Քսան տարի անց

07/12/2008

Վաղը լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցը: Վստահաբար, բոլոր հեռուստաընկերություններով երկրաշարժի մասին պատմող ֆիլմեր ու հաղորդումներ են ցուցադրվելու, նույն հեռուստաընկերությունների եթերից ամենաբարձրաստիճան պաշտոնյաները դեմքի հուզիչ արտահայտությամբ գեղեցիկ տեքստեր են արտասանելու այդ արհավիրքի եւ «աղետի գոտին զարգացման գոտի դարձնելու» մասին: Եվ վաղը հերթական անգամ ականատես ենք լինելու, որ առնվազն 25 հազար մարդու մահվան պատճառ դարձած այդ ողբերգությունը 20 տարի անց դարձյալ իշխանությունների կողմից օգտագործվում է առավելապես քարոզչական նպատակներով: Սակայն փաստն այն է, որ աղետի գոտին 20 տարի անց էլ դեռեւս մնում է աղետի գոտի` չնայած առնվազն վերջին տասը տարիներին «արձանագրվող երկնիշ տնտեսական աճին», որը նույնպես միմիայն քարոզչական նպատակ ուներ եւ որեւէ կապ չուներ իրականության հետ: Եվ այդպես է լինելու, քանի դեռ իշխանությունները մտածում են ոչ թե աղետի հետեւանքներն իրականում վերացնելու ու գոնե բոլոր անօթեւաններին բնակարաններով ապահովելու մասին, այլ նույն աղետի գոտում ինչ-որ «տարածաշրջանային կենտրոններ կառուցելու» անհեթեթ ռազմավարություններ են մշակում եւ խոսում են, ասենք, Գյումրին նավահանգիստ դարձնելու մասին: