Նախընտրական պայքարն ավարտվում է

03/07/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հունիսի 19-ին արցախցիները կընտրեն ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի
պատգամավորներին: Պատգամավորական 33 տեղերի համար համամասնական
ընտրակարգով պայքարում են 6 կուսակցություն եւ կուսակցությունների 1
դաշինք («ՀՅԴ-Շարժում 88»), իսկ մեծամասնական ընտրակարգով` 106
թեկնածուներ: Ի դեպ, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով,
առաջադրված 111 թեկնածուներից 5-ը ինքնաբացարկ են հայտնել:
ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց,
որ հանձնաժողովը ստացել է առաջին բողոքները. «ՀՅԴ- Շարժում 88» դաշինքը
բողոքել է առ այն, որ Պաշտպանության նախարարությունը չի արձագանքել
զորամասերում քարոզչություն անցկացնելու թույլտվության վերաբերյալ իրենց
խնդրանքին: Սերգեյ Նասիբյանի խոսքերով, Դաշինքը Մարտակերտի շրջանի
Մոխրաթաղ գյուղի մի քանի բնակիչների ստորագրությամբ ակտ է ներկայացրել,
որում նշված է, որ համայնքում կայացած նախընտրական հավաքին մասնակցել են
պետական չինովնիկներ: ԿԸՀ-ն խոստացել է ուսումնասիրել հանգամանքները եւ
համապատասխան որոշումներ կայացնել:
Հիշեցման կարգով նշենք, որ ընտրություններին հետեւելու են նաեւ միջազգային եւ տեղական բազմաթիվ դիտորդներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
 
Հստակ կանխատեսումներ անելն այնքան էլ հեշտ չէ

Ղարաբաղում գալիք ընտրությունները կարեւորում են ոչ միայն
իշխանություններն ու քաղաքական ուժերը, որքան հասարակ մարդիկ, ովքեր
գիտակցում են, որ միջազգային հանրությունը վերջերս ավելի շատ է սկսել
ուշադրություն դարձնել այս երկրում կատարվող իրադարձություններին, առավել
եւս` ընտրություններին: Իշխանություններն իրենց հերթին հավաստիացնում են.
ընտրությունները կլինեն ազատ, արդար ու թափանցիկ:
ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը գտնում է, որ Ղարաբաղը պետք է
ունենա նախորդից մի քայլ բարձր մակարդակով խորհրդարան: «Վերջին տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններն ապացուցեցին, որ
իշխանություններն ի վիճակի են ժողովրդավարական ընտրություններ
անցկացնել»,- ասել է ԱԺ նախագահը:
Բնականաբար, ԼՂՀ ԱԺ ընտրությունների թեման ակտիվորեն քննարկվում է ոչ
միայն արցախյան, այլեւ հայաստանյան մամուլում: Այս առիթով քաղաքական
գործիչները, վերլուծաբանները տարբեր կարծիքներ են արտահայտել. ոմանց
կարծիքով՝ երկրի պետական կառավարման մեջ կավելանա Դաշնակցության դերը,
ոմանք էլ գտնում են, որ մեծամասնություն կկազմեն իշխանամետ
կուսակցությունները: Տարակարծիք են նաեւ Արցախում գործող որոշ
կուսակցությունների ներկայացուցիչներ. «Սոցիալական արդարություն»
կուսակցության ղեկավար Կարեն Օհանջանյանի կանխատեսմամբ, իշխանամետ Արցախի
ժողովրդավարական կուսակցությունը կհավաքի ձայների 27%-ը, ընդդիմադիր
«ՀՅԴ-Շարժում-88» դաշինքը` 23%-ը, աջ կենտրոնամետ «Ազատ Հայրենիք»
կուսակցությունը` 21%-ը, «Սոցիալական արդարություն»-ը` 14%-ը, «Բարոյական
վերածնունդ»-ը` 9-11%-ը, մնացածները` 3-7: «Ազատ Հայրենիք» կուսակցության
համանախագահ Արթուր Թովմասյանի կարծիքով, Դաշինքը, ԱԺԿ-ն եւ «Ազատ
Հայրենիքը» ներկայացված կլինեն խորհրդարանում` առանց որեւէ մեկի
մեծամասնության: «Կարող եմ միայն ասել, որ նախագահը նոր խորհրդարանում
այլեւս չի ունենալու ճնշող մեծամասնություն: Կլինեն 3 եւ ավելի
կուսակցություններ: Չի բացառվում, որ խորհրդարան մտնեն անկախ
պատգամավորներ»,- նշել է «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքի անդամ Գրիշա
Հայրապետյանը: ԱԺԿ նախագահ, ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար
Աշոտ Ղուլյանը համոզված է, որ իրենք հաղթելու են: Իսկ «Մեր տունը
Հայաստանն է» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արարատ Պետրոսյանը
գտնում է, որ ընդդիմությունը խորհրդարանում ավելի մեծ թիվ կկազմի:
Որոշ քաղաքագետներ ու վերլուծաբաններ դրական են համարում այն փաստը, որ
Ղարաբաղում գործող կուսակցությունների միջեւ ծավալված թեժ պայքարը թույլ
չի տալիս հստակ կանխատեսումներ անել: