Զատուլինը զարմացած է

07/12/2008

«Չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շուտ կլինի, թեեւ Հելսինկիում նախարարները եւս չեն ասել, որ դա շուտ տեղի կունենա»,- երեկ ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով նախօրեին Հելսինկիում ստորագրված ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությանը: Ինչ վերաբերում է Մոսկվայում ստորագրված հռչակագրին, ապա, ըստ նրա, օգոստոսին Կովկասում տեղի ունեցածից հետո կարեւոր էր, որ կողմերն ընդունեին, որ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Վրաստանի ճանապարհով չեն գնա: Նա զարմանք հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` վերջերս արած այն հայտարարության առնչությամբ, թե մոսկովյան հռչակագիրը նաեւ չի բացառում հակամարտության` ռազմական ճանապարհով լուծումը: «Կարծում եմ` հայտարարությունն արված է Ադրբեջանի հասարակական որոշ հատվածի պահանջով եւ չի խոսում Ադրբեջանի նախագահի օգտին: Մենք միամիտ չենք եւ հասկանում ենք, որ խաղաղությունն ավելի լուրջ գործ է, քան հռչակագրի տակ ստորագրելը, բայց Ադրբեջանը, կարծում եմ, խնդիրը խաղաղ լուծելու պարտավորություն է վերցրել: Եվ Հայաստանը՝ նույնպես, ու սա շատ կարեւոր է»,- ասաց Զատուլինը: «Ինչ վերաբերում է Հայաստանում այն քննարկումներին` Լեռնային Ղարաբաղը ստորագրե՞լ է հռչակագիրը, թե՞ ոչ, ապա կարեւորն այն էր, որ Ադրբեջանը ստորագրեր այդ փաստաթուղթը եւ դրանով ընդուներ, որ խնդրի ռազմական լուծումը հնարավոր չէ: Հանուն դրա, կարծում եմ, այս փուլում իմաստ ուներ սահմանափակվել մասնակիցների այդ ձեւաչափով: Ապագայում, համոզված եմ, առանց Լեռնային Ղարաբաղի, առանց ԼՂ բնակչության կամարտահայտության, ոչ ոք Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը չի կարող որոշել»,- ասաց ռուս պատգամավորը: