Հայաստանյան ներքաղաքական շրջանակների համար վաղուց արդեն «աքսիոմ է դարձել» այն, որ եթե ՀՀ-ում հանկարծ ու սկսում են ինչ-ինչ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ հրապարակվել, ուրեմն առաջիկայում ինչ-որ կարեւոր համապետական, քաղաքական իրադարձություն է սպասվում: Իսկ եթե դրան զուգահեռ՝ հանկարծ ՀՀ կառավարությունն էլ, իր հերթին, այն էլ` հրատապ քննարկման կարգով, Ազգային ժողով է բերում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխության վերաբերյալ օրինագիծ, ապա կարելի է համոզված լինել, որ վերոհիշյալ քաղաքական իրադարձությունը սարերի հետեւում չէ: Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ իշխանական երկու կառույցների նախաձեռնությամբ հանրության ուշադրության կենտրոնում գրեթե միաժամանակ հայտնվեցին եւ՛ Հայաստանի հանրային հեռուստատեսության պատվերով «Գելափ» կազմակերպության կողմից նոյեմբերի առաջին կեսին անցկացված լայնածավալ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, եւ՛ ՀՀ կառավարության կողմից խորհրդարան ներկայացված հանրաքվեի մասին օրինագիծը: Այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան հանրությանը ներկայացրեց ԼՂ հարցի վերջնական կարգավորմանն ուղղված իր պատկերացրած գործողությունների «ալգորիթմը»՝ ԱԺ-ին հանրաքվեի մասին օրինագծի ներկայացման հրատապության պատճառը, թերեւս, բոլորի համար հասկանալի դարձավ: Բանն այն է, որ ըստ ՀՀ նախագահի պատկերացումների` կարգավորման փաստաթղթի վերջնական ստորագրմանը պետք է նախորդեն «ամենալայն հասարակական քննարկումները», որոնց գագաթնակետը կլինի համաժողովրդական հանրաքվեն: Դժվար չէր կանխատեսել, որ «հասարակական լսումներ» կազմակերպելու գաղափարն ընդդիմության կողմից պետք է գնահատվեր որպես ԼՂ հարցի կարգավորման շուրջ հնարավոր անբարենպաստ լուծումների համար պատասխանատվությունը հասարակության վրա բարդելու իշխանական փորձ: Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի նախաձեռնած միջկուսակցական հավաքը բոյկոտելու արմատական ընդդիմության որոշումը, թերեւս, տրամաբանական է թվում եւ լիովին տեղավորվում է ԼՂ հարցի կարգավորմանը, այսպես ասած, «չխոչընդոտելու» արմատական ընդդիմության կողմից հոկտեմբեր ամսվանից որդեգրված ռազմավարության տիրույթում: Հասկանալի է, որ ԼՂ հարցի կարգավորման բոլոր ռիսկերի «մենաշնորհը» ՀՀ գործող նախագահին վերապահած ընդդիմությանը բոլորովին ձեռնտու չէ, նույնիսկ ֆորմալ առումով, Սերժ Սարգսյանի հետ կիսել պատասխանատվությունը գործընթացների անբարենպաստ արդյունքների համար: Այս պարագայում առավել քան ընկալելի է դառնում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության դրսեւորած խիստ մերժողական կեցվածքը ԱԺ-ում հրատապ կարգով քննարկվող հանրաքվեի մասին օրինագծի հանդեպ: Ընդդիմությունն, ըստ էության, այլեւս չէր թաքցնում, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ հանրաքվեի անցկացումը դիտարկվում է սոսկ որպես սեփական սխալ քաղաքականության համար պատասխանատվությունն ամբողջ ժողովրդի հետ կիսելու իշխանությունների ձգտում: Ինչեւէ, քաղաքական այս բանավեճի ավարտին կողմերից յուրաքանչյուրը ձեռք բերեց այն, ինչ պետք է ստանար. ընդդիմությունը, ինչպես միշտ, քաղաքական եւ PR դիվիդենտներ, իսկ իշխանությունն, առանց մեծ դժվարությունների, անցկացրեց մի օրինագիծ, որը հետագայում թույլ կտա նրան առաջ շարժվել իր նախանշած սցենարով եւ քայլերի հաջորդականությամբ: Եվ պետք է նկատել, որ ԼՂ հարցի կարգավորման հարցի շուրջ հանրաքվեն կարող է կայանալ շատ ավելի շուտ, քան շատերը պատկերացնում են: Պատահական չէ, որ օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանն ասուլիսի ժամանակ կանխատեսում արեց, որ արդեն մոտ ժամանակներս` հունվարի վերջին, ԼՂ-ի շուրջ հակամարտող կողմերը խնդրի կարգավորման սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են ստորագրելու: «Զարմանալի զուգադիպությամբ»՝ դրանից մի քանի օր անց` դեկտեմբերի 5-ին, հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, որոնք հակամարտող կողմերին կոչ են արել առաջիկա ամիսներին համաձայնեցնել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: «Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներս եւ փոխարտգործնախարարս, կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ օգտագործել կառուցողական եւ դրական իմպուլսը, որ առաջացել է 2008թ. նոյեմբերի 2-ին ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում»: Նույն օրը ստորագրված Մոսկվայի հռչակագիրը նոր եւ խոստումնալից փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մեր ընդհանուր ձգտման մեջ: Այդ հռչակագրում նախագահներն իրենց հավատարմությունն են հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական շրջանակում` հիմնված անցյալ տարի Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների գործակցությամբ մշակված բազային սկզբունքների վրա: «Մենք կոչ ենք անում կողմերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ՝ ձեռնարկել ջանքեր հակամարտության կարգավորման բազային սկզբունքների համաձայնեցումն առաջիկա նախագծի մշակման աշխատանքներին ձեռնամուխ լինելու համար»,- ասված է այս հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այստեղ խոսքն այն հռչակագրի մասին է, որի մասին մեր քաղաքական գործիչներից եւ վերլուծաբաններից ոմանք մեծ արհամարհանքով են խոսում եւ բնութագրում են՝ որպես սոսկ հերթապահ փաստաթուղթ: Ամեն դեպքում, դատելով այն իրողությունից, որ գերտերություններն արդեն իսկ կոչ են անում մոտ ժամանակներս նախապատրաստել «համապարփակ խաղաղության պայմանագրի» փաստաթուղթը, եւ անգամ արդեն գործը հասել է այնպիսի տեխնիկական մանրամասներին, ինչպիսին` «առաջին դիրքերից դիպուկահարների հետ քաշվելու» խնդիրն է, ապա պետք է ենթադրել, որ, այնուամենայնիվ, հակամարտության կողմերը եւ միջնորդներն ինչ-ինչ լրջագույն ետկուլիսյան համաձայնությունների են հանգել: Իսկ սա իր հերթին ենթադրում է, որ մոտ ապագայում «փոխզիջումների» գնալու համար ֆորմալ առումով «ժողովրդի մանդատը» ստանալուն ձգտող ՀՀ իշխանությունները զգալիորեն կակտիվացնեն տարաբնույթ «հասարակական լսումների» իրականացման գործընթացները` կտրուկ ավելացնելով դրանցում ներգրավված շրջանակների քանակը եւ հնարավորության դեպքում՝ որակը: Ամենայն հավանականությամբ, այս գործընթացներին կհետեւի հանրաքվեի անցկացումը: Պատահական չէ, որ արդեն այսօր շատերին հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ձեւակերպված լինելու ժողովրդական հանրաքվեին դրված հարցապնդումը: Փորձագիտական որոշ շրջանակների կարծիքով` այդ հարցապնդումը, ամենայն հավանականությամբ, ոչ մի կոնկրետ ձեւակերպում չի ներառի, այլ կպարունակի հնարավորինս դիվանագիտական ձեւակերպում: Այդպիսի օրինակ կարող է լինել «Համաձա՞յն եք արդյոք, որպեսզի ԼՂ հակամարտության շուրջ կարգավորումն իրականացվի ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքի համադրման եղանակով»` ձեւակերպումով: Ամեն դեպքում, արդեն կասկածից վեր է, որ ինչպես «պերեստրոյկայի» ժամանակ էին ասում` «տՐՏՓպրր տՏՔպս»: Ընդ որում, գործընթացներն այնպիսի թափ են հավաքել, որ ստիպում են Սերժ Սարգսյանին հիմնավորապես եւ բազմակողմանի նախապատրաստվել հնարավոր զարգացումներին: Այդ թվում նաեւ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում համապատասխան հասարակական կարծիք ձեւավորելու միջոցով: Եվ այս գործում սովորականի պես գործի դրվեց «սոցիոլոգիական հարցում» կոչվող քարոզչական գործիքը` «Գելափի» սոցիոլոգիական հարցման արդյունքների տեսքով: Եթե նկատի առնենք մեզանում ձեւավորված այն «ժողովրդավարական ավանդույթը», որի համաձայն՝ իշխանության կողմից հրապարակած սոցիոլոգիական հարցումների արդյունքները հետագայում, գրեթե նույնությամբ, համընկնում են համապետական ընտրությունների կամ հանրաքվեների պաշտոնական արդյունքների հետ, ապա պետք է ենթադրել, որ «Գելափի» «հարցումներով» բացահայտված նախագահ Ս. Սարգսյանի` բոլոր առումներով «անվիճելի» ռեյտինգները, պետք է որ նրան որեւէ անհանգստանալու պատճառներ չտան: Եվ, առաջին հերթին, ասվածը վերաբերում է ԼՂ հարցի կարգավորման շուրջ սպասվելիք հանրաքվեի արդյունքներին, քանի որ, եթե հավատանք «Գելափի» հարցումների տվյալներին, ապա հենց Սերժ Սարգսյանն է այն գործիչը, որի դիրքորոշումներն ու հայացքներն ամենից շատ հոգեհարազատ են հարցվողների համար, պարզվեց, որ հենց նրա գաղափարներին են առավել համակրում մեր հասարակության մեջ, եւ հենց նա է այն գործիչը, ում օգտին կքվեարկեին հարցվողները, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի: Ավելին, «Գելափի» պնդմամբ` «եթե ամեն ինչ շարունակվի նույն ոգով, ինչպես ներկայումս է», ապա քաղաքական գործիչներից ձայների առավելագույն քանակ հաջորդ ընտրություններում կստանա, ինչպես դժվար չէ կռահել, նույն ինքը` Սերժ Սարգսյանը: Ինչեւէ, այս անգամ էլ` հիմնականում քարոզչական նպատակներով օգտագործվող, «Գելափի» ուսումնասիրության արդյունքները, ամենայն հավանականությամբ, ընդամենը նախերգանք են ԼՂ հարցի շուրջ ընթացող գործընթացների վերջին «ակտից» առաջ: Սակայն կարծում ենք` տեղին է այնուամենայնիվ հիշեցնել, որ, ինչպես ցույց տվեցին հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները` Հայաստանում, նույնիսկ «Գելափի» նման հեղինակավոր սոցիոլոգիական ինստիտուտը չկարողացավ իր պատվիրատուներին ապահովագրել տհաճ էքսցեսներից…