Պուտինը գոհ է

07/12/2008

Երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման օրակարգի հիմնական հարցը համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ծրագրերն են եղել: «Ենթադրվում է, որ Ռուսաստանը Հայաստանին որոշակի ֆինանսական օգնություն կտրամադրի` ճգնաժամի հնարավոր հետեւանքները մեղմելու նպատակով»,- նշված է Տ. Սարգսյանի այցի մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունում: Իսկ հանդիպումից առաջ ՌԴ վարչապետ Վ.Պուտինը հայտարարել է. «Կցանկանայի գոհունակությամբ նշել, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ հաջող են զարգանում, ընդ որում` գործնականում բոլոր ուղղություններով»: Ըստ նրա` էներգետիկայի բնագավառում եւ մի շարք այլ ճյուղերում խոշոր նախագծեր են իրականացվում, որոնք, նրա գնահատմամբ` «վատ չեն իրականացվում»: «Մենք համագործակցության մեծ ծավալ ունենք, եւ ես վստահ եմ, որ ձեր այցը կլինի շատ գործնական, օգտակար, կառուցողական, եւ խոսելու բան կունենանք»,- ասել է Պուտինը: