Երեկ Երեւանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական ոլորտի զարգացման ծրագիրը (ՄԶԳ ՖՈԶԾ) ներկայացրել է «VGM Partners» կազմակերպության հետ համատեղ 2007-2008թթ. իրականացված «Ուսուցման կարիքների գնահատման» արդյունքները:
ԱՄՆ Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ենթակառուցվածքների զարգացման աշխատախմբի ղեկավար Սամվել Մխիթարյանը նշել է, որ հետազոտությունը հիմնականում նպատակ ուներ բացահայտել ֆինանսական ոլորտի տարբեր հաստատությունների մասնագիտական կրթության կարիքները, ծրագրերը, դրանց պահանջարկը, թե ինչպիսին են ոլորտում մասնագիտական ուսուցման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համապատասխան ծրագրեր իրագործելու ունակությունները, որքանով կարելի է այդ ծրագրերի շնորհիվ բավարարել շուկայի պահանջները, ինչ խնդիրներ կան այդ հարցում: Անհրաժեշտ էր նաեւ պարզել ֆինանսական ուսումնական ծրագրերի թերությունները, մշակել համապատասխան կրթական ծրագրեր եւ դրանք առաջարկել ֆինանսական ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաեւ՝ ապահովել առաջարկ-պահանջարկի համատեղումը: Նրա խոսքով, ներկա հարափոփոխ, տեղեկատվական դաշտում կարեւոր է շարունակական կրթության իրականացումը: Ս. Մխիթարյանի տեղեկացմամբ, նման ուսումնասիրություն Հայաստանում կատարվում է առաջին անգամ: Ինչպես նշել է ՖՈԶԾ Ֆինանսական հետազոտությունների մասնագետ Էդգար Կարապետյանը, ՖՈԶԾ Ուսուցման կարիքների գնահատման հիմնական նպատակն է՝ ստեղծել գիտելիքների բազա կարգավորող մարմինների, մասնավոր հատվածի մասնակիցների եւ Հայաստանի ֆինանսական շուկայի մաս կազմող կազմակերպությունների մասնագիտական կրթության ու ուսուցման բարելավման համար, խթանել երկարաժամկետ եւ կայուն ուսուցման համակարգի կայացումը Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում:
«VGM Partners»-ի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարդան Մարկոսյանը ներկայացրել է ուսումնասիրության արդյունքներն ու մեթոդաբանությունը` նշելով, որ գնահատումն իրականացվել է ֆինանսական հաստատությունների (պահանջարկի կողմ) եւ ուսումնական կենտրոնների (առաջարկի կողմ) շրջանում կատարված հարցումների, ինչպես նաեւ՝ ուսուցման ծառայություններ տրամադրողների ու ֆինանսական շուկայի փորձագետների հետ անցկացված հանգամանալից հարցազրույցների հիման վրա: Առաջարկի կողմի գնահատման արդյունքում բացահայտվել են Հայաստանի ֆինանսական հատվածին ներկայումս մատչելի ուսուցման դասընթացները, կրթական ծրագրերը, նաեւ՝ ուսումնական կենտրոնների առջեւ ծառացած խնդիրներն ու հավանական միջամտության ոլորտները: Այդ խնդիրները ներառում են որակյալ դասավանդողների ցածր առաջարկը, ուսումնական նյութերի ձեռքբերման դժվարությունները, անհրաժեշտ սարքավորումների բացակայությունը, սահմանափակ ֆինանսական ռեսուրսները եւ դասընթացների համար տարածքի անբավարարությունը: Պահանջարկի կողմի գնահատման արդյունքում բացահայտվել է ֆինանսական ծառայությունների գծով բարձր որակավորում ունեցող մասնագետների նկատմամբ պահանջարկի կտրուկ աճ: Հայաստանի ֆինանսական ոլորտի աշխատակիցների կրթության մակարդակը, ընդհանուր առմամբ, բարձր է. 70 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, այդ թվում` 34 տոկոսը` մագիստրոսի, 7 տոկոսը` PhD աստիճան: Ուսումնասիրության ընթացքում վերադաս մարմինների կողմից նշվել են երիտասարդ մասնագետների կարողությունների այն ոլորտները, որոնք բարելավման կարիք ունեն. դրանք են` կառավարման, թիմերի ձեւավորման, բանակցություններ վարելու, ներկայացման եւ հատուկ մասնագիտական հմտությունները, ռազմավարական մտածելակերպը, գործարար վարվելակերպը, օտար լեզուների իմացությունը, գործնական հմտությունների կատարելագործումը: Անցկացվել է նաեւ պահանջարկի եւ առաջարկի կողմերի միջեւ առկա ճեղքվածքի վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ ֆինանսական հաստատությունները կարեւորում են իրենց աշխատակիցների լրացուցիչ ուսուցումը, սակայն նրանց մոտ բացակայում է դրա իրականացմանն օժանդակող աշխատակիցների զարգացման եւ կարիերայի պլանավորման հստակ համակարգ: Պարզվել է նաեւ, որ ֆինանսական հատվածին, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ են ավելի խորը մասնագիտական ուսուցման դասընթացներ, քան ուսումնական կենտրոնների կողմից առաջարկվածները: Վերջիններս մեծ մասամբ շուկայի ակտիվ հետազոտություններ չեն անցկացնում եւ շուկայի պահանջարկին չեն արձագանքում: