Դեկտեմբերի 15-ին կանցկացվի «Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն- «ArmRobotics» համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ծրագրի մենեջեր Մարիամ Նահապետյանը, արդեն 15 թիմերի ռոբոտները պատրաստ են մրցման. յուրաքանչյուր ռոբոտ պետք է անցնի նախատեսված կարճ ճանապարհը նվազագույն սխալներով: Ամեն թիմում ընդգրկված է 4 երիտասարդ: Նրանք ռոբոտի պատրաստման աշխատանքները սկսել են օգոստոսի 10-ից, տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ, միջոցներ, որոնցով իրենց նախագծի հիման վրա էլ պատրաստել են ռոբոտներ: Մրցույթի հանձնաժողովի անդամները պարբերաբար հետեւել են աշխատանքների ընթացքին: Առաջին տեղի համար սահմանվել է՝ 300 հազար, երկրորդի համար` 200 հազար, երրորդ տեղի համար՝ 100 հազար դրամ մրցանակ: Հաղթող 5 թիմերը կմեկնեն Արցախ` մրցելու տեղի թիմերի հետ: Մրցույթն իրականացվում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ: Մրցույթի անցկացման նպատակն է՝ համախմբել Հայաստանի, Արցախի երիտասարդ գիտնականներին, ներգրավել գիտական ներուժը եւ երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպ ու աշխատանքի ունակություն, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստանի գիտական եւ արդյունաբերական կենտրոններ: Վերջնական արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 16-ին: