«Հարցականի տակ է երկիրը կառավարելու Չինաստանի Կոմկուսի ընդունակությունը»,- նման սենսացիոն հայտարարություն է արել ՉԺՀ-ի առաջնորդ Հու Ցզինտաոն: Գլոբալ ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է չինական ապրանքների արտահանման ծավալների անկմանը, կաթվածահար է արել ծանր արդյունաբերությունը եւ խթանել գործազրկության աճը: Երկուշաբթի օրը Պեկինում կենտրոնական խորհրդակցություն է կայացել տնտեսական հարցերի շուրջ, որի ընթացքում երկրի ղեկավարները քննարկել են 2009 թվականին Չինաստանի սոցիալ-տնտեսական զարգացման պլանները, ինչպես նաեւ փորձել են գտնել ազգային էկոնոմիկան խորը ճգնաժամից դուրս բերելու ուղիները: Փորձագետները նշում են, որ անցած 30 տարում չինական տնտեսության աճի հիմքը եղել է արտահանումը: Վերջին հինգ տարում Չինաստանի արտաքին առեւտրի աճի տարեկան միջին տեմպը հասել է 28,5 տոկոսի, իսկ երկրի համախառն ներքին արդյունքում դրա բաժինը գերազանցել է 65 տոկոսը: Սակայն 2008 թվականի հունվար-հոկտեմբերին Չինաստանի արտաքին առեւտրական շրջանառության աճի տեմպերը նվազել են մինչեւ 24 տոկոս: «Արտահանման աճի տեմպերի կտրուկ դանդաղումը խիստ բացասաբար է ազդում տնտեսության առաջատար ճյուղերի վրա եւ տանում է գործազրկության սրընթաց աճի»,- նշել է ՉԺՀ-ի Առեւտրի նախարարությանն առընթեր Միջազգային առեւտրի եւ տնտեսական համագործակցության ինստիտուտի վերլուծաբան Չժաո Յույիմինը:
Հիշեցնենք, որ արտահանվող ու ներմուծվող ապրանքների կառուցվածքը բարելավելու համար երկրի կառավարությունը դեկտեմբերի 1-ից բարձրացրել է մի շարք արտահանական ապրանքների նկատմամբ վերադարձվող հարկի դրույքը, որոնք ներառում են աշխատատար արտադրանք, մեքենաշինության եւ էլեկտրոնիկայի արտադրանք: ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Վան Ցիշանի խոսքով` «անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել երկրից արտահանության կայուն աճն ապահովելու, արտահանական կառուցվածքը բարելավելու եւ չինական արտադրության ապրանքների արտահանումը դիվերսիֆիկացնելու համար»: Ավելի վաղ Չինաստանի կառավարությունը հավանություն է տվել չորս տրիլիոն յուան (մոտավորապես 590 մլրդ դոլար) գումարով տնտեսության խթանման միջոցառումների փաթեթին: Ինչպես նշում են փորձագետները, չինական ապրանքների արտահանման ծավալի կտրուկ անկումը նշանակում է, որ այսուհետեւ արտասահմանում չպահանջված արտադրանքը պետք է սպառվի ներքին շուկայում:
Սակայն Չինաստանի բնակչության գնողունակությունը ծայրահեղ ցածր է մնում: Եթե կառավարող Կոմկուսը չկարողանա լուծել ներքին սպառման խթանման հիմնախնդիրը, ապա դա, վերլուծաբանների կարծիքով, կարող է նշանակել, որ վրա է հասնում Չինաստանի տնտեսական հրաշքի վերջը: Իսկ առայժմ ՉԺՀ-ի ղեկավարությունը փորձում է տնտեսությունը կայունացնել Վաշինգտոնի հետ գործողությունները կոորդինացնելու հաշվին: Անցած շաբաթ տնտեսական հարցերով չին-ամերիկյան ռազմավարական երկխոսության հինգերորդ փուլի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը վարկերի տեսքով 20 մլրդ դոլար կհատկացնեն երրորդ երկրների հետ առեւտրական հարաբերությունների զարգացման համար: ԱՄՆ Ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնի եւ ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Վան Ցիշանի պայմանավորվածությունների համաձայն` արտահանման-ներմուծման գործառնությունները սպասարկող Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանկերը կկարողանան վարկային գծեր բացել երրորդ երկրներից ներմուծողների համար: Դա պետք է փրկի այն ընկերություններին, որոնք միջոցների սուր դեֆիցիտ ունեն գլոբալ ճգնաժամի պայմաններում: