նման խնդրի հետ»,- ասել է Ի.Զաքարյանը:
Ի.Զաքարյանը նաեւ նշել է, որ դեկտեմբերի 3-ին խորհրդի հրավիրված նիստում որոշվել է եւս երկու կազմակերպությունների գործեր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն: «Տեդաս» ընկերությունը, որը մինչեւ սահմանված ժամկետի` նոյեմբերի վերջ պայմանագիր չի կնքել այն համայնքի հետ, որտեղ պետք է գազիֆիկացում իրականացնի, եւ երեք տարի շարունակ 57 միլիոն դրամ է վերցրել եւ չի իրականացրել իր աշխատանքը: Գործն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի համայնքին պատճառած վնասը վերականգնվի: Մանկական խնամակալական կազմակերպությունների համար անհրաժեշտ բնակարաններ գնելու համար «Արիաց գրուպ» կազմակերպությունը 2007թ. դեկտեմբերի 24-ին 340 միլիոն 700 հազար դրամ է ստացել ՀՀ պետբյուջեից` 45 բնակարան գնելու համար: Կազմակերպությունը 45-ի փոխարեն՝ Հրազդան եւ Էջմիածին քաղաքներում ձեռք է բերել 19 բնակարան, որոնք որակվել են՝ որպես բացարձակապես ոչ պիտանի: Ի դեպ, Պալատի ստուգումների արդյունքում գործընթացը կանգնեցվել է, թույլ չի տրվել, որ բնակարանները հատկացվեն մանկատան երեխաներին որպես բնակարան: Նույնիսկ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է հրաժարվել այդ բնակարաններն ընդունել, եւ առաջարկվել է դրանք փոխել:
Ըստ Ի.Զաքարյանի` Պալատը հարցը դիտարկում է այն համատեքստում, որ մեկ տարի շարունակ պետբյուջեից հատկացված գումարով աշխատանք չի կատարվել, եւ անհրաժեշտ է փոխհատուցել պետությանը հասցված գումարը: «Ես գնահատում եմ, որ ամբողջ գործընթացը ձախողված է, այստեղ ես տեսնում եմ խնդիրներ, գործն ուղարկել ենք Դատախազություն»,- ասել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը:
«Կարեն զեթ» կազմակերպությունը 35 բնակարան գնելու համար ՀՀ պետբյուջեից ստացել էր 140 միլիոն դրամ, սակայն այդ բնակարաններից 11-ը չեն համապատասխանում ՀՀ կառավարության որոշումներով սահմանված չափանիշներին: Այդ ընկերությանն առաջարկվել է վերափոխել բնակարանները, եւ այս գործը դեռեւս չի ուղարկվելու Դատախազություն: