«Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Ազիզյանը պատրաստվել է նույն հիմնարկի դատապարտյալներից մեկին թմրանյութ փոխանցել: Արդարադատության նախարարության ՔՀՎ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` ԱՆ Քրեակատարողական վարչության օպերատիվ ծառայությունը պարզել է այդ ամենը, եւ ՀՀ Ոստիկանության հետ համատեղ նոյեմբերի 5-ին ժամը 09:00-ի սահմաններում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում Արտակ Ազիզյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է թմրանյութանման զանգված: Արտակ Ազիզյանը ձերբակալվել է: «ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը հավաստիացնում է, որ հետեւողականորեն շարունակելու է իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները` համակարգում ցանկացած իրավախախտում հայտնաբերելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ: