Բժշկության մեջ այս երեւույթն ունի իր անվանումը` էրիտրոֆոբիա. բառացի այն թարգմանվում է՝ «վախենալ կարմրելուց»: Էրիտրոֆոբիայով տառապող մարդիկ հաճախ աշխատանքի բերումով ստիպված են լինում հանդիպումներ ունենալ օտար մարդկանց հետ կամ հրապարակային ելույթներ ունենալ: Նման մարդիկ չեն կարողանում թաքցնել իրենց էմոցիաները, որովհետեւ, ինչպես ասում են` «ամեն ինչ նրանց դեմքին գրված է»: Երբեմն էրիտրոֆոբիայի զարգացման պատճառ կարող են հանդիսանալ ամաչկոտությունն ու երկչոտությունը, որն ինչ-ինչ պատճառներով ձեւավորվել է դեռ փոքրուց: Որպես կանոն, ծնողներն ու հասակակիցները հատուկ ուշադրություն չեն դարձնում երեխայի հաճախակի կարմրելուն: Ոմանց մոտ այն տարիքի հետ անցնում է, իսկ մի մասի մոտ էլ ավելի խորանում է ու խնդիրների պատճառ հանդիսանում: Էրիտրոֆոբիայի այս տիպը շատ նման է սոցիալական ֆոբիայի կոնֆլիկտային տիպին: Այս խմբի պացիենտները հասարակության հետ շփման մեծ խնդիրներ են ունենում, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է ինքնամեկուսացման, որի հետեւանքով էլ առաջանում են շատ բարդույթներ: Ինչպես եւ հիպերհիդրոզը (չափից ավելի քրտնարտադրությունը)՝ էրիտրոֆոբիան եւս ժամանակի ընթացքում կարող է պատճառ դառնալ նեւրոզների ու դեպրեսիաների: Էրիտրոֆոբիայի առաջացման պատճառները մինչ այժմ էլ մնացել են չուսումնասիրված, չնայած այդ ախտաբանական երեւույթի մեխանիզմը բավականին խորը հետազոտվել է: Մարդու ուղեղը «կառավարում է մեր օրգանիզմի» բոլոր բջիջներին՝ վեգետատիվ ու սոմատիկ նյարդային համակարգի միջոցով: Արտաքին աշխարհից ստացած ինֆորմացիան ուղեղը մշակում ու գնահատում է, այնուհետեւ վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով փոխանցում ներքին օրգաններին: Ինչպես ենթադրում են բժիշկները, էրիտրոֆոբիայի հիմնական պատճառ կարող է հանդիսանալ այն փաստը, որ մարդու վեգետատիվ նյարդային համակարգն արտաքին միջավայրում տեղի ունեցող գործողություններին ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում, ինչի պատճառով էլ անգամ փոքրիկ հուզմունքից դեմքը կարմրում է: