«Դեկտեմբերի 6-ից մեկ մեքենայով ծառայություն մատուցող անհատ տաքսիստների համար պետական տուրքի չափը 8 անգամ նվազելու է` տարեկան 200.000-ի փոխարեն դառնալով 25.000 դրամ: Որեւէ մեկը չի կարող ասել, որ այս նախաձեռնությունը բացասական երեւույթ է»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` հավելելով, թե ընդունված մեկ այլ օրենսդրական փաթեթի արդյունքում էլ տաքսիստներն այսուհետ պարտավորված չեն լինելու սակաչափիչների հետ զուգահեռ՝ ունենալ նաեւ ՀԴՄ-ներ: Ըստ Գ. Սարգսյանի` սպիտակ համարանիշերով 645 տաքսի արդեն ստացել են դեղին համարանիշեր: Վերջին մեկ ամսում լիզենզավորվել է օրինական դաշտում չգործող տաքսի ծառայություններ իրականացնող 32 կազմակերպություն, որոնցում ընդգծված են 272 տրանսպորտային միջոց: Նմանատիպ ծառայություն իրականացնող 470 ընկերություններ եւս, նրա փոխանցմամբ, դիմել են լիցենզիա ստանալու համար, որոնք ընդհանուր առմամբ ունեն 5600 մեքենաներ:
Ի դեպ, դեղին պետհամարանիշով ավտոմեքենաները չեն կարող Հայաստանից անցնել Վրաստան, ինչի վերաբերյալ Գ. Սարգսյանը երեկ նշել է, թե այդ կապակցությամբ Հայ-վրացական միջպետական հանձնաժողովի աշխատանքների ժամանակ քննարկելու են այդ հարցը` փորձելով լուծել այն: