Հանրապետության գլխավոր ճարտարապետի ինստիտուտի ստեղծումը նպատակ ունի համահունչ լուծումներ տալու հանրապետության քաղաքաշինական գործընթացներին:
Այդ մասին «Արմենպրեսին» ասել է ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Ըստ նրա, ԽՍՀՄ տարիներին Հայաստանի բոլոր մարզերն ու քաղաքներն ունեցել են գլխավոր ճարտարապետներ: Այժմ նման կադրեր այլեւս չկան. 49 քաղաքներից ընդամենը 12-ում են մասնագիտությամբ ճարտարապետներ աշխատում, իսկ մնացածում գլխավոր ճարտարապետների պաշտոնում աշխատողներն անգամ շինարարական կրթություն չունեն: Ըստ Ն. Սարգսյանի` դրանով էլ հենց պայմանավորված է բնակավայրերի ճարտարապետական տեսքի խեղաթյուրումը: Այսուհետ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կադրային այլ քաղաքականություն կվարվի. ճարտարապետները կվերապատրաստվեն, նրանց մեթոդական աջակցություն կցուցաբերվի:
Հանրապետության գլխավոր ճարտարապետի ինստիտուտը կօժանդակի Հայաստանում տարածքային համաչափ զարգացման ապահովմանը: «Նոր իշխանությունների կողմից խնդիր է դրվել վերջնականապես քայլեր ձեռնարկել Հայաստանում տարածքային համաչափ զարգացում ապահովելու համար, քանի որ Երեւանի եւ այլ քաղաքների միջեւ կտրուկ տարբերություն է զգացվում: Անհրաժեշտ է տրանսպորտային համակարգի զարգացման եւ տարածքների ներդրումային վարկանիշի բարձրացման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել: Իսկ ներդրումային վարկանիշի բարձրացում հնարավոր է ապահովել հետաքրքիր եւ ազգային դիմագծով կառուցապատումներ իրականացնելու դեպքում միայն»,- նշել է Ն. Սարգսյանը: Հանրապետության մայրաքաղաքում, նաեւ` Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Դիլիջանում, Ջերմուկում, Էջմիածնում, Գորիսում, Տաթեւում կառուցապատման խիստ ռեժիմներ կկիրառվեն: Վերոնշյալ տարածքները պետք է առանձնացվեն որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ: Ըստ գլխավոր ճարտարապետի` այդ քաղաքներում կառուցապատում պետք է իրականացվի գեղարվեստական արժեքը զարգացնելու, ոչ թե կորցնելու համար: Այդ ուղղությամբ գործնական քայլեր արդեն ձեռնարկվում են: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Ջերմուկի նախկին օդանավակայանի շուրջ 100 հա տարածքի վրա կառուցապատում իրականացնելու նախագիծ է մշակվում: Վայոց Ձորի համար տարածքային հատակագծման նախագծեր կմշակվեն մարզը զբոսաշրջային կենտրոնի վերածելու նպատակով: Միաժամանակ Քաղաքաշինության նախարարությունը աշխատանքներ է իրականացնում Գյումրիի «Կումայրի» պատմամշակութային վայրի վերակառուցման ուղղությամբ:
Աղետի գոտու անօթեւանների համար հաջորդ տարի իրականացվելիք բնակարանաշինության միջոցով հնարավոր կլինի ապահովել հետաքրքիր եւ ճարտարապետական արժեք ներկայացնող միջավայր: ՀՀ վարչապետի առաջարկով Սպիտակի 354 ընտանիքների համար կառուցվող թաղամասը կկոչվի՝ արհեստագործների եւ վարպետների: Այստեղ փողոցում երթեւեկությունը կլինի կառքերով, տարածքը կվերածվի զբոսաշրջային կենտրոնի: «Եթե մեր բնակավայրերը նման լինեն աշխարհի շատ երկրների բնակավայրերին, կկորցնենք մեր հանդեպ հետաքրքրությունը: Գերխնդիրը պետք է լինի ազգային ճարտարապետության նշանակության եւ դերի բարձրացումը»,- նշել է ՀՀ գլխավոր ճարտարապետը: Հաջորդ տարեսկզբից գլխավոր ճարտարապետի ինստիտուտին կից կսկսի գործել քաղաքաշինական հանրապետական խորհուրդը, որը վերոնշյալ բոլոր հարցերը կքննարկի կոլեգիալ սկզբունքով: Խորհրդում կքննարկվեն նաեւ տարբեր բնակավայրերի համար մշակվող բոլոր գլխավոր հատակագծերը, գոտեւորման եւ կառուցապատման նախագծերը: Խորհրդին կից առաջին անգամ Հայաստանում կստեղծվեն 5 հանձնաժողովներ` ճարտարապետության, տարածքների պլանավորման, կոնստրուկտորական, ճարտարապետական կրթության պատմության տեսության եւ գեղարվեստի: Կգործի նաեւ մարզերի գլխավոր ճարտարապետների խորհուրդ: