Հատկապես ռուսներին

10/12/2008

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանն ասել է, թե այն փաստը, որ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական 15-րդ նիստն ամբողջությամբ նվիրված է 1988թ. երկրաշարժի 20-ամյա տարելիցի հիշատակի արարողություններին, եւս մեկ անգամ փաստում է երկու երկրների ու ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունները: Նա ասել է, որ Հայաստանը հարգանքով ու երախտագիտությամբ է հիշում բոլոր ժողովուրդների ու հատկապես ռուս ժողովրդի ներկայացուցիչներին, ովքեր առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեցին: Ս. Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այս օրերին Հայաստանում ու հայերի հետ է Նիկոլայ Ռիժկովը: Ռուս խորհրդարանականներն ասել են, որ իրենց պարտքն են համարել այս օրերին լինել Հայաստանում ու հայ ժողովրդի կողքին: Նիկոլայ Ռիժկովը հանրապետության նախագահին է փոխանցել երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ իր ղեկավարած հոգաբարձուների խորհրդի հավանությամբ կառուցված հուշարձանի մանրակերտը, որը բացվել է դեկտեմբերի 7-ին Գյումրիում, եւ «Հիշատակի զանգ» հայերեն-ռուսերեն գիրքը, ուր ամփոփված են պաշտոնական փաստաթղթեր եւ երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների հիշողությունները: