Ընթերցողը հավանաբար կհիշի, որ ամիսներ առաջ Հայաստանի Ազգային ժողովում
Ղարաբաղյան հարցի լսումներին հրավիրված ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին
համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին, «անցանկալի» պահվածքի համար, հայ
պատգամավորներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի
լավ արհամարհեցին՝ դիվանագետին թողնելով մինչեւիսկ առանց բարեւի։
Ազգային ժողովում Կազիմիրովի ունեցած ելույթից հետո ազատագրված տարածքների
պաշտպանության կազմակերպության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը կարծիք էր
հայտնել, թե ռուս դիվանագետը «հարձակվում» էր նրանց վրա, ովքեր իրենց
ելույթներում օգտագործում էին «ազատագրված տարածքներ» տերմինը։
Կազմակերպությունը Կազիմիրովի ելույթը որակել էր «ցինիկ եւ հայ ժողովրդի
համար վիրավորական» ու կոչ էր արել հասարակությանը՝ նրան դնել Ֆիլիպ
Կիրկորովի կողքին։ Իսկ Կիրկորովի կողքին կանգնելն այդ ժամանակ էշին թարս
նստած գյուղով ման գալու նման մի բան էր։
Ի՞նչ էր ասել Կազիմիրովը Հայաստանի Ազգային ժողովում։ Նա ասել էր, որ սխալ
է «ազատագրված» բառն օգտագործելը, եթե խոսքը գնում է ոչ Ղարաբաղի հողի
մասին։ «Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով՝ ազատագրել ենք Աղդամը։ Ինչի՞ց եք
ազատագրել՝ բնակչությունից ու շինությունների՞ց։ Այլ է, երբ այդ տերմինն
օգտագործվում է ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ եւ հակառակորդի
կրակակետերի վերաբերյալ։ Մյուս դեպքերում սա ոչ այլ ինչ է, քան
պրոպագանդիստական ֆունդամենտալիզմ»։
Ահա հենց այս պատճառով էլ ռուս դիվանագետն արժանացել էր հայ օրենսդիրների
արգահատանքին, եւ եթե նա չլիներ ռուս (չնայած նախապես ասել էր, որ իր
անձնական տեսակետն է արտահայտում), ակադեմիաներում ու համալսարաններում
անմիջապես ժողովներ կանեին ու կդատապարտեին նրան, ինչպես դա պատահեց
Էլիզաբեթ Ջոնսի հետ։
Բոլորովին վերջերս Վլադիմիր Կազիմիրովի հետ նման դեպք պատահեց նաեւ
Բաքվում, ուր նա գնացել էր մասնակցելու «Ադրբեջանի աշխարհաքաղաքական
նշանակությունը» սեմինարին։ Հենց օդակայանում ադրբեջանցի լրագրողները նրան
հարցրել էին. «Ճանաչո՞ւմ եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,
ինչին Կազիմիրովը հստակ պատասխան չէր տվել։
Հաջորդ օրն արդեն, սեմինարի ընթացքում, մասնակիցներից մեկը պահանջել էր,
որ ռուս դիվանագետն ի լուր ամենքի հայտարարի, թե ճանաչում է Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը։ Առաջարկին մյուսներն էլ էին միացել ու
սկսել էին խանգարել նրա ելույթը։ Այսուհանդերձ, նախկին համանախագահը չէր
պատասխանել հարցին, ու ելույթն ընդհատվել էր։ Արդյունքում՝ սեմինարի որոշ
մասնակիցներ՝ ի նշան բողոքի, լքել էին դահլիճն ու ցուցադրաբար հեռացել՝
Կազիմիրովին մեղադրելով կողմնապահության մեջ։
Փաստորեն Հայաստանում ավելի վաղ արած հայտարարությունը հիմք չէր, որ
ադրբեջանցիները բարեհամբույր վերաբերմունք ունենային Կազիմիրովի նկատմամբ։
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չխոստովանելուց հետո Հայաստանում
էլ չփոխվեց վերաբերմունքը նրա հանդեպ։ Ուրեմն ո՞րն է հայերի եւ
ադրբեջանցիների միասնական արհամարհանքի պատճառը։ Այս հարցի պատասխանը
գտնելու համար բավական է աչքի անցկացնել Կազիմիրովի վերջին տարիների
ելույթները, եւ պարզ կդառնա, որ ռուսաց նախկին համանախագահը որդեգրել է
մերկ ճշմարտությունն ասելու եւ ոչ մեկին դուր չգալու սկզբունքը։
Օրինակ՝ չարաբաստիկ սեմինարից հետո «Ազերի պրեսս» լրատվական
գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է մի բան, որն առաջին
հայացքից կարող էր դուր գալ ադրբեջանցիներին, բայց նույն պահին էլ դուր
չգալ։ «Հայաստանը կվերադարձնի Ղարաբաղի շրջակա յոթ շրջանները, բայց ոչ
անհատույց։ Շրջանների վերադարձի համար հարկավոր են բազմաստիճան
երաշխիքներ։ Առաջին հերթին՝ Ադրբեջանը պետք է ստանձնի որոշակի
պարտավորություններ, քանի որ ձեր պետությունն առավել հակված է խնդրի
ուժային լուծումների»։ Հիմա ադրբեջանցիները ո՞նց սիրեն այս մարդուն, երբ
բաց տեքստով իրենց պետությանը պատերազմի հրձիգ է անվանում։ Բա հայերը ո՞նց
սիրեն, որ իրենց անունից յոթ շրջան վերադարձնելու խոստում է տալիս։ Դեռ
սրան էլ ավելացնում է, թե «եթե Ադրբեջանն ուժային լուծման գնա, կմատնվի
անհաջողության»։ Այ, սա գուցե դուր գար հայերին, եթե Ժիրայր Սեֆիլյանն՝ ի
պատասխան Կազիմիրովի Հայաստանում ունեցած ելույթի, ասած չլիներ. «Թող ոչ
ոք չվախեցնի մեզ պատերազմով, մենք պատերազմն արդեն անցել ենք»։
Կարծում եմ՝ Կազիմիրովը վախեցնելու խնդիր չունի։ Նա պարզապես զգուշացնում
է՝ մատնանշելով լուծման այդ տարբերակի անհեռանկարայնությունը։ «Ուժային
ռեւանշը բլեֆ է։ Չխոսենք շատ բաների մասին, բայց ասենք, որ ռեւանշի համար
պետք է բացահայտ գերակայություն, բարձր մոբիլիզացիոն ունակություններ,
սեփական ուժերի վրա կոշտ համոզվածություն։ Բայց անգամ սրանք չեն
երաշխավորում հաջողությունը (պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ավարտը
եղել է սպասվածից շատ տարբեր)»։ Սա որքան ուղղված է ադրբեջանցիներին,
նույնքան էլ հայերին է վերաբերում, ովքեր դեռեւս շարունակում են պատերազմը
համարել բանակցությունների այլընտրանք։
Մի այլ տեղ խոսելով ազատագրված տարածքների մասին՝ Կազիմիրովն ասում է.
«Եթե անգամ հայերը պատմականորեն ճիշտ են, չի կարելի ժամանակակից խնդիրները
լուծել հին քարտեզների մոտ: Այս գործոնը կարելի է հաշվի առնել, բայց այն
չի կարող լինել հիմնադրույթ»:
Կազիմիրովը շատ հաճախ մատնանշում է բանակցությունները ձգձգելու այս կամ
այն կողմի սովորույթը։ «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված մի
հարցազրույցում՝ խոսելով ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի մասին, ասել է.
«Նախեւառաջ, մոնիտորինգը ծնող բոլոր հնարքները կարգավորման ռեալ
ճանապարհից մի կողմ քաշվելու նպատակ ունեին։ Եվ նպատակ ունեին եւս մեկ
անգամ խուսափելու բանակցությունների սեղանին մոտենալուց։ Չէ՞ որ
բանակցությունները վտանգավոր են զիջումների անխուսափելիությամբ, այլ
ճանապարհ պարզապես չկա»։ Ըստ Կազիմիրովի՝ մոնիտորինգը ձեռնարկողները
հիասթափվել են, քանի որ այն ավելորդ անգամ ցույց է տվել, որ Լեռնային
Ղարաբաղը հակամարտության կողմ է եւ կարգավորումն անհնար է առանց նրա
մասնակցության։ «Պետք է սպասել բանակցություններից խուսափելու նոր
քայլերի»,- ասել է նա։
«Լեռնային Ղարաբաղը հակամարտության սիրտն է, եւ այն չի կարող լինել
ընդամենը բանակցությունների օբյեկտ։ Ղարաբաղի բնակչությանը կենսականորեն
անհրաժեշտ է հակամարտության լուծումը, անհամեմատ ավելի, քան Ադրբեջանի կամ
Հայաստանի բնակիչներին»,- գրում է Կազիմիրովն իր «Լեռնային Ղարաբաղը պետք
է մասնակցի բանակցություններին» հոդվածում, որը բացասական արձագանք է
ունեցել Ադրբեջանում։ Բավական է թվարկել դրա դեմ Բաքվի մամուլում տպված
հոդվածներից մի քանիսի վերնագրերը, եւ պարզ կդառնա ադրբեջանցիների
վերաբերմունքը՝ «Նախկին միջնորդի ստրիպտիզը», «Կազիմիրովի ծախվածությունն
ու ռուսական ԱԳՆ-ի դիրքորոշումը», «Առանց ամոթի ու խղճի», եւ այլն։
Մի այլ առիթով Կազիմիրովը գրել էր. «Իմ հոդվածներն ատելությամբ են լցնում
ադրբեջանցի լրագրողներին կամ նրանց հետեւում կանգնած մարդկանց։ Մեղադրում
են անաչառ չլինելու համար, ինձ հայտարարում հայերի ոչ անվճար փաստաբան,
փոխարենը լրջորեն քննարկելու։ Չափման նրանց միավորը մեկն է՝ հակահայ եւ
հայամետ, եւ փորձում են համոզել, որ դրանք են ճշմարտության ու ստի
հոմանիշները։ Բայց երբ գրեցի, թե «փաթեթն» անհնար է, «Տարածքներ՝
կարգավիճակի դիմաց» ձեւակերպումն ունի ուժային հիմք, որ կարիք չկա
օկուպացրած տարածքները մեծարել «ազատագրյալ» բառով, նախ մտածեցին, թե
հայերի գործակալը հմտորեն քողարկվում է, հետո վերջապես հասունացան»։
Մինչդեռ նույն գործակալը նույն հոդվածում ասում է. «Արդեն հոգնել եմ
գրելուց, թե օկուպացիան պատերազմի չարորակ ուռուցքն է, նրա դաժան
տրամաբանության արդյունքը։ Շատերը նրանում տեսնում են դժբախտությունների
պատճառը, բայց եթե ավելի խորանանք, կտեսնենք, որ դա հենց հետեւանքն է։
Նախապատճառը ղեկավարության հաղթանակների պատրանքից հրաժարվել, պատերազմը
դադարեցնել եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել չկարողանալն է»։
«Օփիում սեփական ժողովրդի համար։ Ինչպե՞ս են պրոպագանդիստները վնասում
ղարաբաղյան կարգավորմանը» հոդվածում Կազիմիրովն անխնա քննադատում է երկու
երկրների իշխանություններին ու հասարակական կազմակերպություններին՝
թշնամանք սերմանելու եւ խաղաղության ուղիները փակելու համար։ Սա եւս մի
պատճառ է, որպեսզի երկու կողմերն էլ չկամություն դրսեւորեն մարդկային
բացառիկ սկզբունքներ կրող այս դիվանագետի հանդեպ։
«Անպատասխանատու քարոզչության խաբկանքը թշնամանքով թունավորում է նոր
սերունդներին, որոնք պետք է կողք կողքի ապրեն։ Վերցնենք երկու
ողբերգությունները՝ Սումգայիթն ու Խոջալուն, եւ դրանց կիրառությունը
քարոզչության մեջ։ Զոհերին հետ չես բերի, եւ թվում է, նպատակը պետք է
լիներ նման բան երբեք թույլ չտալը։ Սա է երկու ողբերգությունների դասը,
դրանց տարելիցները նշելու բուն էությունը։ Բայց արդյոք դրա՞ն են ձգտում
պրոպագանդիստները։ Կարելի է մտածել՝ ուղիղ հակառակը։ Նրանց բոլոր ջանքերն
ուղղված են վրեժխնդրությանն ու նոր սումգայիթներ կամ խոջալուներ
ստեղծելուն»։ Կազիմիրովը գտնում է, որ որքան քիչ է առաջընթացը
բանակցություններում, այնքան երկու կողմերին ավելի շատ է պետք գալիս
քարոզչության ծխածածկույթը։
Կազիմիրովը որպես արհեստավարժ դիվանագետ հաճախ հրաժարվում է գնահատականներ
ու որակումներ տալուց, բայց պատասխանելով «Ռեգնում» լրատվական
գործակալության թղթակցի հարցին՝ չի կարողացել թաքցնել իր տարակուսանքը
երկու երկրների իշխանությունների, սեփական իշխանությունը պահելու
նպատակով, կարգավորումը ձգձգելու առիթով։ «Գուցե մի քիչ կոռեկտ չէ, բայց
տարածված կարծիք կա, որ իշխանությունը պահելը խնդրի կարգավորումից կարեւոր
է: Ես այնքան էլ չեմ կիսում այդ դաժան վարկածը, բայց փաստ է, որ
կարգավորումը ձգձգվում է, եւ դրանից տուժում են ժողովուրդները: Եթե անգամ
հաշվի չառնենք ընտրությունների հետ կապված մեկուկես տարվա ընդմիջումը,
վերջին տարվա ընթացքում նախագահների եւ ԱԳ նախարարների մակարդակներով
ընդամենը 6-7 հանդիպում է եղել: Նկատի ունենալով խնդրի հրատապությունը, սա
իհարկե քիչ է: Մի կարծիք էլ կա, թե երկու երկրի ղեկավարներն արդեն հաշտվել
են երկու կողմի համար շահավետ լուծման անհնարինության հետ եւ ժամանակ են
ձգում` փորձելով պահպանել գոյություն ունեցող ստատուս-քվոն»:
Կարծում եմ, Կազիմիրովի հոդվածներից ու հարցազրույցներից մեջբերված բոլոր
հատվածները գալիս են վկայելու, որ հայերն ու ադրբեջանցիները միայն մի
հարցում են հաշտ ու խաղաղ, եւ դա Կազիմիրովին հավասարապես ու նույն կրքով
չսիրելն է։