ՀՀ Քաղաքաշինության նախարարության պատվերով այս տարի Սյունիքում նախատեսված էր իրականացնել 11 ծրագիր: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Սյունիքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, պայմանագրային գներով նախատեսված 665 մլն դրամի տարեկան ծրագրի դիմաց նոյեմբերի դրությամբ կատարվել են 624 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքներ, կամ տարեկան ծրագրի 94 տոկոսը: Ներկա դրությամբ ավարտվել է Արավուս, Խոզնավար գյուղերում նոր դպրոցների կառուցման, մարզային, Ույծի գրադարանների, Տեղի մշակույթի տան, Լորի դպրոցի հիմնանորոգման տարեկան ծրագիրը: Ընթացքի մեջ է Եղեգ գյուղի դպրոցի նոր շենքի կառուցման, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի, ՀՀ ԳԱԱ-ի հետազոտությունների կենտրոնի մետալուրգիայի լաբորատորիայի, Կապանի թիվ 3 կրթահամալիրի եւ Գորիսի թիվ 1 դպրոցի հիմնանորոգումը: Մնում է իրականացնել 11 մլն դրամի շինաշխատանքներ, որոնք կավարտվեն տարեվերջին: Ընթացիկ տարում Մշակույթի եւ գյուղատնտեսության նախարարությունների պատվերով եւս Սյունիքում իրականացվել են ծրագրեր: Ավարտվել է Վահանավանքի վանական համալիրի նորոգման տարեկան ծրագիրը, որի համար պետբյուջեից հատկացվել էր 30 մլն դրամ, նաեւ Սիսիանի տարածաշրջանի անասնաբուժական լաբորատորիայի հիմնանորոգումը` 29 մլն դրամի շրջանակներում: