Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին արդեն մասնակցելու են «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ դիտորդի կարգավիճակով` կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը:
Եվ հանձնաժողովը` ի դեմս ՆԺԿ նախագահի, արդեն ունենալու է ընդդիմադիր անդամ: Համենայնդեպս, այդպես է իրեն ներկայացնում Արամ Կարապետյանը: Իսկ նա եւ Հ.Սարգսյանը երեկ խորհրդարան էին գնացել` ուսումնասիրելու հանձնաժողովի ուսումնասիրած փաստաթղթերը:
Հանձնաժողովի գործունեության ամբողջ ընթացքում հանձնաժողովի անդամներն ու նախագահ Սամվել Նիկոյանն իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ ընդդիմության կողմից բարձրացված հարցերին ի պատասխան՝ ասում էին` «խոսելու փոխարեն՝ թող գան եւ մեր աշխատանքներին մասնակցեն»: Արդյո՞ք ընդդիմադիր այս գործիչների մասնակցությունն օգնելու է հանձնաժողովին ավելի մոտենալու իրենց կողմից քննարկվող հարցերի բացահայտմանը, եւ արդյո՞ք ՆԺԿ նախագահը հանձնաժողովում լրացնելու է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության թողած բացը: Պարզվում է` Ս.Նիկոյանը հանձնաժողովի աշխատանքներում արդեն չի զգում «ընդդիմության բացը»:
«Սկզբից բավական երկար ժամանակ զգացել եմ ընդդիմության բացը, հիմա դա ինձ առանձնապես չի մտահոգում: Հանձնաժողովի անդամների ու փորձագետների հավասարակշիռ աշխատանքով մեր գործն առաջ է գնում: Իսկ Ա.Կարապետյանի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ հասկացա, որ նա տրամադրված է շատ աշխատանքային եւ ուզում է ծանոթանալ մեր հավաքած բոլոր նյութերին»,- ասում է Ս.Նիկոյանը: Փոխադարձաբար Ա.Կարապետյանը նույնպես առայժմ գոհ է հանձնաժողովի աշխատանքներից: Նա ընդամենն ասաց, թե հսկայական աշխատանք է կատարվել, եւ հրաժարվեց պատասխանել իրեն ուղղված հարցերին:
Արդեն մեկ ամիս է, ինչ ԱԺ-ում գործում է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված` մարտյան դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբը: Կարգադրության համաձայն` խմբի աշխատանքները ենթակա չեն հրապարակման, խումբը ստեղծվել է ԱԺ հանձնաժողովին մարտյան դեպքերը բացահայտող փաստերի ձեռք բերման հարցում օգնելու համար: Արդյոք այս մեկ ամսվա ընթացքում փաստահավաք խումբը Ս. Նիկոյանի գլխավորած հանձնաժողովին որեւէ նոր տեղեկատվություն տրամադրե՞լ է, ո՞ր փուլում են հիմա խմբի աշխատանքները, կամ` հանձնաժողովն ու փաստահավաք խումբը համագործակցո՞ւմ են իրենց միասնական նպատակին հասնելու համար: Պարզվում է, սակայն, որ առայժմ Ս. Նիկոյանի հանձնաժողովն է օգնում փաստահավաք խմբին:
«Փաստահավաք խումբն աշխատանքները վերջացնելուց հետո է նյութերը տրամադրելու հանձնաժողովին: Ճիշտն ասած, նրանց հետ օպերատիվ կապ չունենք, որ իմանանք, թե նրանց աշխատանքներն ինչ փուլում են: Չեմ էլ ուզում, որ հանձնաժողովը որեւիցե ձեւով խառնվի փաստահավաք խմբի գործունեությանը: Նրանց աշխատանքի արդյունավետությունը կախված է պետական մարմինների հետ ունեցած աշխատանքի արդյունավետությունից: Կարծում եմ, որ այս մի ամսվա աշխատանքի ընթացքում նրանք դեռեւս չեն էլ ունենա այն նյութը, որը հանձնաժողովի համար հետաքրքրություն կներկայացնի, որովհետեւ այն նյութերը, ինչ նրանք հայթայթում են, մենք արդեն ունենք: Խումբը պետք է այդ ճանապարհն անցնի, հետո նոր նրա ձեռք բերած նյութերը մեզ համար հետաքրքիր կլինեն»,- ասաց Ս.Նիկոյանը:
ԱԺ-ն վերոնշյալ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել է մինչեւ 2009թ. փետրվարի 24-ը: Արդյոք այս 2,5 ամսվա ընթացքում փաստահավաք խումբը կհասցնի՞ պարզել Նիկոյանի համար ցանկալի տեղեկատվությունը: Հանձնաժողովի նախագահի խոսքերով` կա երկու ճանապարհ: «Առաջինը` ժամկետ նշել եւ զեկուցել միայն այդ ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները եւ ասել, թե՝ այսքան եմ հասցրել: Բայց կարծում եմ, որ դա հասարակությանը չի բավարարելու: Դրա համար ես սկզբունք եմ դրել` տալ հասարակությանը հետաքրքրող հարցերի պատասխանը: Ժամանակն արդեն երկրորդական է, եւ դա կախված է փաստահավաք խմբի աշխատանքներից»,- ասաց պարոն Նիկոյանը` ավելացնելով, որ եթե փաստահավաք խումբը չհասցնի մինչեւ փետրվարի 24-ն ավարտել իր աշխատանքը, ինքը նորից կդիմի ԱԺ-ին իր հանձնաժողովի աշխատանքները եւս մեկ անգամ երկարացնելու խնդրանքով: Ավելացնենք, որ փաստահավաք խմբի աշխատանքների համար ժամկետ նշված չէ, եւ այդ առումով էլ հայտնի չէ` դեռ որքան կտեւի խմբի, նաեւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը:
Ս.Նիկոյանը նաեւ ասում է, որ թեեւ իր ղեկավարած հանձնաժողովն անկախ է ունեցած փաստերն ու տեղեկատվությունը գնահատելու հարցում, թեեւ ԱԺ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի համար պետական այլ մարմնի տված փաստաթղթերը չեն կարող լինել պարտադրող, այնուամենայնիվ, փաստահավաք խմբի տրամադրած փաստաթուղթն իր եզրակացության համար հիմք է լինելու, որովհետեւ դա ստեղծվելու է «երկկողմանի ու մասնագիտացված խմբի կողմից»: Փաստորեն, Ս.Նիկոյանն իր գլխավորած հանձնաժողովի աշխատանքն ու, որ ամենակարեւորն է, վերջնական եզրակացությունը ինչ-որ իմաստով պայմանավորում է փաստահավաք խմբի տրամադրած նյութերով: Այսինքն, բացառված չէ, որ խորհրդարանական հանձնաժողովը կարող է կրկնել մարտյան դեպքերի հետ փաստահավաք խմբի եզրակացությունը: Կարելի՞ է ասել, որ այդպիսով հանձնաժողովն իրեն ապահովագրել է թե՛ նշված ժամկետում գործելու, եւ թե՛ վերջնական եզրակացության պատասխանատվությունից: «Եթե դուք ուզում եք, որ այդպես բնութագրվի, ես չեմ առարկի: Բայց ուզում եմ ասել, որ եթե նյութը երկու կողմից ուսումնասիրվում եւ դառնում է նրանց միասնական տեսակետը, դա մոտ կլինի ճշմարտությանը: Որովհետեւ դա երկու կողմերի բանավեճի արդյունքն է: Ինչո՞ւ չօգտագործել այդ հնարավորությունը: Բայց հանձնաժողովն ունի հսկայական փաստաթղթեր եւ այդ ուղղությամբ հսկայական աշխատանքներ է անում: Իհարկե, եթե հանձնաժողովը որեւէ հարցում զգա, որ իր ունեցած փաստերը շատ ավելի հավաստի են, կօգտագործի»,- ասաց Ս.Նիկոյանը:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային կոնգրեսը եւ «ժառանգությունը» փաստահավաք խմբի աշխատանքների հետ կապված իշխանություններին վերապահումներ են ներկայացրել: Վերջերս ընդդիմությունը հայտարարեց, որ այդ պայմանները չեն կատարվել, եւ չի բացառվում, որ ետ կանչեն վերապահումներով խումբ գործուղած իրենց երկու անդամներին: Արդյոք այդ դեպքում էլ Ս. Նիկոյանի համար հավաստի կլինի՞ փաստահավաք խմբի տրամադրած փաստաթուղթը: «Ցանկացած պարագայում հանձնաժողովն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու է եւ օգտվելու է փաստահավաք խմբի նյութերից, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են մասնակցել այդ աշխատանքներին»,- եզրափակեց պարոն Նիկոյանը: