Արարատի մարզում այս տարի արտադրվել է 90 հազ. 490 տոննա պտուղ, 87 հազ. 283 տոննա խաղող: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում տեղեկացրել է Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը: Ըստ նրա, գյուղատնտեսական արտադրանքի մթերման հետ կապված խնդիրներ մարզում այս տարի չեն նկատվել, գյուղացիներից դժգոհություններ չեն հնչել: Որոշ գյուղերում ընթացիկ տարի բարձր բերք էր սպասվում, սակայն կարկուտը 20-30 տոկոս վնասներ է պատճառել գյուղացիական տնտեսություններին: Հետագա տարիներին նման դեպքերը բացառելու նպատակով՝ մինչեւ 2012-ը մարզում կտեղադրվի հակակարկտային 74 կայան: Մարզպետի խոսքով` հողագործության ոլորտում մեծ եկամուտներ կարելի է ակնկալել միայն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման դեպքում: «Գյուղացին պետք է մշակի ամենաքիչը 1 հա հող, որպեսզի զգալի եկամուտ ստանա, իսկ 3000 մ հողի մշակման դեպքում եկամուտ ակնկալել հնարավոր չէ: Հետեւաբար, աշխատանքներ են տարվում հողերի միավորման գործում: Դա դժվար գործընթաց է, քանի որ մարդկանց պետք է բացատրել, թե դա ինչ նպատակ է հետապնդում»,- նշել է Վ. Հովակիմյանը: Արարատի մարզի ղեկավարությանն այսօր մտահոգում է 27 հազ. հա աղակալած հողերի ճակատագիրը, ինչի հարցում համապատասխան աշխատանքներ իրականացնելու դեպքում գյուղատնտեսության մեջ կավելանա զբաղվածների թիվը: Բացի այդ, Արարատում հակասողանքային լայնածավալ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն կա, անմխիթար վիճակում են ջրհան կայանների մղման խողովակաշարերը: Մշտապես առկա է տրանսպորտի խնդիրը: Հաջորդ տարվանից ավտոբուսներ ներկրելու ուղղությամբ արդեն համապատասխան աշխատանքներ կտարվեն: Վ. Հովակիմյանի խոսքով` արարատցիներին ամենաշատ հուզող եւ հրատապ լուծում պահանջող հարցն ընդհանուր է նաեւ հանրապետության մյուս մարզերի բնակիչների համար: «Զբաղվածության խնդիրն ամենուր կա, սակայն Արարատի մարզը տարբերվում է մյուսներից նրանով, որ բնակչության 37 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ: Վերջին երեք տարիներին մարզից արտագնա աշխատանքի գնացողների թիվը նվազել է»,- նշել է նա: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ըստ մարզպետի, մարզում դեռեւս տեսանելի չէ, քանի որ այստեղ հիմնականում զբաղվում են խմիչքի արտադրությամբ. գործում են գինու եւ կոնյակի 10-ից ավելի խոշոր գործարաններ: Մարզում գործում է նաեւ պահածոների գործարան, «Արարատ-ցեմենտը», Ոսկու կորզման ֆաբրիկան եւ այլն: Հանրապետության արդյունաբերական արտադրանքի ծավալի 8 տոկոսն ապահովվում է այս մարզի միջոցով, որը զբաղեցնում է հանրապետության տարածքի 7 տոկոսը, բնակչության թիվը 293.9 հազար է: