«Ֆաբերժեի» գանձերը՝ Նյու Դելիում

07/12/2008

Հնդկաստանի մայրաքաղաքում` Ազգային թանգարանում բացվել է «Ֆաբերժե» ոսկերչական ստեղծագործությունների տան ցուցահանդեսը:

Ներկայացվել են ավելի քան 192 ցուցանմուշներ, որոնց արժեքը գնահատվում է ավելի քան 22մլն դոլար: Ըստ ցուցահանդեսի կազմկոմիտեի` ցուցանմուշները Հնդկաստանում ցուցադրելու համար հավաքվել են ոչ միայն պետական թանգարաններից, այլեւ մասնավոր կոլեկցիոներներից: Ըստ այդմ` «Ֆաբերժե-Ռուսական իմպերիայի թանկարժեք իրերը» ցուցահանդեսի 139 նմուշները Նյու Դելի են տեղափոխվել պետական թանգարաններից, իսկ 53-ը` Վիկտոր Վեկսելբերգի կոլեկցիայից: Ի դեպ, «Ռենովա» ընկերության սեփականատեր, UC Rusal ալյումինային ընկերության համասեփականատեր, ալյումինային հոլդինգի նախագահ, ռուս գործարար Վ. Վեկսելբերգը 2008թ. ընդգրկվել էր Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց տասնյակում: Շվեյցարական տնտեսական լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ` գործարարի ունեցվածքը գնահատվում է 13մլրդ դոլար: Նրան է պատկանում նաեւ շվեյցարական Oerlikon եւ Sulzer ընկերությունների բաժնետոմսերի փաթեթը: Ի դեպ, «Ֆաբերժեի» եւ, առհասարակ, արվեստի սիրահար Վ. Վեկսելբերգը անգլիացի իր գործընկերների հետ հիմնադրել է Fine Art Investments Fund հիմնադրամը: «Ֆաբերժեի» գլուխգործոցները մինչ օրս կոլեկցիոներների հիացմունքին եւ գնահատականին են արժանանում: Կարլ Ֆաբերժեն (1846-1920թթ.) ծնվել է ոսկերչական իրերի վարպետ Գուստավ Ֆաբերժեի ընտանիքում, որը մի փոքրիկ խանութ ուներ Սանկտ Պետերբուրգում: 1870թ. Կարլը սկսեց ղեկավարել ընտանեկան բիզնեսը, եւ որոշ ժամանակ անց նա սկսեց իր աշխատանքները վաճառել Կայսերական ընտանիքին, եւ որպես արվեստի ստեղծագործությունների վերականգնող՝ աշխատել «Էրմիտաժում»: Նրա աշխատանքները մեծ ճանաչում ստացան: 1885թ. Ալեքսանդր 3-րդ կայսրի կողմից նա Սուրբ Ծննդյան ոսկյա` առաջին ձվի պատվերը ստացավ, որը նախատեսված էր կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի համար: Այդպես սկսվեց Ֆաբերժեի` ոսկյա, ադամանդազարդ, անակնկալներով լի ձվերի շարքը, որը հետագայում համաշխարհային ճանաչում ունեցավ: 1918թ. «Ֆաբերժե» ընկերության կողմից այդ շարքից արդեն թվով 50 ձու էր ստեղծվել: Ֆաբերժեն նաեւ ստեղծում էր պորտսիգարներ, լամպեր, ժամացույցներ, օծանելիքների սրվակներ եւ այլ անհրաժեշտ իրեր: Եվ այդ իրերի գնորդները «հատուկ» եւ «ընտրյալ» մարդկանց շարքին էին դասվում: Կ. Ֆաբերժեն փորձում էր երբեք չկրկնվել, նույնիսկ, երբ նրան պատվիրում էին միեւնույն իրը: Նա լավագույն տիրապետում էր նյութերին եւ իր ստեղծագործություններում ներառում էր տարբեր երկրների մշակույթները: 2002թ. «Ֆաբերժեի» «Ձմեռային ձուն» Christie’s վաճառատանը վաճառվել է 9,6 մլն դոլարով: Գնորդը չէր ցանկացել ներկայանալ: Այս ձուն Նիկոլայ 2-րդ կայսրը ժամանակին պատվիրել եւ նվիրել է իր մորը: Ոսկյա ձուն պատված է 3000 ադամանդներով: 2004թ. ռուս գործարար-մեծահարուստ Վիկտոր Վեկսելբերգը Christie’s-ում գնում է «Ֆորբս» ընտանիքին պատկանող «Ֆաբերժեի» ձվերի` 9 ստեղծագործություններից կազմված հրաշալի հավաքածուն: Այդ թվում` Նիկոլայ 2-րդի համար պատրաստված թագակիր ձուն: Գործարքի իրական գինն այդ ժամանակ չհրապարակվեց, սակայն վաճառատունն այդ հավաքածուն պատրաստվում էր վաճառել 90 մլն դոլարից ոչ էժան գնով: Փորձագետների կարծիքով` Վեկսելբերգն այն գնել է առնվազն 100-150 մլն դոլարով: Այդ հրաշագործ իրերը վերադարձվեցին հայրենիք` Ռուսաստան: Ի դեպ, որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, թե ձվերից մեկը կեղծված էր:

2007թ. նոյեմբերի 27-ին Christie’s-ում վաճառքի դրվեց Կ. Ֆաբերժեի «Վարդագույն ձու» ստեղծագործությունը` Ռոտշիլդների ընտանիքին պատկանող հավաքածուից: Այն գնեց ռուս հայտնի կոլեկցիոներ Ալեքսեյ Իվանովը` Ռուսական ազգային մասնավոր թանգարանի գլխավոր տնօրենը: Եվ գնեց ռեկորդային գնով` 18,5 մլն դոլարով: Ձվի մեջ ժամացույց կա տեղադրված եւ անակնկալ` յուրաքանչյուր ժամը մեկ հայտնվում է աքլորը, որը թափահարում է թեւերը եւ ծուղրուղու է կանչում: Այն Կ. Ֆաբերժեն ստեղծել է 1902 թվականին: