«Այս վճիռն անցավ Հայաստանի Հանրապետության արդարադատության պատմություն` որպես սեւ էջ եւ դասական դեպք, թե ինչպես կարող են Ոստիկանությունն ու իրավապահները ոտնձգություններ կատարել արդարադատության համակարգի նկատմամբ»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց «Մարտի 1-ի գործով» ձերբակալված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:
Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ առաջին ատյանի դատարանը` դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, Սմբատ Այվազյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման եւ տուգանել 300.000 դրամի չափով: Ասուլիսին ներկա էին նաեւ Սմբատ Այվազյանի մյուս փաստաբանները` Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: Նրանք բերեցին մի շարք փաստեր` հիմնավորելու համար, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն անօրինական է: Փաստաբանները նշում են, որ դատավոր Գագիկ Ավետիսյանը վճիռ կայացնելիս անտեսել է այն փաստը, որ Ոստիկանությունն ապօրինի է ձերբակալել Սմբատ Այվազյանին, իսկ այն, որ Այվազյանը ձերբակալման պահին փորձել է պաշտպանել իր իրավունքը եւ չենթարկվել Ոստիկանության ապօրինի հրամաններին, դատավորն ընդունել է որպես ոստիկաններին ցուցաբերած դիմադրություն: Առաջին հարցաքննությունը, ըստ նրանց, չի ուղեկցվել ընթերակաների ներկայությամբ, իսկ հարցաքննության ընթացքը չի արձանագրվել: Փաստաբանները նշեցին, որ գործի դատավարության ընթացքում չեն կարողացել նաեւ դատարան կանչել իրենց հրավիրած վկաներին, այսինքն` դատավորը խախտել է համապատասխան եվրոպական կոնվենցիան: Երվանդ Վարոսյանը խոսելով Սմբատ Այվազյանին առաջադրված երկրորդ մեղադրանքի` սառը զենք կրելու մասին, նշեց, որ Այվազյանին 6-րդ վարչություն տանելուց մինչ հարցաքննությունն ու դատավարության ընթացքը իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով: Երբ ապօրինի զենք պահելու կասկածանքով Սմբատ Այվազյանի հետ Ոստիկանություն են բերման ենթարկվել նաեւ նրա երկու մարտական ընկերները, նրանց չեն հարցաքննել բերման ենթարկելու պատճառի կապակցությամբ: Փոխարենը հարցրել են, թե մասնակցո՞ւմ են արդյոք Ազատության հրապարակի հանրահավաքներին, շա՞տ են արդյոք հրապարակում մարդիկ, փող վճարո՞ւմ են նրանց, թե՞ ոչ, հաց տալի՞ս են, թե՞ ոչ եւ այլն: Այսինքն, ըստ փաստաբան Հովիկ Արսենյանի, Այվազյանին հետապնդում են նրա քաղաքական գործունեության համար: Ի դեպ, Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց, թե ինքն ուզում է հավատալ, որ այդ հետապնդումն ունի միայն քաղաքական դրդապատճառ, կապված է Սմբատ Այվազյանի` ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելու հանգամանքի հետ, եւ ոչ թե պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով: Ըստ նրա, այսօր շատ գնահատականներ են հնչում գործընթացի մոտալուտ եւ ոչ հայանպաստ հանգուցալուծման կապակցությամբ, ուստի հնարավոր է, որ իշխանությունները փորձում են մեկուսացնել այն անձանց, ովքեր կարող էին դեմ դուրս գալ այդօրինակ լուծումներին եւ հերթական անգամ իրենց կյանքը զոհել հայրենիքի համար: Լուսինե Սահակյանն անդրադարձավ նաեւ այն տեղեկություններին, որ վերջին օրերին իշխանությունները փորձում են գաղտնի բանակցություններ վարել քաղբանտարկյալների հետ` նրանցից «զղջում» կորզելու եւ ազատ արձակելու համար: Ըստ նրա, իշխանությունը հայտնվել է այնպիսի ծանր վիճակում, որ անկարող լինելով ապացուցել ընդդիմության ձերբակալված եւ նույնիսկ դատապարտված անդամների որեւէ մեղք կամ հանցանք, ստիպված է այդ ճանապարհով լուծել քաղբանտարկյալների հարցը: Սակայն փաստաբանը նշում է, թե իշխանության մտքով անգամ չի անցնի այդօրինակ գործարք առաջարկել եւ բանակցել իր պաշտպանյալի հետ, քանի որ Սմբատ Այվազյանը «թույլ օղակ» չէ: Լուսինե Սահակյանը վստահ է, որ Ս. Այվազյանը նույնիսկ դիմում չի ներկայացնի վաղաժամկետ պայմանական ազատ արձակման համար, քանի որ նա իրեն երբեք մեղավոր չի ճանաչի: