Հիմա էլ լիցենզիա

10/12/2008

Հանրապետության տոնավաճառներում շարունակվում են հաշվիչ-դրամարկղային մեքենաների` ՀԴՄ-ների տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման եւ հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արմեն Թամազյանը, աշխատանքների մեծ մասն արդեն իրականացվել է, ակնկալվում է մինչեւ տարեվերջ դրանք ավարտել, քանի որ հաջորդ տարվա փետրվարից տոնավաճառներին ներկայացվելու է արդեն լիցենզավորման պահանջ: Ըստ Ա. Թամազյանի` սա այն ոլորտն է, որը մինչեւ վերջերս գտնվում էր ստվերում, քանի որ նման վայրերում առեւտուր իրականացնողների մեծ մասը նույնիսկ պետական գրանցում չուներ: «ՀԴՄ-ների տեղադրումը վկայում է այն մասին, որ նաեւ այդ սուբյեկտներն են ստացել համապատասխան կարգավիճակ, գրանցվել որպես հարկ վճարող եւ սկսել գործել օրինական դաշտում: Երբ արդեն փետրվարից տոնավաճառների լիցենզավորումն իրականացվի, դրա պահանջներից մեկն այն կլինի, որ պայմանագրեր կնքվեն բացառապես տնտեսվարող սուբյեկտների հետ»,- ասել է Ա. Թամազյանը: Տոնավաճառներում առեւտուր իրականացնողների մոտ ՀԴՄ-ներ տեղադրվում են տովավաճառների տերերի հաշվին: