«Դեռ պետք է ապացոիցենք, որ քրդերից ու եզդիներից վատը չենք»

10/12/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Պարո՛ն Գեւորգյան, հայ շախմատիստների հաղթանակը ցույց տվեց, որ երբ ֆինանսական միջոցներն ուղղվում են ճիշտ հասցեով, արդյունքն անխուսափելի է լինում, եթե հատկապես գործ ունենք մտավոր աշխատանքի հետ: Ֆիզիկայի ոլորտում եւս ունենք պոտենցիալ, սակայն պետական պատվեր այդ ոլորտին պետությունը կարծես չունի:

– Չգիտեմ` ով է Ձեզ խաբել, որ ֆիզիկայի ոլորտում մեծ պոտենցիալ կա: Շախմատի հավաքականի տղաներն իրենց անհատական ցուցանիշներով` Էլոյի գործակիցներով, գրավում են շատ բարձր տեղեր աշխարհի լավագույն 100-յակում: Գրոսմայստերի կոչումը նրանք ապացուցում են անհատական խաղով: Եթե զուգահեռներ անցկացնենք գիտության հետ, լավագույն դեպքում կարող ենք մի տեղում հավաքել, շախմատային լեզվով ասած, պատանեկան 3-րդ կարգին համապատասխանող ֆիզիկոսներ: Ես գիտեմ ֆիզմաթ գիտությունների դոկտորների եւ թեկնածուների, ովքեր չգիտեն անգամ ֆիզիկայի դպրոցական կուրսը: Չեմ կարծում, թե ձիու քայլը չիմացող շախմատիստ կա: Կարծում եմ, շախմատիստների հաղթանակի հիմքում ընկած են նրանց` իսկապես համաշխարհային մակարդակի անհատական մասնագիտական գիտելիքները: Հայաստանում այսօր կա 6500 մարդ, որ գիտության բնագավառում ինչ-որ բան է անում: Չեմ կարծում, որ այդ 6500-ից կարելի է 600 մարդ հավաքել, ում արածը գիտության մեջ պարզապես ծիծաղելի չէ:

– Այսինքն, մենք այսօր չունե՞նք ֆիզիկոսներ, ովքեր կարող են իրենց գիտելիքով, փորձով դուրս գալ միջազգային ասպարեզ:

– Ձե՜ր ֆիզիկոսները` մեծիմասամբ խանգարված երեւակայությամբ գավառական տղերքգ Ամորձ մտքերը, թե «մենք», «մերոնք», «մենք մոզգ ենք», մեզ անընդհատ խանգարում են: Պիտի սկսենք նրանից, որ մենք ուրիշներից վատը չենք, եւ եթե կարողանանք մեզ դրանում համոզել, մեզ ճիշտ կգնահատենք: Գիտության մեջ կան «կռասնայա պրոֆեսուրայի» եւ «ռաբֆակի» ներկայացուցիչներ, կան բանակից փախած տղերք, որոնք պաշտպանել են, սակայն իրենց ազգանունը դժվարությամբ են գրում, կան պարզապես թոշակառուներ, ովքեր այգիներում նարդի խաղալու փոխարեն՝ գալիս են աշխատանքի: Եվ այս ամենը համեմված է անհիմն պոռոտախոսությամբ: Կանգնեցրեք փողոցում կամայական մեկին եւ հարցրեք` այսինչ տեղում 35.000 դրամ աշխատավարձով աշխատում են այսինչ մարդիկ, ի՞նչ կարծիքի ես սրանց մասին: Փոքր պաուզայից հետո կհնչի պատասխան` ուրեմն սրանք ծալապակաս են, ինչպե՞ս են 35.000-ով աշխատում. կա՛մ գողանում են, կա՛մ մի բան ունեն, ցույց չեն տալիս:

– Կարծեմ, Դուք եւս աշխատում եք Ֆիզիկայի ինստիտուտում, Ձեր աշխատավարձն էլ, ենթադրաբար, 35.000 դրամ է…

– Ես կռվում եմ Ֆիզիկայի ինստիտուտում: Ես, տեսնում եք, 120 կգ եմ եւ նման չեմ աղքատ մարդու: Ֆիզիկայի ինստիտուտից չնչին գումար եմ ստանում. ես այլ ձեւերով եմ փող աշխատում, բայց փորձում եմ ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է անել գիտություն. ցուցադրաբար անում եմ էքսպերիմենտ, որը սկզբից մինչեւ վերջ ֆինանսավորում եմ ինքս, եւ իմ հոդվածն էլ ընդունում են աշխարհի լավագույն ամսագրերից մեկում:

– Ձեր ներկայացրածից ստացվում է, որ Հայաստանում չկա գիտություն, եւ կա միայն գիտության իմիտացիա՞:

– Հայաստանի բյուջեն գիտության համար նախատեսել է 25 միլիոն դոլար եւ ոչ մի կոպեկ ավելի: Հայաստանի ֆինանսական տվյալներն ահավոր ցածր են. տարեկան մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 3400 դոլար է, երբ նորմալ երկրներում 40-50 հազար դոլար է:

– Իսկական գիտնականի համար, կարծում եք, առաջնայինը պետության կողմից հատկացվող գումարը կամ ուշադրությո՞ւնն են:

– Բացարձակապես: Չգիտես ինչու, գիտնականներն այսօր համոզված են, որ պետությունը պիտի ֆինանսավորի ֆունդամենտալ գիտությունը: Գիտությանն անմիջական ֆինանսավորում պետության կողմից կար միայն ԽՍՀՄ-ի ժամանակ: Աշխարհի ամենահարուստ երկրները քննարկում են` գիտության զարգացման ո՞ր ճանապարհն է արդյունավետ` ակադեմիակա՞ն, թե՞ համալսարանական: Ցավոք, մեր երկրում կարծում են, որ ակադեմիական գիտությունն այն է, որ փողն Ակադեմիայում են բաժանում, իսկ համալսարանականը երբ փողը համալսարանում են բաժանում: Իրականում դա ոչ թե փող բաժանելու, այլ փող աշխատելու եղանակն է: Եթե նայենք, օրինակ, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի ֆինանսավորման աղբյուրներին, կտեսնենք, որ համալսարանի բյուջեի 25%-ն ուսանողների, ասպիրանտների վարձն է, 25%-ը` նվիրատվությունները, 25%-ը` անշարժ գույքի կամ հողի սեփականության միջոցով վաստակած գումարներն են: Մնացած մասն էլ ուսումնական կամ գիտահետազոտական գրանտների տեսքով է գալիս, եւ այնտեղ պետությունը չի գրում, թե՝ այսքան գումար կտաս էլեկտրականությանը, այսքան` ջրին, այսքան` գազին, այսքան էլ՝ հարկերի ձեւով կվերադարձնես: Երբ ասում եմ, որ անմիջական պետական ֆինանսավորում չկա` սա նկատի ունեմ: ԱՄՆ-ում անցած դարի սկզբին մոտավորապես նույն վիճակն էր` ֆինանսներ չկային, էթնիկ մաֆիաները մոտեցել էին ընդհուպ համալսարանների «անշարժ գույքին»: Երեւի ԱՄՆ-ում այնպես է, որ եթե հանճարեղ մարդ ծնվում է, նա ինչ-որ պահի կարող է պրեզիդենտ դառնալ: Եվ Ռուզվելտը, որ նախագահ էր, ոչ մի պարզունակ տրամաբանությունից չհետեւող, սակայն գիտությունը փրկելու նպատակով արեց հետեւյալ քայլը` շենքերը եւ այն հողերը, որոնց վրա գտնվում էին համալսարանները, տվեց համալսարաններին` սեփականության տեսքով, առանց օտարելու իրավունքի, ազատելով հողի ու գույքի հարկից: Մեզ մոտ հակառակն է. ուշադիր հետեւում են` ումից ինչ կարելի է փախցնել, ո՞ր ինստիտուտի գլխին տանք, մի բան տանենք: Այո, այսօր գիտությունը փրկելու գումար պետությունը չունի, սակայն շենքերն ու հողերը սեփականության տեսքով պետք է տալ ինստիտուտներին` առանց օտարելու իրավունքի: Դա կնշանակի, որ այն մարդիկ, ում հետաքրքրում է ոչ թե գիտությունը, այլ գույքը, շենքերը, շատ արագ գիտությունից կհեռանան: ԱՄՆ-ում ֆինանսավորման 25%-ը համալսարաններ է մտնում նվիրատվության տեսքով: Նվիրատվություն տալիս են մարդիկ, ովքեր յոթ սերունդ սովորել են այնտեղ: 7-րդ սերունդն է` գիտելիքի հաշվին փող է աշխատում: Այստեղ ես չգիտեմ գիտելիքի հաշվին փող աշխատած տղա: Կան տղերք, որ փող են աշխատում, եւ լավագույնը, որ իրենց երեւակայությունը կարող է թույլ տալ, իրենց ֆիզկուլտի դասատուին գնդակ կամ հեռուստացույց նվիրելն է: Յոթ սերունդ պիտի անցնի, որ գիտելիքի հաշվին փող աշխատող մարդիկ նվիրատվություն անեն: Մի օրինակ բերեմ. արքայազն Չարլզի նախկին կնոջ` Դիանայի մասին հաղորդում կար: Հայերեն ասած, նրա հոր ձեռքերը քարի տակ չէին, աղջիկը լավ ծագում ուներ, սակայն, երբ դպրոցն ավարտեց, բարձրագույն կրթության մասին խոսք չկար: Հայրն ասաց` երեխաս թույլ է: Եվ Դիանան ավարտեց, մեր պատկերացմամբ, մի տեխնիկում եւ աշխատում էր՝ որպես մանկապարտեզի դաստիարակչուհու օգնական: Մեզ մոտ առաջին երկու կոպեկ աշխատող մարդը փորձում է ոչ թե իր երեխային դրսում կրթության տալ, այլ պատրաստ է փող տալ, որ իր երեխան սովորի այստեղ, բայց անվճար: Արժեքների համակարգը տարբեր է: Վերջիվերջո, Գեյթսն իր ունեցվածքը չի թողել իր երեխաներին: Չի կարելի երեխային փչացնել: Այստեղ հարուստ են` «Ընկեր Հարությունյան, հիշըմ ե՞ս, որ ընձի ծեծիր, դասից դուս արիր» կատեգորիայի հուշեր ունեցող տղերքը: Նրանցից նվիրատվություն գիտությանը սպասել պետք չէ:

– Ձեր տոնը ստիպում է հետաքրքրվել. ըստ Ձեզ` Հայաստանում կա՞ գիտության որեւէ ոլորտ, որն, այնուամենայնիվ, զարգանում է:

– Հեքիաթներ են: Երբ մարդուն ասում են` ամսական ունես 35.000 դրամ, երբ չես կարող փորձիդ համար անհրաժեշտ նյութեր գնել, մնացածը ստախոսություն է:

– Կրկնենք. շախմատիստների առաջ պետությունը նպատակ դրեց, միջոցներ ուղղեց եւ արդյունք ստացավ: Ֆիզիկոսներին նման պատվեր իջեցվո՞ւմ է` աշխատել ֆիզիկայի այսինչ ուղղության վրա, փորձել գտնել այսինչ հարցի պատասխանը:

– Պետությունն իրավունք չունի նպատակներն այդ ձեւով դնելու: Գիտության մեջ «գրոսմայստերի մակարդակի» գիտնականներ չեն մնացել: Պետք է հասկանանք` ինչ ենք ուզում գիտությունից: Գիտությունը` որպես մարդկային գործունեություն, որը նպատակ ունի անհայտից գիտելիք կորզել` ենթադրում է շատ պարամետրեր: Համաշխարհային գիտության մեջ մեր ներդրումը չնչին է: Շախմատում լավագույններն իրար գլուխ էին հավաքվել: Սա հնարավոր եղավ անել, որովհետեւ, նախ՝ այդ լավագույնները կան, եւ ինչ-որ մեկն էլ խնդիր էր դրել նրանց հավաքել: Իրական արժեքների գնահատման համակարգի բացակայության պայմաններում դժվար է լուծել նման խնդիր: Գիտության վիճակը ես ավելի շուտ կհամեմատեի մեր բասկետբոլի հետ` կա լեգենդ Ալաչաջյանի մասին, եւ կա այսօրվա տխուր իրականությունը:

– Երբ զրուցում էի ֆիզիկոս Դավիթ Սահակյանի հետ, նա ասաց, որ Հայաստանում կան տաղանդավոր երիտասարդ ֆիզիկոսներ, ովքեր կարող էին դառնալ աշխարհի լավագույն համալսարանների պատիվը:

