Թանկ Ամանոր

14/12/2008

Ամանորյա արհեստական տոնածառ գնելու եւ այն զարդարելու համար այսօր ամենաքիչն անհրաժեշտ է 40 հազար դրամ։ Այդ մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:

«Անհամեմատ աճել են արհեստական եղեւնիների գները: Ցանկանում էի փոքրիկիս համար գնել մեծ տոնածառ, սակայն չեմ կարող, քանի որ խանութներում մոտ երկու մետր տոնածառն արժե 71 հազար դրամ: Ստիպված եմ գնել ավելի փոքրն ու մատչելին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է եղեւնիներ վաճառող Կարեն Հակոբյանը: Արհեստական եղեւնիները գրեթե բոլոր վաճառքի կետերում արժեն 40 հազարից մինչեւ 145 հազար դրամ: Վաճառողների խոսքով, դրանք բերվել են Թայվանից եւ Չինաստանից, ու նախորդ տարվա համեմատ՝ բավականին թանկ գնով: Ըստ վաճառողների, հիմնական խնդիրն ապրանքի մաքսազերծումն է: «Այս տարի ստիպված ենք եղել արհեստական տոնածառները ձեռք բերել նախորդ տարվա վաճառքի գնից էլ թանկ»,- «Ա1+»-ին ասել է առեւտրի կենտրոններից մեկի տնօրենը: «Այս ամենը միանշանակ կապված է մաքսազերծման հետ: Ապրանքների գները թանկանում են, մենք էլ ստիպված ենք լինում գնալ համահունչ, քանի որ մեր տոկոսը, հարկերն ու ծախսերը մնում են նույնը: Էժանացնելու ցանկությունը կա, բայց այս պարագայում խանութի ընդհանուր տոկոսը չեմ կարող իջեցնել»,- բացատրել է նա:

Մեկ այլ խանութի տնօրեն էլ տեղեկացրել է, որ թեեւ ամանորյա խաղալիքները, զարդերն ու նվերները թանկ է գնել, բայց որոշել է գների բարձրացում չանել: «Գիտեմ, որ ժողովուրդն ի վիճակի չէ առնելու, էլ ի՞նչ թանկացնեմ»,- ասել է վաճառողը: Իսկ տոնածառի միջին չափի խաղալիքն այս օրերին վաճառվում է 100-1500 դրամով, խաղալիքի մեկ տուփը՝ 800-ից 8 հազար, տոնածառի զարդերը` 200-1500 դրամով: Ամենաշատը խանութներում ակնկալում են վաճառել 2009 թվականը խորհրդանշող կարմիր ցուլի արձանիկները:

Ինչ վերաբերում է ամանորյա ներկայացումներին, ապա դրանց տոմսերն արդեն վաճառվում են` 400-1500 դրամի սահմաններում: Պետական կրկեսում ամանորյա ներկայացումներ եւս կլինեն: Իհարկե, դեռ պարզ չէ , թե ովքեր դրանք կներկայացնեն` հա՞յ, թե՞ հրավիրյալ դերասանները: Պետկրկեսում «Ա1+»-ին ասել են, որ որոշումը կկայացնեն առաջիկայում: Իսկ մինչ այդ, հայտնի է, որ կրկեսային ներկայացումների մեկ տոմսն արժե 1000-2000 դրամ: