Տնտեսության անկման փուլում գտնվելու ժամանակ բիզնես սկսելու գաղափարը կարող է հիմարություն թվալ։ Սակայն թույլ տնտեսությունն, իրականում, կարող է իդեալական ժամանակահատված լինել նոր բիզնեսի համար։ Օրեր առաջ գործարար Միխայիլ Բաղդասարովն էլ կարծիք հայտնեց, որ համաշխարհային ճգնաժամը կարող է օգտակար լինել նորաստեղծ ընկերությունների համար։ Խոսելով, մասնավորապես, ավիաընկերությունների մասին, նա ասաց, որ խոշոր ընկերությունների սնանկացումից կարող են օգուտ քաղել նոր եւ փոքր ընկերությունները՝ ձեռք բերելով էժան ինքնաթիռներ եւ գրավելով մեծերի ազատած տեղը փոխադրումների շուկայում։
Մ. Բաղդասարովը ճիշտ է. աշխարհահռչակ շատ ընկերություններ եւ բրենդեր ստեղծվել են հենց ճգնաժամերի ու տնտեսական անկումների ժամանակ։ Սակայն տարբերությունն այն է, որ դրանք օգտվել են ոչ թե այլ ընկերությունների սնանկացումից, այլ տվյալ պահին ճիշտ են հասկացել շուկայի պահանջները, փորձել լրացնել այն, եւ անկախ տնտեսական վիճակից, հասել հաջողության։
Ստորեւ նշված ընկերությունները ստեղծվել են հենց տնտեսական անկումների ժամանակ։
«Hyatt Corp» հյուրանոցային-ռեստորանային ցանց։ Ընկերությունը Լոս Անջելեսի օդանավակայանի տարածքում գտնվող իր առաջին հյուրանոցի դռները բացել է Էյզենհաուերի ժամանակների տնտեսական ռեցեսիայի տարիներին (1957-1958թթ.)։ Հաջորդ տասնամյակների ընթացքում ցանցն ընդլայնվեց եւ այժմ ունի 365 հյուրանոց, որոնք բարձրակարգ ծառայություններ են մատուցում աշխարհի 25 երկրներում։
«Burger King Corp» ռեստորանային ցանց։ «Burger King»-ն՝ իր տապակած բիֆշտեքսներով, անկման ժամանակ բացված հաջողակ բիզնեսի եւս մեկ օրինակ է։ Ջեյմս Մակլամորը եւ Դեւիդ Էջերթոնն իրենց առաջին ռեստորանը բացեցին 1954թ. Մայամիում, իսկ 1957թ.՝ տնտեսական անկման հաջորդ փուլի ժամանակ, ընկերությունը ներկայացրեց իր ապրանքային բրենդը՝ «Whopper»-ը։ «Burger King»-ն այժմ գործում է աշխարհի 65 երկրներում եւ ունի ավելի քան 11.000 սպասարկման կետ։
«IHOP Corp»։ Էյզենհաուերի ժամանակների աստղը։ Ցանցն այսօր աշխատում է ազգային մասշտաբով, ունի 1300 կետ ԱՄՆ-ում։ Հիմնադիրները՝ Ալ եւ Ջերրի Լապինները, իրենց առաջին ռեստորանը հիմնել են 1958թ. Տոլուկա Լեյքում (Կալիֆոռնիա)։ Հիմնադրումից ընդամենը 3 տարի անց նրանք այնքան ճանաչվեցին, որ սկսեցին ֆրանչայզինգի իրավունք վաճառել մասնավոր անձանց։
«LexisNexsis» գիտահետազոտական կենտրոն։ Հետազոտություններ է իրականացնում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ օրենսդրության եւ զանգվածային լրատվության։ Ընկերությունը սկզբնական շրջանում աշխատում էր կառավարության պատվերներով, կատարում էր համակարգչային ծառայություններ՝ 1973թ. նավթային ճգնաժամի ժամանակ։ «LexisNexis»-ը ներկայումս ինտերնետ-ծառայություններ է մատուցում աշխարհի 100 երկրների կառավարություններին, ինստիտուտներին եւ մասնավոր բիզնեսին։
«FedEx» բեռնափոխադրումների ընկերություն։ Գործունեությունը սկսել է 1973թ., երբ Ֆրեդերիկ Սմիթը հիմնեց ընկերությունը՝ հույս ունենալով պայմանագիր կնքել ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվային համակարգի հետ։ Պայմանագիրը չստացվեց, սակայն ընկերությունը բարգավաճեց այնպես, որ եթե առաջին գիշերային օպերացիայի ժամանակ փոխադրել էր 186 միավոր ապրանք, ապա այսօր ամեն օր իրականացնում է ավելի քան 7.5 միլիոն առաքում՝ աշխարհով մեկ։
«Microsoft»։ 1975թ., երբ Բիլ Գեյթսը հիմնեց «Microsoft»-ն, այն ընդամենը Նյու Մեքսիկոյում գտնվող մի փոքրիկ ընկերություն էր, որը համակարգչային ծրագրեր էր մշակում։ «Microsoft»-ի վերելքը սկսվեց MS-DOS օպերացիոն համակարգի հաջողությամբ, որը վաճառվեց IBM կորպորացիային։
«CNN»։ Ներկայիս հսկա հեռուստաընկերությունը 1980թ. ռեցեսիայի ժամանակ ընդամենը փոքրիկ մի հեռուստակայան էր՝ «The Cable Network News» (կաբելային ցանցային նորություններ) անվանմամբ։ Տեղեկատվությունը մարդկանց հասցնելու եղանակը հեղափոխություն ապրեց, երբ CNN-ը բացեց իր առաջին շուրջօրյա լրատվական ալիքը։ Այսօր աշխարհում CNN-ը դիտում է ավելի քան 1.5 միլիարդ մարդ։
«Trader Joeգs»։ Գործունեությունը սկսել է 1958թ.՝ որպես «Pronto Markets» շուրջօրյա խանութների ցանց։ 1967թ. ընկերությունը վերանվանվեց «Trader Joeգs» եւ սկսեց սպառողներին ներկայացնել օրիգինալ ապրանքներ՝ սեփական բրենդով։ Ընկերությունն այժմ ԱՄՆ-ում ունի ավելի քան 280 խանութ։
«Wikipedia Foundation Inc» օնլայն հանրագիտարան։ Գործունեությունը սկսել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ստեղծված տնտեսական անկման ժամանակ։ 2003-ին հանրագիտարանն ուներ մոտ 100 հազար գրառում։ Իսկ այսօր Wikipedia-ն ունի ավելի քան 2.5 միլիոն հոդված եւ շարունակում է աճել։
«Sports Illustrated» ամսագիր։ Առաջին համարը լույս է տեսել 1954թ։ Իհարկե, տնտեսությունն այդ ժամանակ լճանում էր, սակայն պրոֆեսիոնալ սպորտում այդ եւ հաջորդող տարիներին իսկական բում էր, ինչը հաջողությամբ օգտագործվեց «Sports Illustrated»-ի կողմից։ Ամսագիրն այժմ վաճառվում է ԱՄՆ-ում՝ շաբաթական մոտ 3 միլիոն օրինակով։
«General Electric»։ Հիմնադրվել է 1876թ.՝ ամերիկացի հայտնի գյուտարար Թոմաս Էդիսոնի կողմից։ 1870-ականների՝ 6-ամյա ռեցեսիայի ընթացքում, Էդիսոնը ստեղծեց բոլոր ժամանակների մեծագույն հայտնագործություններից մեկը՝ էլեկտրական լամպը։ Զարմանալի չէ, որ դրանից հետո հաջողությունն ապահովված էր։ Շուկայական կապիտալիզացիայի առումով «General Electric»-ն այսօր աշխարհի երրորդ ընկերությունն է։ Հետաքրքիր է նաեւ այն, որ արտադրական այս հսկան իր եկամուտների կեսն այսօր ստանում է ֆինանսական ծառայություններ մատուցող մասնաճյուղերից։
«Hewlett-Packard»։ Ընկերությունը ծնվել է Մեծ Դեպրեսիայի վերջին՝ Պալո-Ալտո քաղաքի մի փոքրիկ ավտոտնակում։ Ընդամենը 538 դոլար նախնական կապիտալով ստեղծված ընկերությունն այժմ տեխնոլոգիական արտադրանքի շուկայի հզորագույն խաղացողներից մեկն է։ «Hewlett-Packard»-ի տարեկան շրջանառությունը գերազանցում է 100 միլիարդ դոլարը, եւ ընկերությունը գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Մակ-տնտեսություն
Կան նաեւ ընկերություններ, որոնք ոչ միայն հիմնադրվել են անկումային տարիներին, այլեւ շարունակում են բարգավաճել անգամ ներկայիս համաշխարհային ճգնաժամի պայմաններում։ Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է «Մակդոնալդս» ռեստորանային ցանցին։ Ընկերության գործունեության այս տարվա 3-րդ եռամսյակի ցուցանիշները շատերին զարմացրին։ Զուտ շահույթը աճել է 11%-ով՝ հասնելով 1.19 միլիարդ դոլարի։ Իսկ երրորդ եռամսյակի հասույթը կազմել է 6.27 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5.9 միլիարդի դիմաց։ Ընդ որում, կորպորացիան մտադիր է եւս 2 միլիարդ ներդնել՝ բիզնեսն ընդլայնելու համար։ Ընկերության գլխավոր տնօրեն Ջիմ Սքինները հաջողության գաղտնիքը բացատրում է «դոլարային մենյուով». զամբյուղը կազմված է ուտեստների նոր հավաքածուից, որոնցից յուրաքանչյուրն արժե 1 դոլար։ Սակայն անկախ փորձագետներն ավելի անկեղծ են այս հարցում, եւ նրանց բացատրություններն ավելի արժանահավատ են։ Օրինակ, «Morningstar» կազմակերպության փորձագետ Ջոն Օուենսը պնդում է, որ ճգնաժամի արդյունքում «Մակդոնալդս» են սկսել հաճախել մեծ թվով մարդիկ, ովքեր մինչ ճգնաժամը նախընտրում էին այլ՝ ավելի «պրեստիժ» եւ թանկ ռեստորաններ։ Փաստորեն, ճգնաժամը նրանց ստիպել է անցնել ֆասթ-ֆուդային ռեստորանների՝ այսպես ասենք, «էկոնոմ կլասի»։ Իսկ այս ոլորտի անվիճելի առաջատարն, իհարկե, «Մակդոնալդսն» է։
Նշենք, որ այս ցանցի առաջին փոքրիկ ռեստորանը բացել են Դիկ եւ Մորիս Մակդոնալդները՝ 1948թ. դեկտեմբերի 12-ին, Սան-Բեռնարդինո քաղաքում։ 1954թ. գործի մեջ մտավ նաեւ ոմն Ռեյ Կրոկ՝ Չիկագոյից։ Ֆրենչայզինգի սկզբունքով նա «Մակդոնալդս» բացեց Իլինոյս նահանգում, իսկ 1961թ. ամբողջությամբ գնեց ընկերությունը՝ վճարելով 2.7 միլիոն դոլար։
Այժմ «Մակդոնալդս» կայսրությունն այնքան մեծ է, որ Օուք-Բրուք փոքրիկ քաղաքում գտնվող շտաբ-բնակարանում դժվարանում են նշել նրա իրական չափերը (շատ «Մակդոնալդսներ» չեն մտնում կորպորացիայի մեջ, այլ աշխատում են ֆրանչայզինգով)։ Մոտավոր հաշվարկներով, աշխարհի 120 երկրներում գործում են մոտ 120 հազար ռեստորաններ, որոնցից 13.800-ը՝ ԱՄՆ-ում։ Ընկերության շուկայական արժեքն այս տարվա կեսերին գնահատվում էր ավելի քան 60 միլիարդ դոլար։ Նշենք, որ «Մակդոնալդսներ» չկան միայն շատ քիչ թվով երկրներում՝ Ալբանիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Վատիկանում եւ Հայաստանում։