– Շատ չկան: Պետք է ապացուցենք, որ մենք հարեւան ազգերից` քրդերից, եզդիներից, մյուսներից վատը չենք: Պետք է ձերբազատվել այդ սնապարծությունից: Նորմալ ազգերի մոտ լեգենդն ինչպե՞ս է. «Վարվառա կռասա, դլիննայա կոսա»: Կինն է գեղեցիկ: Մեզ մոտ, չգիտես ինչու, Արա Գեղեցիկ է: Տղեն սիրուն էր: Ու հիմա 1,40 բոյով, անթրաշ տղերքը որ գնում են Մոսկվա, իրենց թվում է` իրենք Արա Գեղեցիկ են, անդիմադրելի հմայիչ: Ենթադրենք` կա հինգ տաղանդավոր շախմատիստ, բայց քանի՜-քանի՜ տհաս մարդ կա, որ ասում են` խելոք ենք: Այս ռեգիոնի մեծագույն հրաշքը, որ հայոց լեզուն է, մենք ենք ստեղծել: Ցավոք սրտի, լեզվի կրողներն այնպիսի վերաբերմունք ունեն հայոց լեզվի հանդեպ, որ սկսում ես կասկածել` սրանք նրանց ժառանգնե՞րն են, թե՞ ոչ: Այս ռեգիոնի մեծագույն հրաշքներից մեկը մեր էպոսն է` «Սասունցի Դավիթը», որի հիման վրա անգամ մուլտ կամ ֆիլմ չեն նկարում: Սրանցով չենք հպարտանում: Ի վերջո, մենք երկիր ենք, ուր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 3400 դոլար է: Սա ամոթ է: Երբ որեւէ երկրում հայերի կոնցենտրացիան քիչ է, եւ խնդիր ունենք ընդամենն ինտեգրվել արդեն ստեղծված համակարգին, մենք ամենաորակյալներն ենք: Բայց երբ խնդիր է առաջանում ինքներս համակարգ ստեղծել, չենք կարող ստեղծել: Մենք համակարգ ստեղծող ազգ չենք:

– Հայաստանում հայերի կոնցենտրացիան շատ է, Դուք էլ ասում եք` համակարգ ստեղծող ազգ չենք: Այդ դեպքում ստացվում է, որ այսօրվա Հայաստանին գիտություն պետք չէ:

– Կան ազգեր, որոնք խնդիր են դնում` ինչո՞ւ ապրել: Պատասխանն էլ մասշտաբային է` աշխարհի մեկ վեցերորդը կամ Տիեզերքը նվաճելու համար, եւ այլն: Մենք նման հարց չենք դնում: Մենք դնում ենք հարց` ո՞նց ապրենք: Որի պատասխանի մասշտաբն էլ, լավագույն դեպքում, սա է` գնանք գործի, փող ստանանք, ապրենք: Մենք միակ ազգն ենք, որի լեզվի մեջ կա լավը հայհոյելու տրադիցիա: Այսինքն` լավի հանդեպ ատելությունը մեր մեջ է: Մերգելյա՞ն: Ալիխանյա՞ն: Ո՞վ է Մերգելյանը կամ Ալիխանյանը: Ինչպե՞ս վարվեցին նրանց հետ:

– Ֆիզիկոսների հետ զրուցելիս միշտ հետաքրքիր է իմանալ նրանց վերաբերմունքը` որքանով են կրոնն ու գիտությունն առնչվում: Դուք ունե՞ք այս հարցի պատասխանը:

– Տերունական աղոթքում, իմ խորին համոզմամբ, «Հայր մեր, որ յերկինս ես, Սուրբ եղիցի անուն Քո» մտքից հետո արդեն աղոթքը վերջանում է: Այդքանն է աստվածային: Շարունակությունը մարդկային լոգիկայով հնարած բան է: Չէի ուզենա գեղջուկ փիլիսոփաների պես փորձել պատասխանել բոլոր հարցերին: Ասեմ միայն, որ թեման այնքան խորն է, որ չեմ կարծում, թե ես իրավունք ունեմ այս թեմայով իմ մտքերը հանձնել հանրությանը: Մի հետաքրքիր դեպք պատմեմ: 1980թ. Մոսկվայում, կոնֆերանսի բանկետի ժամանակ Սերգեյ Պետրովիչ Կապիցան պատմեց Վազգեն Առաջինի հետ իր հանդիպման մասին: Կապիցային անձամբ Վազգեն Առաջինն Էջմիածնի թանգարանում ցույց էր տվել մի նմուշ եւ ասել. «Ահա եւ մի կտոր Նոյի տապանից»: Կապիցան պատմում է. «Որոշեցի փայլել իմ հրաշալի գիտելիքներով եւ ասացի. «Գիտե՞ք, հիմա գիտությունն այնքան է զարգացել, որ սարքը կարող է որոշել այս փայտի կտորի տարիքը»: Որին հետեւել է Վազգեն Առաջինի հանճարեղ պատասխանը. «Եթե ցանկանում եք փայտի այս կտորի միջոցով ստուգել Ձեր գործիքները` խնդրեմ»: Ես հպարտանում եմ, որ Վազգեն Առաջինը հայ էր: