Նախօրեին Հելսինկիում Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից ստորագրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունն ԱԺ կոալիցիոն քաղաքական ուժերը (ինչպես Մայնդորֆյան հռչակագրի դեպքում) դարձյալ համարում են դրական: ԱԺ այս տարվա վերջին ճեպազրույցում երեկ նրանք իրար հերթ չտալով արտահայտում էին իրենց «հանձնարարված հիացմունքը»:
Նշենք, որ այս հայտարարության մեջ ՌԴ եւ ԱՄՆ ԱԳ փոխնախարարները կոչ են արել կողմերին շարունակել աշխատանքը եւ առաջիկա ամիսներին վերջնական պայմանավորվածության հանգել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: «Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպումը եւ նույն օրը ստորագրված հռչակագիրը նոր եւ խոստումնալից էջ բացեցին Կովկասում խաղաղություն հաստատելու մեր միասնական ջանքերում, եւ մենք կոչ ենք անում կողմերին հիմնվել այդ դրական առաջընթացի վրա»,- նշված է համատեղ հայտարարության մեջ, որտեղ կողմերին հորդորում են նաեւ սկսել այդ սկզբունքների վրա հիմնված խաղաղության համաձայնագրի մշակումը:
Համատեղ հայտարարության մեջ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արվում նաեւ փոխադարձ վստահությունն ամրապնդող միջոցառումներ ձեռնարկել. ընդ որում, որպես այդ գործընթացի առաջին քայլ, միջնորդները մատնանշել են հակամարտության գոտուց դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտությունը` անմեղ մարդկանց եւ զինվորների կյանքը փրկելու համար. «Կողմերի համար հրամայական է միմյանց հետ, ինչպես նաեւ եռանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ համատեղ աշխատանքը` այս եւ այլ միջոցներով հրադադարի կայուն ռեժիմ ապահովելու համար»: Իհարկե, այդ հայտարարության հրապարակումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի «Մեդիամաքսին» տված հարցազրույցում արտահայտած մոտեցումներն ամենեւին էլ դրական տարրեր չեն պարունակում իրենց մեջ: Ըստ ավելի ուշ Բրայզայի կողմից «ուղղված» հայտարարության (արդեն սովորական է դարձել, որ Բրայզան որեւէ հայտարարություն է անում` որպես կանոն՝ ոչ հայանպաստ, հետո հերքում կամ պարզաբանում է)՝ խաղաղության պայմանագրի առաջին կետը պետք է վերաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Նա, իհարկե, նաեւ նշել է. «Սակայն պայմանագիրը չի կարող կայանալ, եթե նրանում չլինեն կետեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման որոշակի աստիճանի եւ ուժ չգործադրելու վերաբերյալ: Այդ բոլոր սկզբունքները պետք է ներառվեն պայմանագրում»:
Մինչ այս հայտարարության վերաբերյալ կոալիցիոն ուժերի դրական «տեսակետներին» անցնելը, ներկայացնենք ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը, ըստ որի` այդ հայտարարության միակ դրական դրույթը վերաբերում է ռազմական ճանապարհով հարցի լուծման բացառմանը: «Մենք վերահաստատում ենք մեր համոզվածությունը, որ այս հակամարտության համար չկա ռազմական լուծում, եւ կոչ ենք անում կողմերին վերադառնալ դրա խաղաղ կարգավորմանը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` բանակցությունների գործընթացում իմիտացիաների ժամանակը վաղուց անցել է, եւ արդեն եկել է կոնկրետ որոշումներ ընդունելու ժամանակը: «Ըստ էության, կիրառվում է փոքր պարտավորություններ կորզելու տեխնոլոգիան, այսինքն` յուրաքանչյուր մայրաքաղաքում ստորագրվում է ինչ-որ փաստաթուղթ, որն առաջ է տանում բանակցային գործընթացը: Եթե մենք առաջ հնարավորություն ունեինք ասելու, որ, գիտեք ի՞նչ` սկզբունքների մասին համաձայնագիր չենք կարող կնքել, քանի որ դետալները հստակ չեն, եւ Ադրբեջանի հետ այդ դետալների շուրջ վիճաբանում ենք, ապա այս պայմաններում հասկանալի է, որ մեզ պարտադրվելու է ստորագրել փաստաթղթեր, որոնց վերաբերյալ տարաձայնություններ չկան: Այսինքն` սա ցույց է տալիս, որ տարբեր պատառիկներով պարտավորություններ կորզելով կողմերից, վերջում գործընթացն առաջ է գնալու, եւ մենք կարող ենք կանգնել բավականին տհաճ վերջնահանգրվանի առջեւ»,- ասաց Ս. Սաֆարյանը` հավաստիացնելով, թե Հելսինկիում ստորագրված այս հայտարարությունը միակը չի լինելու, քանի որ դրան հաջորդելու են այլ փաստաթղթեր: Ըստ նրա, դարձյալ մտահոգիչ է այն հանգամանքը, որ այդպես էլ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում որպես հակամարտության անմիջական կողմ: «Մոսկովյան հռչակագրից` մեր ռազմավարական դաշնակցից մնացած ամենածանր բեռը, ժառանգությունը մնաց այն, որ հակամարտությունը տեղափոխվեց Ադրբեջան-Հայաստան հարթության վրա»,- ասաց Ս. ՍաՖարյանը` հավելելով, թե` ի տարբերություն Մայնդորֆյան հռչակագրի, Հելսինկյան հայտարարության մեջ տեղ գտավ ռազմական ճանապարհով հարցի լուծման դատապարտման եւ անհնարինության հանգամանքը: «Երեւակայեք, որ սա կարող է միակ լուսավոր կետը հանդիսանալ, մնացած առումներով մտահոգիչ է այն, որ, փաստորեն, դրանով Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությանը հորդորվում է առաջիկա ամիսներին արագ ավարտին հասցնել սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Մի համաձայնագրի, որից կատարելապես տեղյակ չէ Հայաստանի եւ Արցախի հանրությունը: Հետեւաբար, որեւէ մեկը` լինի դա ընդդիմություն, լինի շարքային քաղաքացի, չի կարող վստահություն ունենալ այս գործընթացի նկատմամբ: Հատկապես, երբ այդ գործընթացում ակնհայտ են նաեւ տարածաշրջանում ազդեցության վերահաստատման, էներգետիկ նոր ծրագրերի իրականացման շունչը»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է կոալիցիոն ուժերին, ապա, ինչպես միշտ` նրանք հիացած են նման փաստաթղթերից: Օրինակ, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցի հավաստմամբ` դա առաջընթաց է ԼՂՀ հակամարտության կարգավորման առումով: ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը նույնպես գոհ ու երջանիկ է ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաների ստորագրած հայտարարությունից: ԱԺ ՀՅԴ-ական փոխնախարար Հրայր Կարապետյանի կարծիքով էլ` այդ հայտարարությունը որեւէ արտառոց դրույթ իր մեջ չի պարունակում, որից իրենք տեղյակ չլինեին նախկինում: Սակայն նրան հաճելիորեն զարմացրել է Մեթյու Բրայզայի հայտարարությունը, որը Հ. Կարապետյանի որակմամբ` իրարամերժ է: «Սա առաջին դեպքը չէ: Բոլոր գործիչների մեջ երեւի կարելի է ռեկորդային համարել Բրայզային իր իրարամերժ հայտարարությունների համար»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը: Նա Մ. Բրայզային նաեւ համարեց անլուրջ գործիչ` ասելով, թե «Բրայզայի կարգի պատասխանատու գործիչը, որը ներկայացնում է այնպիսի գերտերություն, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է ավելի լուրջ վերաբերվի իր պարտականություններին»: «Բայց մենք, ցավոք սրտի, այդ լրջության բացակայության մեջ համոզվել ենք բազմիցս»,- ասաց Հ. Կարապետյանը: Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը, ճիշտ է` տեղյակ չէր, թե խոսքն ինչ հայտարարության մասին է, քանի որ նա անընդհատ խոսում էր Մայնդորֆյան հռչակագրից, բայց միեւնույն է` գոհ էր: Այս անգամ, սակայն, նա դա վերագրեց ոչ թե իր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի վարած արտաքին քաղաքականությանը, ինչպես սիրում են անել ՕԵԿ-ականները, այլ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: Իսկ սա իսկապես լուրջ փոփոխություն է ՕԵԿ-ականների համար. այլ դեպքում նրանք իրենց խոսքը սկսելուց առաջ հաստատ կհայտարարեին, որ իրենց կուսակցության նախագահ Ա. Բաղդասարյանի վարած քաղաքականության շնորհիվ է, ասենք, որ Հայաստանի ԱԳ նախարարին հրավիրել էին Հելսինկի` ներկա գտնվելու այդ հայտարարության ստորագրման հանդիսավոր արարողությանը: