ՀՀ նախագահ պրն Ս.Սարգսյանին
ՀՀ վարչապետ պրն Տ.Սարգսյանին
ՀՀ ԱԺ նախագահ պրն Հ.Աբրահամյանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանին
Հարգարժա՛ն պետական այրեր,
Չեմ թաքցնում, որ այս նամակն ունի անձնական շարժառիթներ, սակայն հավաստիացնում եմ, որ դրա հետ մեկտեղ՝ այն իր հիմքում ունի մի մղում, որը դուրս է ներանձնական շահագրգռվածությունից. ավելի ճիշտ է այն բնութագրել որպես անձնական-քաղաքացիական: Եվ որպես այդպիսին՝ այն լիովին տեղավորվում է վերջին տասը տարիների ընթացքում իմ կողմից ծավալած գործունեության տրամաբանության մեջ:
1998 թվականից անմիջականորեն մասնակցել եմ այն գործընթացներին, որոնք վերջերս առավել հաճախ անվանում են «քաղաքացիական հասարակության կայացում», անդամակցել եմ մի շարք հասարակական կազմակերպությունների, իսկ 2004 թվականից ընտրվել եմ «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հասարակական կազմակերպության նախագահ: Իր հռչակած նպատակների շրջանակներում կազմակերպությունը բաց էր քաղաքացիական ոլորտում ամենալայն համագործակցության համար, եւ մեր գործընկերների հետ միասին՝ մենք փորձում էինք դեռեւս իրականություն չդարձած եւ մի փոքր անորոշ «քաղաքացիական հասարակությունն» ապահովել ապագա սուբյեկտներով` քաղաքացիներով: Մենք դա անում էինք զանազան ձեւերով եւ տարբեր ոլորտներում. սահմանամերձ համայնքների դպրոցականների լուսանկարների ցուցահանդեսներ կազմակերպելով, որոնք երեխաների մեջ իրենց համայնքի հանդեպ արթնացնում էին հոգատար քաղաքացու վերաբերմունք, իսկ նրանց ծնողներին վերադարձնում հավատ իրենց զավակների ապագայի նկատմամբ, քննարկումների եւ բանավեճերի ընթացքում երիտասարդներին բացատրելով, թե ինչ է ժողովրդավարությունը, եւ որքան կարեւոր է, ճանաչելով քո եւ ուրիշի իրավունքը, տեր կանգնել սեփական արժանապատվությանը, մարդկանց զինելով իրենց իրավունքի մասին գիտելիքներով եւ դրանց պաշտպանելու քաղաքակիրթ միջոցների իմացությամբ` այդ դժվար գործում բազմիցս նաեւ իրենց կողքին գտնվելով: Ինձ համար մեր արածը ոչ միայն աննպատակ գործունեություն չէր, այլ, անկախ հասարակական-քաղաքական ելեւէջներից, անհրաժեշտ էր թվում նաեւ անձնական տեսանկյունից. այն ինձ ուժ էր տալիս պարզ երեսով ասել թե՛ իմ երեք զավակներին, եւ թե՛ բազմաթիվ ուսանողներին, որոնցից շատ-շատերին չեմ տարբերում սեփական երեխաներից, որ մեր երկրին էլ են պետք արդար եւ ազնիվ, բանիմաց եւ խելացի երիտասարդներ, որ բռիությունը եւ տգիտությունը հաղթահարելի են, եթե դուք ճիշտ եք եւ կարողանում եք ձեր ճիշտը պաշտպանել:
Ես հիմա էլ, պարտվելով 7 քառ. մետրի համար հարեւան ոստիկան Արթուր Ղեւոնդյանի հետ առաջացած մի անհեթեթ դատական քաշքշուկում (մանրամասներին կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 3-ի «168 Ժամ», նոյեմբերի 26-ի «ՌԱ», դեկտեմբերի 5-ի «Առավոտ» թերթերի հոդվածներում եւ այլ հրապարակումներում), մնում եմ այդ նույն համոզմունքին, սակայն գտնում եմ, որ քաղաքացիական վերածնունդը, ինչպես նաեւ այլ կառուցվածքային փոփոխություններն անիմաստ են, քանի դեռ դրանք կրում են հատվածային բնույթ եւ քանի դեռ չի ձեւավորվել իր իսկ պետության, այն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունենալու համահասարակական պահանջարկը: Եվ խնդիրն այն չէ, որ հայերը պատմականորեն ձեւավորվել են որպես հպատակ: Լավ հպատակին բնականոն զարգացումը կարող է դարձնել լավ քաղաքացի: Քաղաքացիական ինքնագիտակցությանը տեղ էր տրվում նույնիսկ ստրկատիրական Հին Հունաստանում եւ ճորտատիրական Հին Նովգորոդում, սակայն այն անհամատեղելի է ստրկամտության հետ, որը դարձել է մեր հանրային առօրյայի առանձնահատկությունը: Ես տեսել եմ` ինչպես իմ հարեւան ոստիկանը դատավորների հետ խոսելիս՝ ամոթխած աղջկա պես նայում էր գետնին, իսկ այլ իրավիճակներում «տղա ջան»-ով վրա էր հասնում իրեն չենթարկվող լրագրողին եւ «սա»-ով սպառնում հարեւան գիտնականին, որն իրենից մոտ 20 տարի մեծ էր: Այդ ամենից հետո դժվար չէ պատկերացնել` որքան հեռու է քաղաքացիական արժանապատվությունից` օրենք պաշտպանելու, այսինքն` իր իսկ ծառայողական պարտականությունները կատարելու նրա իմացած ձեւը: Գուցե եւ մեղավորը մենք ենք` հասարակությունը, նա, ով հանդուրժում է իր այդ տեսակ «ոստիկանականի» ոճն, այլեւս մեռած է որպես քաղաքացի:
Մի այլ խնդիր, որը մենք անընդհատ բարձրաձայնում ենք որպես ժողովրդավարության կայացման ինստիտուցիոնալ պայման` դատական համակարգի անկախությունը, կրկին քաղաքացիական բնույթ է կրում: Շեշտելով ամեն անգամ միայն իշխանության այլ թեւերից անկախությունը` մենք մոռանում ենք մի այլ, շատ ավելի հզոր, այն է՝ թայֆայական կախվածության մասին. նրա կենսական ուժը («այսօր դու` ինձ, բայց վաղը ես էլ` քեզ») մոռացնել է տալիս քաղաքացիական արժանապատվության հետ առնչվող թե՛ երկրի գլխավոր օրենքի, եւ թե՛ միջազգային հռչակագրերի ու կոնվենցիաների կետերը: Անհատ քաղաքացու դրսեւորումները նետվում են ետին պլան, եւ Ֆեմիդայի սպասավորները, բառացիորեն հետեւելով իրենց հովանավորուհու փակ աչքեր ունենալու խորհրդին, այլեւս ի վիճակի չեն տեսնել ակնհայտ բաներ, վարել անկախ դատավարություն, կայացնել անկողմնակալ որոշում: Ես պատկերացնում եմ` ինչպիսի սթրես են ապրում մեր դատավորները` ծանոթանալով այլ, ժողովրդավարական, դատական համակարգերի հետ` այնտեղ «վերապատրաստվելով». չէ՞ որ նրանց անցած ողջ մասնագիտական պրակտիկան (հաճախ՝ ուսման տարիները ներառյալ) արմատախիլ է արել «քաղաքացի» հասկացությունը իրենց մտածելա- եւ վարվելակերպից:
Համաձայն եմ, որ թիրախ համակարգերի ընտրությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ: Սակայն, նախեւառաջ՝ այդ սուբյեկտիվությունն արդարացված է, քանի որ ցանկացած ոլորտում արժանապատվությունը ոտնահարողը մնում է անպատիժ, իսկ այդ ոտնահարման զոհը «պատիվ չի պահանջում» մի պարզ պատճառով. իր հարցին լուծում տվողը լինելու է ստրկամտության ախտով տառապող այդ նույն դատավորը, եւ լուծումը կկայացվի այդ նույն ստրկամտության արատավոր տրամաբանության շրջանակներում: Եվ հետո, թիրախների ընտրությամբ, այսպես ասած, անձնական շահը սահմանափակվում է: Որպես անհատ քաղաքացի՝ ես պարզապես շարունակելու եմ փնտրել իմ հարցի լուծումն այլ դատական ատյաններում եւ, եթե անգամ պարտվեմ, ողբերգություն չեմ ապրի: Կյանքը շարունակվելու է նույն հունով. «շնորհքով» հարեւանիս մտահորիզոնն ի զորու չէ լայնացնել անգամ իմ քանդվելիք գրադարանի հաշվին բացված պատուհանից դեպի պատմական Մասիս սարը հառած բավարարված հայացքը, իսկ իմ եւ ընտանիքիս հանդեպ մտերիմների վերաբերմունքը, հուսով եմ, պայմանավորված չէ սենյակների քանակով: Նեղվածք է լինելու` տանը գիտական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից լիովին կզրկվենք: Ինչ արած: Վերջիվերջո, Սումգայիթից եւ Բաքվից փախուստի մատնված հայերի զրկանքները շատ ավելի մեծ էին, իսկ ինչ վերաբերում է կոնֆլիկտի ազգային որակներին, ապա ինձ համար թե՛ Սումգայիթյան ջարդեր հրահրողներն ու իրականացնողները, եւ թե՛ ինքնահաստատման հիվանդագին մոլուցքով տառապող Ոստիկանության կապիտանը հավասարաչափ ազգությունից դուրս են:
Ինձ հուզողն այլ բան է: Ի հեճուկս հայտարարվող հասարակական-քաղաքական նախապատվությունների` մենք գնալով հեռանում ենք իրական քաղաքացիական որակներից: Մեր ողջ հանրային կյանքն իր տարբեր դրսեւորումներով ստեղծում, փայփայում-մեծացնում է՝ իրենց չորս պատերում (անկախ սենյակների քանակից) ստրկամիտ բնակվողների, մենք բուծում ենք «ղեւոնդյաններին»` դրանով մերժելով մեր ժողովրդավարական ապագան: Թերեւս Հայաստանի շարունակելիությունը կարող են ապահովել եւ այլ քաղաքական համակարգեր, բայց այդ դեպքում պետք է դրանք ընտրել եւ որդեգրել: Իսկ եթե մենք, այնուամենայնիվ, ուզում ենք կառուցել ժողովրդավարական երկիր, ապա, հարգարժա՛ն պետական այրեր, դուք եւ մենք պարտավոր ենք անհապաղ միավորել ստրկամտության ախտից խուսափած անհատներին (կասեի՝ կղզյակներ, բայց մեր բզկտված հասարակությունում դրանք էլ են ցրվել) եւ փայփայել-աճեցնել քաղաքացիներ: Ժողովրդավարական պետություն առանց քաղաքացիների չի լինում, քաղաքացիները ոչ միայն օգտակար, այլ նաեւ անհրաժեշտ են բոլոր ժողովրդավարական պետություններին եւ, հետեւաբար, այդ պետությունների ղեկավարմանը հավակնող իշխանություններին:
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
«Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հ/կ նախագահ, Վ.Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի, գրականության եւ օտար լեզուների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար